Երեկ Թբիլիսիից արտահանձնված «Արքունիսի ոսկերիչը»` Աշոտ Սուքիասյանը, Հայաստան մտնելուն պես Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` կալանավորվել է և այս պահին գտնվում է Երևանի «Կենտրոն» ՔԿՀ-ում:
Տեղեկացնենք, որ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը, եթե բացակայում են հափշտակության հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (լեգալացնելը) առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «օֆշորային» սկանդալային գործով Թբիլիսիում իրավապահ մարմինների կողմից ամիսներ առաջ ձերբակալված Աշոտ Սուքիասյանը երեկ տեղափոխվել է Հայաստան:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսից ՀՀ Քննչական գխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում նախորդ տարվա հունիսից Սուքիասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործարար Ա.Սուքիասյանին ձերբակալել էին սույն թվականի փետրվարի 1-ին` Թուրքիայից Վրաստան ժամանման ժամանակ, իսկ արտահանձնման մասին որոշումը Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել է հունիսի 3-ին:
Նշենք նաև, որ 2009 թվականին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։
Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջև, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ ամբողջ անշարժ գույքը և «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել էր Աշոտ Սուքիասյանին: Վերջինս այդ գումարը վերցնելով` փախել էր Հայաստանից: