ՄՏՔՈՎ ՈՒ ԳԱՂԱՓԱՐՈՎ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս բնապահպանական եւ հասարակական մի շարք կազմակերպություններ բողոքի ալիք բարձրացրին Մաշտոցի այգում քաղաքապետարանի կողմից իրականացվող կառուցապատման դեմ: Այս խնդրով մտահոգված են ոչ միայն բնապահպանները, այլեւ շատ արվեստագետներ, որոնք էլ այս ցրտին դուրս եկան իրենց տաք տներից ու միացան այգու փրկության գաղափարի շուրջ համախմբված մարդկանց:
Դերասան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆԸ խորհուրդ էր տալիս չոչնչացնել բնությունը, քանի որ դա ոճրագործություն է: «Կոչ եմ անում այն մարդկանց, որոնք չեն իջնում հեռուստաէկրաններից ու գովերգում են Երեւանս, եթե դեմ են այս շինարարությանը, թող գան: Հայտնի մարդիկ շատ կարեւոր ֆակտոր են, եղե՛ք ակտիվ, սա հո քաղաքական հարց չի՞, որ վախենում եք: Ամոթ է»,-իր խոսքում նշել է դերասանը:
Մեկ այլ հումորիստ` ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ, ով նաեւ Կենտրոն համայնքի բնակիչ է, զարմացած էր, որ հավաքվածներն այսքան քիչ են, ու խնդիրը, փաստորեն,  շատերին չի հուզում: Նրա խոսքերով` գոնե Կենտրոն համայնքի բնակիչները պետք է գիտակցեն, որ դա շատ կարեւոր է երեխաների համար: «Ես էլ իմ երեխաների հետ գալիս եմ այստեղ մաքուր օդ շնչելու: Բարեկարգված է, թե ոչ, դա հարցի մյուս մասն է: Կարելի է յուրաքանչյուր տարի չկառուցել ու հետո բոլորովին ուրիշ բան կառուցել տեղը: Լսել եմ, 2 տարով են լինելու այդ խանութները, բայց ո՞ւր գնանք այդ 2 տարին մեր երեխաների հետ, Ծաղկաձո՞ր: 10-20 կամ 150 հոգով հարց չենք լուծի: Եթե բոլորը կանգնեն, հնարավոր է` մի բան փոխել: Եկե՛ք, կանգնե՛ք ստեղ, ոչ թե «Ֆեյսբուք»-ում լայք տանք` դիվանին պառկած: Ինձ պետք ա այս այգին, դրա համար ես եկել եմ: Իմ երեխաների հետ գալիս եմ ստեղ, ման ենք գալիս, էն ջարդված ճոճանակների վրա խաղում ենք, բայց ավելի լավ ա ջարդված, քան ընդհանրապես առանց ճոճանակ»:  
«Ժողովուրդ» օրաթերթը Մաշտոցի այգում չնկատեց շատ արվեստագետների, որոնք պետք է այդ պահին լինեին այնտեղ: Նրանցից մեկը ՆՈՒՆԵ ԵՍԱՅԱՆՆ էր` Կենտրոն համայնքի բնակիչ, ով այսպես ասաց. «Պարտադիր չէ՝ գնամ էնտեղ, որ իմ կարծիքն ասեմ: Ինքս ապրում եմ Չարենցի փողոցում, ու մեր շենքի տարածքում ամբողջը շինություններ են, շենքում էլ բոլորը նորապսակներ ու երիտասարդ ընտանիքներ են, որոնք երեխաներ ունեն: Մեր երեխաներն էլ չունեին խաղալու տեղ: Մենք դիմեցինք քաղաքապետարան` խնդրանքով, ու նրանք լուծեցին այդ հարցը` համալսարանին պատկանող շինության կողքին փոքրիկ խաղահրապարակ կառուցեցին: Կոչ եմ անում երեխաների խաղահրապարակի հաշվին այդ տեսակ բաներ չկառուցել: Թողե՛ք, թող երեխաները խաղալու տեղ ունենան: Առանց այդ էլ մեր քաղաքի կանաչը վերացել է, ամբողջ ծառերը կտրվել են, փոշու մեջ ենք»: Իսկ «բողոքողների» խմբին չմիանալու հետ կապված` երգչուհին բացատրեց, որ առողջական պատճառներով չի գնա, բայց մտքով ու գաղափարով իրենց հետ կլինի:
Երգիչ ՖՈՐՇԸ նույնպես այն արվեստագետների շարքում չէր, որոնք ներկա էին Մաշտոցի այգում, բայց նա տեղյակ էր, թե ինչ է կատարվում այնտեղ, քանի որ իրեն հենց դեպքի վայրից զանգահարել էին ու կոչ արել միանալ իրենց: «Բայց ես հլը որ չեմ երեւացել, որովհետեւ շատ զբաղված եմ, առավոտից իրիկուն ստուդիայում եմ: Իրանց գաղափարը ողջունում եմ, միանշանակ: Ես ոչ միայն դեմ եմ, որ այգին քանդվի, այլեւ այդ միտքն ինձ համար արդեն ծիծաղելի է, որովհետեւ պարզ է, որ դա պետք է լինի կանաչ եւ այգի: Ես սովորել եմ Չայկովսկու դպրոցում, եւ այդ այգին ինձ համար եղել է մանկության ու պատանեկության այգի, ու քանդել այն… Բայց ինչի՞ քանդել, հանուն առեւտրի՞, մեկ ա առեւտուր չի լինի, թող էրեխեքի այգուն ձեռք չտան»: Նրա խոսքերով` ինքն իսկապես շատ է ուզում, որ այգին մնա, սակայն «կանգնելով ու գոռալով հարց չենք լուծի»: «Ես քաղաքապետին անձամբ չեմ ճանաչում, բայց եթե դիմելու խնդիր կա, հետեւյալը կասեմ: Նե՛նց արեք, որ այնտեղ կանգնած ու գոռգռացող երիտասարդները, որոնք, ի դեպ, շատ ճիշտ են անում, գործով ապահով լինեն, նե՛նց պայմաններ ստեղծեք, որ այդ մարդիկ գոհ լինեն: Ինչի՞ են այդ սրիկա ամերիկացիներն անընդհատ իրանց դրոշը պաչում ու գերեզման մտնելուց իրենց դրոշն էլ հետն են դնում: Ա՛յ թող տենց վերաբերմունք լինի: Ես սիրում եմ իմ քաղաքը, մենակ քաղաքը չէ, Հայաստանը, ուղղակի ինչ-որ բան սխալ է: Երիտասարդների կողքին եմ, ողջունում եմ այդ ամենը»,-հավելեց երաժիշտը:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս