ՍՈՒԼԹԱՆԻ ՈՐԴԻ ՍՈՒԼԹԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կովալենկո Շահգալդյանը ցնծության մեջ է, Հրազդանում կարողացել է «հաղթանակ» տանել Սասուն Միքայելյանի նկատմամբ` գործի դնելով ընտրակեղծարարության ահռելի փորձն ու հմտությունը: Ու հիմա Կովալը մտածում է, որ առաջիկայում իրեն չեն տեղաշարժի, կթողնեն, որ շարունակի իր սուլթանական «կայֆերը»` վերջնականապես մարդկանց մոտ զզվանք ձեւավորելով երկրի ու պետության հանդեպ: Կոտայքի սուլթան է իրեն համարում բազմաթիվ աղմկալի պատմությունների մեջ հայտնված Կովալը, ով մի ժամանակ, եթե չենք սխալվում, խոսում էր իր ազնվության եւ մաքուր ձեռքերի մասին: Իր սուլթանությունն առավել ամրապինդ ու զորեղ դարձնելու համար էլ Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ է կարգել իր որդի Հակոբին` այսպես ստեղծելով սուլթանամարզպետական մենատիրություն:
Այս մենատիրության բաղկացուցիչը համարվող Չարենցավան քաղաքը երկրի նախագահի կողմից ճանաչվել է «Լավագույն սպորտային համայնք»: Որոշ պաշտոնյաներ նշում են, թե Հակոբ Շահգալդյանը լավագույն համայնքապետերի շարքում է: Սակայն  բնակիչները բոլորովին այլ կարծիք ունեն: Անգամ նշում են, թե Չարենցավանում վատ քաղաքապետեր ունենալու ավանդույթ է սահմանվել` հիշատակելով առաջին հերթին մուլտի-օլիգարխ Վարդան Այվազյանին: Բայց ներկայիս քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն էլ չի տարբերվում Վարդան Այվազյանից, եւ ասում են, որ նրա ունեցվածքն էլ շուտով իր ծավալներով կմոտենա Այվազյանի ունեցվածքին:
Հակոբ Շահգալդյանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը ռեստորանի կառուցումն էր: Ռեստորան, որն այսօր ամբողջապես «ապրում» է քաղաքի ու նրա բյուջեի հաշվին` օգուտները հոսեցնելով քաղաքապետի գրպանը: Ժամանակ առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներից տրամադրված տասը միլիոն դրամով ասֆալտապատվել է գերեզմանոց տանող ճանապարհը, մինչդեռ Հակոբ Շահգալդյանն այդ աշխատանքները վերագրել է իր ղեկավարած քաղաքապետարանին: Քաղաքապետը շտապեց հայտարարել, թե խոսքը վերաբերում է այլ ճանապարհի եւ այլ գումարների: Իսկ թե այդ որ ճանապարհն էր, նա այդպես էլ չասաց: Չարենցավանում համոզված են, որ քաղաքապետարանի ֆինանսական միջոցներով ասֆալտապատվել է քաղաքապետին պատկանող ռեստորանի բակը: Եւ ոչ միայն բակը: Չարենցավանի վարչական տարածքից դուրս Հակոբ Շահգալդյանը գազալցակայան է կառուցել, այնտեղ տանող ճանապարհն իսկապես ասֆալտապատ ու բարեկարգ է: Դարձյալ չարենցավանցիների պնդմամբ` հենց այդ ճանապարհն է ասֆալտապատվել քաղաքապետարանի միջոցներով, իսկ կատարվածը թաքցնելու համար էլ սկզբում հայտարարել են, թե գերեզմանատուն տանող ճանապարհն են բարեկարգել, սակայն վախենալով, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը կպահանջի ասել ճշմարտությունը, ամեն ինչ լղոզել ու պարտակել են: Քաղաքապետարանի ֆինանսական փաստաթղթերում բարեխիղճ կերպով հիշատակվում են քաղաքի լուսավորության համար ներդրված ծախսերը, սպառված էլեկտրաէներգիայի դիմաց արված վճարումները: Սակայն Չարենցավանը երեկոյան ու գիշերային ժամերին թաղված է մթության մեջ, բացի կենտրոնական մեկ-երկու փողոցից` քաղաքի մնացած մասը խավարում է, մինչդեռ էլեկտրաէներգիայի համար կատարած վճարումներով հնարավոր կլիներ 24-ժամյա լուսավորություն ապահովել ողջ քաղաքում: Քաղաքն օրնիբուն «լուսավորող» քաղաքապետն անգամ իր ռեստորանից ընդամենը 400 մետր հեռավորության վրա գտնվող եկեղեցու ճանապարհը չի լուսավորում, ուր մնաց, թե ողջ քաղաքը:
Հակոբ Շահգալդյանի` քաղաքային բյուջեն սեփական գրպանի համար օգտագործելու «լավագույն» օրինակներից մեկն էլ ծառահատումներն են: Ամեն տարի իբրեւ թե էտման նպատակով ծառահատումներ են իրականացվում, ահռելի գումարներ են ծախսվում, իսկ «էտված փայտանյութն» էլ անհետանում է` չարենցավանցիների պնդմամբ` փայտով ապահովելով Շահգալդյանին պատկանող ռեստորանի խորովածանոցը:  
Վերջերս չարենցավանցիները զարմանքից քար կտրեցին, երբ քաղաքապետն իրեն պատկանող հեռուստաընկերության եթերից հայտարարեց, թե երեխաների հանգիստը կազմակերպելու համար մի քանի խաղահրապարակներ է կառուցել եւ հիշատակեց ծախսված միջոցները: Իսկ իրականում այդ խաղահրապարակները Չարենցավանում կառուցել է «ՎիվասելՄՏՍ» ընկերությունը` անգամ չհրապարակելով ծախսված միջոցների չափը: Ուրիշների արածն իրեն վերագրելու շահգալդյանական «հնարքը» դրսեւորվել է նաեւ ջրամատակարարման հարցում: Քաղաքապետի հաշվետվություններում ներկայացվում են ամպագոռգոռ հայտարարություններ քաղաքը 24-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու մասին: Մինչդեռ այստեղ էլ Հակոբ Շահգալդյանը որեւէ մասնակցություն չի ունեցել, որովհետեւ ամեն ինչ արվել է Ջրային պետական կոմիտեի նախաձեռնությամբ եւ պետբյուջեի ներդրումներով:
Իսկ ահա Հակոբ Շահգալդյանի գործունեության «առհավատչյան» կարող են հանդիսանալ տանիքների հետ կապված պատմությունները, երբ հայր ու որդի Շահգալդյանները բառացիորեն թոզ փչեցին չարենցավանցիների աչքերին եւ գրպանեցին ահռելի ֆինանսական միջոցներ` խաբելով պետությանն ու թալանելով բնակչությանը: Չարենցավանում խոսվում է այն մասին, որ կենտրոնական փողոցի երկայնքով մեկ վարձակալության տրված բազմաթիվ հողերի եւ կառուցապատման թույլտվությունների համար քաղաքապետը ճարտարապետ Բ.Բալբայանի միջոցով վարձակալողներից ստացել է մոտ 800 հազար ԱՄՆ դոլարի կաշառք: Իհարկե, կաշառք վերցնելու պահը ոչ ոք չի արձանագրել, չկան տեսագրություններ եւ ձայնագրություններ, սակայն ժողովուրդը խոսում է այս մասին…
Այսօր Չարենցավանում սուլթանական ընտանիքի երրորդ սերունդն է մեծանում: Վերջերս քաղաքապետի անչափահաս որդին, ալկոհոլ օգտագործած վիճակում վարելով քաղաքապետարանին պատկանող 12,7 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենան, վթարի էր ենթարկվել: Սակայն նրան ամեն ինչ թույլատրվում է, որովհետեւ սուլթանի թոռ սուլթանն է:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս