Այս տարվա հունիսի 8-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրություններն էին: Առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մեժլում Իսրայելյանը եւ անկուսակցական Անդրանիկ Հախումյանը: Քվեարկության արդյունքներից հետո երկու թեկնածուները, հավաքելով հավասար քվեներ, յուրաքանչյուրը՝ 61 ձայն, հայտնվել են զավեշտալի վիճակում: Ըստ Մուկուչյանի՝ համայնքի ղեկավարը որոշվելու է վիճակահանությամբ:
Կութի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցել է ընդամենը 123 մարդ: Քվեաթերթիկներից մեկն անվավեր է եղել, եւ թեկնածուներից յուրաքանչյուրը հավաքել է 61 ձայն: Անդրանիկ Հախումյանի վստահված անձ Սեւակ Ղազարյանը դիմում-բողոք է ներկայացրել թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողով եւ պահանջել անվավեր ճանաչել քվեարկության արդյունքներն ու հաղթող ճանաչել իր վստահորդին: «Մենք չենք ուզում, որ գյուղի բախտը թողնենք վիճակահանության տարբերակին: Պահանջում ենք՝ ընտրությունը համարել անվավեր»,- ասաց Սեւակ Ղազարյանը՝ հավելելով, որ ընտրական հանձնաժողովի կողմից տեղի են ունեցել մի շարք կոպիտ խախտումներ, որոնք չեն արձանագրվել համապատասխան գրանցամատյանում: «Կութ գյուղի հանձնաժողովի նախագահ Սիմա Չիտչյանը, ով նաեւ գյուղապետի կինն է, իր մոտ ունենալով քրոջ անձնագիրը, առանց նրա ներկայության՝ քվեարկել է: Սրանով նա խախտել է Ընտրական օրենսգրքի կանոնները: Հանձնաժողովի մյուս անդամներն էլ գյուղապետարանի հաշվապահն է, իրենց մյուս ազգակցականները»,- ներկայացրեց վստահված անձը:
Ոչ նախանձելի վիճակում հայտնված թեկնածուների խնդրով «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով ասաց. «ՀՀ ընտրական օրենսգրքի 143 հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության մեջ ասվում է հետեւյալը՝ եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու եւ ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջեւ անցկացվում է վիճակահանություն»: Իսկ Հախումյանի վստահված անձի կողմից ներկայացված դիմում-բողոքի մասով Մուկուչյանը փոխանցեց, որ նրա դիմումին ընթացք է տրվել եւ երեկ այս դիմումի հիման վրա վարչական լսումներ են տեղի ունեցել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ