ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽԱՆԳԱՐՈ՞ՒՄ Է ԼՈԼԻԿԻ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոլիկի ցեցի դեմ պայքարը մի կողմ թողած, հիմա էլ՝ գյուղացիները պայքարում են տարերային աղետների դեմ, որպեսզի «փրկեն լոլիկները»: Երեկ հանրապետությունում տեղի ունեցած ուժգին քամին մեծ վնասներ է հասցրել Արմավիրի եւ Արարատի մարզերի գրեթե բոլոր համայնքների ջերմոցային տնտեսություններին: Քամու պատճառով կոտրվել են ջերմոցների երկաթները, վնասվել՝ մշակաբույսերը:

Երբ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մայիսի 21-ին ԱԺ-ում խոսեց ՀՀ վարչապետի իրական հաջողությունների մասին՝ հարցադրումով, թե «Հովիկ Աբրահամյանին հարցնում են՝ ո՞նց ես այդ միլիոնները ձեռք բերել, ասում է՝ հող եմ մշակել: Նա ե՛ւ հող է մշակել, ե՛ւ պետական բարձրաստիճան պաշտոնյա է եղել: Պետություն կառավարելը ձեզ մոտ չի ստացվում, պոմիդոր աճեցնելն է լավ ստացվում, գնացեք պոմիդոր աճեցրեք», թվում էր, թե ոլորտում ձեռքբերումներն առավել ակնառու պետք է դառնան: Եվ տասնյակ հազարավոր գյուղացիների՝ տոկոսների տակ ընկնելու մասին հայտարարությունը պետք է ազդակ լիներ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար: Սակայն նախարարությունը շարունակում է գյուղացիներին օժանդակելու իրական քայլերի փոխարեն դատարկ PR անել: Կոնկրետ լոլիկի աճեցման գործընթացը դարձել է խիստ ռիսկային եւ ոչ եկամտաբեր, որին նպաստեց նաեւ եղանակը:
Նախօրեին եղած ուժգին քամու պատճառով Էջմիածնի տարածաշրջանի համայնքների պոլիէթիլենային ջերմատների երկաթները կոտրվել են, իսկ մշակաբույսերը՝ լոլիկը, սմբուկը, վարունգը համարյա արմատախիլ են եղել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ ուժգին ցրտահարության պատճառով մեծ թվով գյուղացիներ տուժեցին: Սակայն Գյուղատնտեսության նախարարությունը բավարարվեց միայն գյուղացիներին սերմացուներ եւ ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրելով: Այս անգամ տարերային աղետից տուժած գյուղացիներին ինչո՞վ է օգնելու մարզպետարանը: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանի հետ, ով էլ ասաց. «Դրա համար փոխհատուցում չի նախատեսվում: Մենք նաեւ զգուշացրել ենք, որ վաղն էլ է (այսօր-Ս.Հ.) փոթորիկ, ուժեղ քամի սպասվում: Այս քամուց վնասվել են մարզի գրեթե բոլոր համայնքների պոլիէթիլենային ջերմատները»:
Անելանելի դրության մեջ հայտնված գյուղացիները տարբեր բանկերում եւ վարկային կազմակերպություններում ունեն վարկային մեծ պարտավորություններ եւ կորցնելով եկամտի միակ աղբյուրը, չգիտեն, թե ինչպես են դրանք մարելու: Այս խնդրի առնչությամբ Այվազյանն ասաց. «Հարցի միակ լուծումն ապահովագրությունն է, որը մեզ մոտ չի կատարվում: Մենք հասկանում ենք՝ վնասը կա, բայց գումար չկա, որ փոխհատուցենք»,-ասաց Այվազյանը:
Իսկ ահա գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ մասնագետներն ուսումնասիրում են վնասների չափերը: «Վերջերս հանրապետության նախագահը Կենտրոնական բանկի նախագահին հանձնարարական տվեց՝ առեւտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ համապատասխան աշխատանք տանելու մասով, որպեսզի որոշակի մատչելի վարկային պայմաններ ստեղծվեն գյուղացիական տնտեսությունների համար: Այս առումով նախարարությունը դեռեւս ոչ մի դժգոհություն չի ստացել»:
Բացի տարերային աղետները, գյուղացիներին մեծ վնաս է հասցնում նաեւ լոլիկի ցեցը: Նշենք, որ վերջին տարիներին ԳՆ-ն ակտիվորեն պայքարում է լոլիկի ցեցի դեմ: Սակայն միայն այս տարի է ֆերոմոնային թակարդներ տրամադրել համայնքներին՝ դաշտերում տեղադրելու նպատակով: Իսկ մինչ այդ, նախարարությունը լոլիկի ցեցի դեմ պայքարում էր միայն այդ կենդանիների մասին տեղեկատվություն պարունակող բուկլետներ բաժանելով:
Իսկ ի՞նչ կփոխի Արարատի եւ Արմավիրի մարզերի դաշտերում ֆերոմոնային թակարդների տեղադրումն ու մոնիթորինգի իրականացումը: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն ասաց. «Այս թակարդների շնորհիվ մեր մասնագետների միջոցով կկարողանանք դիտարկումներ իրականացնել՝ պարզելու այդ վնասատուի դեմ պայքարելու ճիշտ ժամկետները»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե դիտարկումների արդյունքում Արարատի մարզի Մասիսի շրջանի գրեթե բոլոր համայնքներում, Էջմիածին քաղաքում եւ հարակից համայնքներում տեղադրված թակարդներում ի՞նչ կենդանիներ են հայտնաբերվել: Պարզվեց՝ հայտնաբերվել է լոլիկի ցեցը: Այ հենց սրա համար էլ նախարարությունը հորդորում է նշված համայնքների գյուղացիական տնտեսություններին անհապաղ սկսել լոլիկի, տաքդեղի, սմբուկի, կարտոֆիլի ցանքսերում ցեցի դեմ քիմիական պայքարի միջոցառումները:
Մասնավորապես խորհուրդ է տրվում պայքարը կազմակերպել հերթականության եղանակով՝ օգտագործելով հետեւյալ միջատասպան միջոցներից (ինսեկտիցիդներ) որեւէ մեկը` Ամպլիգո, Բելտ 48% ԽԿ, Ալֆա ցիպի 10% ԽԷ, Դեցիս Ֆ լյուքս 25% ԽԷ, Սումի ալֆա 5% ԽԷ, Մատչ 5% ԽԷ, Կալիպսո 48% ԽԿ, Սպինտոր 24% ԽԿ, Դանադիմ 40% ԽԷ եւ այլն:
Վերջում մեզ մնում է ավելացնել, որ պետական մակարդակով ցուցաբերված անուշադրությունը կամ գործադրված կիսաքայլերը՝ լոլիկին հասցված վնասների դեմ իրական պայքարի մասով ընդամենը հետապնդում են մեկ նպատակ. վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում, որ իրենից բացի մեր երկրում լոլիկ արտադրեն: Նա էլ գյուղատնտեսական դաշտի մենաշնորհատերերից է: Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ փոխնախարար Պետրոսյանն ասաց. «Նման մեկնաբանությունները ես չեմ ընդունում»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս