ՔԱՐՈԶՉԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի այսպես ասած «կառուցողական  ընդդիմության» հետ հանդիպման ընթացքում  ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե լրջորեն մտածում է  ռուսական Սահմանադրության մեջ  այնպիսի փոփոխություն կատարելու մասին, որը  նույն անձին կարգելի երկու անգամից ավել Ռուսաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնել:  Ակնհայտ է, որ Մեդվեդեւի այս հայտարարությունը պարզապես քարոզչական պարզունակ  քայլ է` արված նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ: Հայտնի է, որ մարտի 4-ին կայանալիք ընտրություններում  հաղթելու առավել մեծ շանսեր ունեցող Վլադիմիր Պուտինն արդեն իսկ պաշտոնավարել է երկու  անգամ եւ  այս ընտրություններում հաղթելուց հետո նախագահի աթոռը կզբաղեցնի արդեն երրորդ անգամ, ինչը, հաշվի առնելով Ռուսաստանում ժողովրդավարության մակարդակն ու Պուտինի կերպարը, ավտոմատ կերպով կնշանակի եւս մեկ` չորրորդ պաշտոնավարություն:  Եւ Մեդվեդեւի այս ուշացած հայտարարությունն, ափսոսանքից բացի,  այլ զգացողություն չի կարող առաջացնել: Քանի որ առնվազն լուրջ չէ, երբ երկրի ղեկավարը, ով 4 տարի շարունակ բոլոր հնարավորություններն ուներ  կատարելու համապատասխան փոփոխությունը, այդ մասին սկսել է «լրջորեն մտածել» իր`   նախագահի աթոռը լքելուց հաշված օրեր առաջ:  Նմանատիպ զգացողություն է   առաջացնում մեծամասնական ընտրակարգից ամբողջովին հրաժարվելու` հայրենի  ընդդիմադիր կուսակցությունների եւ ԲՀԿ  համատեղ պահանջը:  Եթե Հայ ազգային կոնգրեսի դեպքում  հարյուր տոկոսանոց համամասնական  ընտրակարգի անցնելու  պահանջն ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ հնչեցնելն ինչ-որ տեղ կարող է  որպես քաղաքական մարտավարություն հասկանալի լինել, ապա «Ժառանգություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Բարգավաճ հայաստուն» կուսակցությունների դեպքում  այս փուլում նման պահանջն առնվազն  հավատընծա չէ: Քանի որ նշված երեք կուսակցություններն էլ ներկայացված են Ազգային  Ժողովում եւ հրաշալի հնարավորություն ունեին այս հարցը բարձրացնել ոչ թե  ընտրությունների նախաշեմին, այլեւ շատ ավելի վաղ: Դրա լավագույն հնարավորությունն անցած աշնանը «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունն էր, որի ընթացքում, սակայն, նշված կուսակցություններից ոչ մեկը հանդես չեկավ  համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական առաջարկությամբ: Ուստի,  ինչպես Մեդվեդեւի, այնպես էլ նշված  կուսակցությունների  դեպքում, դժվար է  անկեղծության  տարրեր գտնել: Բայց եթե Ռուսաստանի գրեթե նախկին նախագահն, ըստ ամենայնի,   այլեւս  հնարավորություն  չի ունենա  իրականացնելու իր մտադրությունը, ապա հայրենի քաղաքական կուսակցությունները  համամասնական ընտրակարգի անցնելու  իրենց ցանկությունն իրագործելու  նոր հնարավորություն հաստատ կունենան:  Մնում է ցանկությունը: Կապրենք` կտեսնենք:




Լրահոս