ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԵՆԹԱԿԱՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ի խմբագրությունը ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստանում` կապված էլեկտրաէներգիայի որակի, ենթակայանների վատ աշխատանքի եւ մասսայական անջատումների հետ: Մասնագետների պնդմամբ` սրա միակ մեղավորը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անարդյունավետ աշխատանքն է: Եվ տարակուսելի է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոխանակ հետամուտ լինի այս դժգոհություններին, մտահոգվում է ՀԷՑ-ի ֆինանսական խնդիրներով` դարձյալ թանկացնելով մատակարարվող անորակ էլէներգիան:

Սիրիայից հայրենիք վերադարձած 40-ամյա Արլեն Պետրոսյանցն իր կնոջ հետ միասին արդեն մի քանի տարի է, ինչ ապրում են Կոտայքի մարզի Քասախ համայնքում: «Մենք բոլորս էլ համապատասխան վճարումները կատարում ենք 220 վոլտ հզորության համար, բայց արի ու տես, որ ստանում ենք դրա կիսով չափ` 110 վոլտ հզորություն: Հոսանքը թույլ է, չհաշված տատանումներն ու անջատումները: Մեր տան բոլոր լամպերը նախատեսված են 220 վոլտ հզորության էլէներգիայի համար: Ու այս ամենի համար ես յուրաքանչյուր ամիս վճարում եմ 11-12 հազար դրամ: Ինչո՞ւ»,-վրդովված հարցնում է Արլենը:
«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին երեք տարուց ավելի է, ինչ բարձրաձայնում է այս խնդրի մասին: Սակայն արձագանք չկա. «Լինում են օրեր, երբ երեկոներն անցկացնում ենք մոմի լույսի տակ: Երեք-չորս տարի է, ինչ բարձրաձայնում եմ, ասում եմ՝ եկեք հասեք: Քար լռություն կամ էլ ասում են, թե ենթակայանը պետք է փոխվի: Իսկ թե երբ, ոչ ոք չգիտի»:
Մեր զրուցակցի վստահեցմամբ` հոսանքի հաճախակի անջատումների, տատանումների պատճառով տան կենցաղային տեխնիկան շարքից դուրս է եկել:
«Փչացավ լվացքի մեքենան, իսկ համակարգիչն էլ հաճախակի առանց պատճառի անջատվում է: Հիմա ես չգիտեմ համակարգիչը էլէներգիայի տատանումների պատճառով է փչացել, թե ոչ: Բայց լվացքի մեքենան հաստատ: Ով է փոխհատուցելու: Չգիտեմ, թե այս հարցով ում դիմեմ: Վաղն էլ հեռուստացույցը, սառնարանը կփչանան: Բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում: Ենթակայանը պետք է բերեն փոխեն, որից հետո այս հարցն արագ կլուծվի»,-նշեց Արլենը:
Քաղաքացու բարձրացրած խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի հետ, ով ասաց. «Նշված թաղամասը մեր հեռանկարային զարգացման ծրագրի մեջ կար: Այն ներկայացված է նաեւ ՀԷՑ-ի ծրագրում: Արաբկիրի փողոցը, որտեղ ապրում է Արլեն Պետրոսյանցը, արդեն իսկ հաստատված է: Մի փոքր պետք է համբերել, որպեսզի համապատասխան մարդիկ գան ու այդ ենթակայանը դուրս բերեն, փոխեն: Դրա տեղակայման եւ ընդհանուր թաղամասի լարումը ստանդարտի բերելու գործընթացն ընթացքի մեջ է»:
Նշենք, որ նման խնդիր առկա է նաեւ ՀՀ այլ համայնքներում: Հին ու անտերության մատնված ենթակայանները շատ են հանդիպում հատկապես գյուղերում: «Ժողովուրդ»-ին դիմած մեկ այլ քաղաքացի, ում անունն իր խնդրանքով չենք հրապարակում, փոխանցեց հետեւյալը. «Այս տարի անձամբ իմ կողմից երկու նամակ եմ ուղարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ: Պահանջել եմ ենթակայանը փոխել: Բերեցին ենթակայանը փոխեցին, բայց միեւնույն է՝ ոչինչ չփոխվեց. նույն թույլ հզորությունն է եւ ցածրավոլտ էլէներգիան, սրան զուգահեռ հաճախակի են տատանումներն ու անջատումները: Ու չգիտես ինչու, յուրաքանչյուր ամիս մեր հաշվարկից ավելի գումարներ ենք վճարում: Այս հարցին պատասխանող չկա»:
Ի դեպ, վերջին մի քանի ամիսներին ՀՀ քաղաքացիների կողմից ահազանգեր եղան նաեւ այն մասին, որ ՀԷՑ-ի էլեկտրիկները հավելագրումներ են կատարում: Այս խնդրին անդրադարձավ նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը: Տեսակետ կա, որ այդ հավելագրումներն անում են հենց տարածքային ծառայությունները, ինչի նպատակը ընկերությունը պարտքերից որոշ չափով ազատելն է: Հավելագրումների մասին ահազանգերին հաջորդեց ՀԷՑ-ը կանխամտածված սնանկացնելու մասին լուրը: Արդյունքում՝ օրերս ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն տարածեց, ըստ որի` էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Թե ինչու պետք է շարքային սպառողների գրպանի հաշվին բարելավվի ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը` պարզ չէ: Ինչպես եւ պարզ չէ` արդյոք հերթական թանկացումից հետո կփոխվի ընկերության գործելաոճը կամ կբարելավվի ծառայությունների որակը: Ամեն դեպքում` դատելով նախորդ տարիների փորձից, դրական ակնկալիքների հույսերը քիչ են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս