«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլեւը նախօրեին ԱԺ-ում հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստի ժամանակ ներկաներին հանդիմանել էր ռուսական մշակույթին ոչ բավարար ուշադրություն դարձնելու համար` նշելով, թե Երեւանում տաքսի է նստել եւ երիտասարդ վարորդը ռուսերեն չի կարողացել խոսել: Կիսիլեւը քամահրական տոնով մի շարք արտահայտություններ էր արել Լեռնային Ղարաբաղի եւ հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանի վարքագծի մասին եւ կշտամբել ՀՀ իշխանություններին` ռուսաց լեզուն եւ մշակույթն անհրաժեշտ չափով չտարածելու համար: Ռուս լրագրողի նման պահվածքը ԱԺ ընդդիմադիր պատգամավորների վրդովմունքն էր հարուցել, ինչն էլ երեկ թեժ բանավեճի պատճառ դարձավ:
Նախ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մեր ազգային արժանապատվությունն ու ինքնությունը վիրավորող հայտարարություններ անելու համար հարկավոր է Դ. Կիսիլեւին Հայաստանում անցանկալի անձ` «պերսոնա նոն գրատա» հայտարարել: Փաշինյանի այս առաջարկությունը դուր չեկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանին, ով հակադարձեց Փաշինյանին` հավաստիացնելով, որ ինքը ներկա է գտնվել այդ քննարկմանն ու դրա ընթացքում որեւէ վիրավորական բառ չի հնչել. «Պարոն Նիկոլ, ի՞նչ էր ազգանունը, Փաշինյան, ես ներկա եմ եղել, չի եղել նման բան. քննանրկումն անցել է հարգալից մթնոլորտում»:
Հ. Բաբուխանյանի այս հայտարարությունից հետո միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` ասելով, թե այլեւս որեւէ մեկին այդ թեմայի հետ կապված ձայն չի տալու: Սակայն ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ով եւս ներկա էր եղել Կիսիլեւի հետ աղմկահարույց այդ հանդիպմանը` օգտվելով արտահերթ ելույթի իր իրավունքից, փորձեց փարատել ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունները. «Ինչպես եւ դուք, այնպես էլ մենք, մեզանից յուրաքանչյուրը որեւէ վիրավորական խոսք մեր նահատակների կամ մեր այլ սրբությունների նկատմամբ թույլ չէինք տա, բայց բանավեճի ընթացքում եղել են արգումենտներ, եւ մենք նույնպես մեր կողմից` մեր պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարինե Աճեմյանը եւ լրագրողներն ու հասարակական սեկտորից ներկայացուցիչները, պարոն Փաշինյան, կարող եմ ասել, իրենք բոլորը բարձունքի վրա են եղել: Կարծում եմ՝ բանավեճ կա, բոլորն իրենց կարծիքներն են արտահայտել, բայց կարեւորն այն է, որ մենք կարողանանք մեր կարծիքը պաշտպանել»:
Նաղդալյանի այս արդարացմանը հաջորդեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հիշեցումը, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, եւ ինքը պահանջում է, որ ԱԺ-ում տեղի ունեցող ցանկացած քննարկում, խորհրդակցություն եւ բանավեճ անցկացվի պետական լեզվի կարգավիճակի պահպանմամբ:
Իսկ ահա ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նախ հակադարձելով Հերմինե Նաղդալյանին՝ նշեց, թե բազմակարծությունն ապահովելու համար անհրաժեշտ է նման հավաքներին հրավիրել տարբերվող կարծիք ունեցող պատգամավորների, ապա անցավ Հայկ Բաբուխանյանի հայտարարությունների գնահատմանը. «Պարոն Բաբուխանյանն ուղղակի ստում է, որովհետեւ այդ հանդիպումն ամբողջապես դրված է համացանցում, որտեղ հստակ երեւում է, որ հայոց ժողովրդի հասցեին վիրավորական եւ հայոց պետականությանը սպառնացող մի շարք ցինիկ արտահայտություններ են արվել: Հիշեցման կարգով՝ ցինիկ կամ կինիկ բառի արմատը շուն բառն է: Հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաչում էին հասարակության վրա՝ վիրավորելով վերջինիս: Պահանջում ենք հետայսու զերծ պահել խորհրդարանը նման հաչոցներից»:
Այս ամենից հետո սկսվեց Հ. Բաբուխանյան-Ա. Արզումանյան թեժ լեզվակռիվ, որի ընթացքում Հայկ Բաբուխանյանը Արզումանյանին վերահասցեագրեց նրա ասածները. «Ստախոսն էլ ես դու, ցինիկն էլ»:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ