ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում ի՞նչ է կիրառվում: Ի՞նչ է ներգրավված այդ ծրագրի մեջ:

Արմենուհի Մնացականյան (38 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վերականգնողական անհատական ծրագրում uահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեuակները եւ ժամկետները, uոցիալական oգնության տեuակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպեu նաեւ գործունեության uահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների եւ ծառայությունների տեuակները: Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից անձին հաշմանդամ ճանաչելու նույն օրը: ՎԱԾ-ը 10-օրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն:
Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:

Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2013թ. հաշմանդամություն ունեցող շուրջ 8500 անձ, կարիքներին համապատասխան, ապահովվել է պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներով, ձայնաստեղծ սարքերով, աչքի պրոթեզավորումով, տրամադրվել են սայլակներ, լսողական սարքեր (այդ թվում եվրոպական արտադրության), սարքի ստացման համար տրամադրվող հավաստագրերով, լսողական սարքի ներդիրներով: Բժշկասոցիալական եւ հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ են ստացել հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով շուրջ 1000 անձ:

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, ամուսնական պայմանագրում նշվո՞ւմ է, թե ինչպես է տնօրինվելու ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, որը նրանք ունեն մինչեւ ընտանիք կազմելը կամ համատեղ կյանքի ընթացքում են ձեռք բերելու:

Ալլա Մուրադյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ: Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ: Ամուսիններն իրավունք ունեն այդ պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս: Պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները կարող են սահմանափակվել որոշակի ժամկետով կամ կախման մեջ դրվել որոշակի պայմանների վրա հասնելուց կամ հակառակը: Պայմանագիրը չի կարող սահմանափակել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորել ամուսինների միջեւ անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքի շրջանակներում ներկայացված են ամուսնական պայմանագրի կետերը, բայց պետք է նկատել, որ մեր օրերում քիչ թվով ամուսիններ են կնքում ամուսնական պայմանագրեր՝ իրականում չկարեւորելով դրանք:

 

ՀԱՐՑ. Եթե բաժանորդը ծախսած գազի դիմաց վճարում չի կատարել, ապա գազամատակարարն ի՞նչ իրավունքներ ունի:

Հեղինե Մակարյան (59 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վճարման փաստաթղթում նշված ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում վճարում չկատարելու դեպքում մատակարարը գրավոր հիշեցնում է բաժանորդին վճարման մասին եւ նախազգուշացնում վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման կամ սահմանափակման մասին: Եթե նախազգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում բաժանորդը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել գազամատակարարումը, դադարեցումից անմիջապես առաջ զգուշացնելով բաժանորդին: Բաժանորդի կողմից պարտքը ամբողջությամբ վճարելուց եւ այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում, հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է բաժանորդի հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` բայց 36 ժամից ոչ ուշ, եթե պայմանագրով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ մատակարարը կարող է տեղում ստուգել բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:

«Էյ-Ի-Ջի» սերվիս

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում, երբ օրենքը շարքային քաղաքացու շահերից չի բխում, անկասկած շատ արագ կգործի: Չնայած կարելի է նման դեպքերում համաձայնության գալ եւ գումարը մարել մաս-մաս:




Լրահոս