Հայաստանից հեռացած եւ հետ վերադարձած Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան երեկ հանդիպեց լրագրողների հետ եւ, օգտվելով առիթից, «Ժողովուրդ»-ը նոր վերադարձած դեսպանից հետաքրքրվեց, թե, հաշվի առնելով Ուկրաինայում կատարվող վերջին իրադարձությունները, հայ գործարարների առեղծվածային սպանությունները, արդյո՞ք հայ գործարարները եւ, առհասարակ, հայերի հետագա գործունեությունը Ուկրաինայում վտանգված չեն: Մասնավորապես հարցը վերաբերում էր փետրվարի 27-ին Ղրիմում սպանված գործարար Ստեփան Ճորոխյանի, ապրիլի14-ին Դոնեցկում սպանված Ռուբեն Ավանեսյանի եւ մայիսի 25-ին կրկին Դոնեցկում սպանված գործարար Ռոբերտ Մելոյանի գործերի ճակատագրին:
-Տեղյակ չեմ, եւ հետո, ես դեսպան եմ աշխատում, եւ այս հարցը երեւի պետք է տալ համապատասխան իրավասու մարմիններին:
-Իսկ, ընդհանրապես, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որքանո՞վ են մեր գործարարների կամ հայերի հետագա գործունեությունը Ուկրաինայում ապահովված:
-Բոլոր գործարարները, անկախ ազգությունից, Ուկրաինայում գտնվում են անվտանգության պայմաններում: Այս հարցն ինձ համար անհասկանալի է, ու կրկնում եմ՝ բոլոր գործարարներն անվտանգ աշխատում են:
-Հաշվի առնելով սպանության այս դեպքերը` մենք բազմիս խոսել ենք Ուկրաինայի հայ համայնքի ղեկավարների հետ եւ իրենք իրենց մտահոգությունն են արտահայտել խնդրի հետ կապված: Ավելին՝ հայ համայնքի ղեկավարները մշտապես հայտարարել են, որ իրենք չեն խառնվում որեւէ ուժի գործողություններին եւ չեզոքություն են պահպանում: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Ինչպե՞ս կարող են նրանք չխառնվել` չքվեարկել: Ինձ համար անհասկանալի է, ո՞նց կարող են մասնակցություն չունենալ այդ պետության կյանքին: Միգուցե նրանք չվերադառնան իրենց հայրենիք, իրենց թոռներն ու ծոռներն ապրեն Ուկրաինայում: Ավելին ասեմ՝ նրանք շահագրգռված են, որպեսզի ունենան կառավարություն, նախագահ: Ի վերջո, նրանք այդ երկրի քաղաքացի են եւ պետք է ակտիվ մասնակցություն ունենան այդ երկրի քաղաքական կյանքին եւ ապրեն Ուկրաինայի օրենքներով:
-Բայց այդ ակտիվ մասնակցության հետեւանքով, ինչպես տեսնում ենք, նրանք կյանքի գնով են պատասխան տալիս:
-Չէ, նման բան չի եղել: Գուցե ինչ-որ կենցաղային հողի վրա վեճեր են եղել եւ նման դեպքեր են արձանագրվել, չգիտեմ: Օրինակ՝ Մայդանում, որ երկու հայ զոհվեցին, այդ դեպքի մասին գիտեմ, բայց գործարարների մասին` ոչ:
Հ. Գ. Նշենք, որ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան հեռացել էր Հայաստանից այն բանից հետո, երբ Ղրիմի հանրաքվեի արդյունքները անօրինական ճանաչելու վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում քվեարկության դրված բանաձեւին Հայաստանը դեմ էր քվեարկել: Իսկ երբ Սերժ Սարգսյանը պաշտոնապես շնորհավորեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին, դեսպանին, կարելի է ասել, թույլ տվեցին վերադառնալ Հայաստան: «Ուկրաինան գնահատեց ՀՀ նախագահի այս քայլը որպես ընկերական մոտեցում եւ որ դրանով Հայաստանը ճանաչում է Ուկրաինայի նախագահական ընտրությունները եւ դրա արդյունքները: Այդ պատճառով որոշում կայացվեց, որ դեսպանը հետ վերադառնա եւ կատարի իր պարտականությունները»,-ասաց Իվան Կուխտան:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ