ԱՅՍ ՄԵԿՆ ԷԼ` ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգիստ ու խաղաղ քաղաք է Ստեփանավանը, իսկական ամառանոցային քաղաք` ալարկոտ կենցաղով, բարեկիրթ ու ժպտադեմ մարդկանցով, դեռեւս պահպանվող կղմինդրածածկ տանիքներով: Սակայն այս քաղաքի հովվերգական պատկերը այլափոխվում է, երբ տեղեկանում ես, թե ով է քաղաքապետը, եւ ինչ «հերոսական» պատմություններ են առնչվում նրա անվանը: Այս մի քաղաքապետն էլ մաս է կազմում կլիմինալ-օլիգոպոլիկ այն համակարգին, որն իր գլուխը բարձրացրեց Ռոբերտ Քոչարյանի օրոք, իսկ Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում էլ դարձավ առավել սանձարձակ ու անկառավարելի: Շատերն ապաստան գտան Հանրապետական կուսակցությունում` համոզված, որ իրենց ամեն ինչ կներվի: Սարգիս Ղարաքեշիշյանն էլ ՀՀԿ անդամ է, ուրեմն ապահովագրված է ամեն ինչից:
Այս տարի իր ծննդյան հիսունամյակը նշող քաղաքապետը ստեփանավանցի է, ավարտել է տեղի ռուսական դպրոցը, որն, ի դեպ, ժամանակին ավարտել է նաեւ Սոս Սարգսյանը: 1986թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը, առանց բանակում ծառայելու` աշխատանքի է անցել Կիրովոյի կոլտնտեսությունում որպես ճարտարագետ-մեխանիկ, իսկ 1990-ին էլ դարձել է կոլխոզի նախագահ: 1991-ին ստեղծվել է «Կյուրիկե 1» գյուղատնտեսական կոլեկտիվ տնտեսությունը, որի նախագահն է դարձել: 1996-ից էլ աշխատել է «Արջասար» տնտեսությունում որպես տնօրեն: 2002-ին որոշել է կոլխոզի նախագահի պաշտոնը փոխարինել քաղաքապետի պաշտոնով ու դարձել Ստեփանավանի ղեկավար: Քանի որ տեղը լավն էր, այդ ընթացքում էլ կարողացավ մի շարք անձնական հարցեր լուծել 2005-ին նույնպես «հաղթեց» ընտրություններում,  ապա հաջողությունները եռապատկելու համար  2008-ին երրորդ անգամ դարձավ քաղաքապետ: Այսինքն` ուղիղ տասը տարի Սարգիս Ղարաքեշիշյանը կառավարում է Ստեփանավանը` այդ ընթացքում հայտնվելով տարբեր կրիմինալ պատմություններում:
2011-ին Սարգիս Ղարաքեշիշյանը հայտնվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հրապարակած «սեւ ցուցակում», որովհետեւ Ստեփանավանի քաղաքապետարանն անպատասխան էր թողել ԻԱԿ-ի 18.04.2011թ. հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել Ստեփանավանի ավագանու այն որոշման պատճենը, որով սահմանվել էր Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից  տեղեկատվության տրամադրման վճարի չափը` 1 էջի համար 500 ՀՀ դրամ: Բայց սա ընդամենը բզեզի խայթոց կարող է դիտարկվել նրա հարուստ կենսագրության մեջ:
Սարգիս Ղարաքեշիշյանն իր իշխանության տարիներին կարողացավ նախկին Բզովդալ գյուղի մոտակայքում կառուցել «Դրախտ» հյուրանոց-ռեստորանը, որը դարձել է  «բարդել», ուր սիրով ու հաճույքով են ընդունում «զույգերին»: Բայց այս հարցում էլ շատ չմեղադրենք Սարգիս Ղարաքեշիշյանին, որովհետեւ այսօր շատերը նման հաստատություններ ունեն: 2008-ի ընտրություններն ամենասկանդալայինը եղան Ստեփանավանի պատմության մեջ, որովհետեւ Սարգիս-Քոթոն ընտրությունները վերածեց յուրատեսակ հաշվեհարդարի: Քոթոն նաեւ «կրակող տղայի» համբավ ունի: Ինչպես գրվել էր ժամանակին մամուլում, տարիներ առաջ Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանային համալիրում հաճախորդներից մեկն իրեն լավ չէր պահել, ու քաղաքապետն էլ կրակել էր անհամ կատակ անողի ոտքին: Իհարկե, այս պատմությունը պարտակվեց,  Սարգիս Ղարաքեշիշյանը մնաց ազատության մեջ` փոխարենը դատապարտվեց մեկ այլ քաղաքացի: Այս պատմությունից բավական ժամանակ անց էլ Սարգիս Ղարաքեշիշյանի դեմ քրեական գործ հարուցվեց պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Պատճառը հետեւյալն էր. 2003թ. սեպտեմբերի 22-ին Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը որոշում է կայացրել Է. Թ.-ին` որպես 6 անձից բաղկացած ընտանիքի, 4-սենյականոց բնակարան հատկացնելու մասին: Որոշումը կայացնելուց հետո, սակայն, այդ բնակարանը Սարգիս Ղարաքեշիշյանի գիտությամբ վաճառվել է: Իրականում աղետի հետեւանքով բնակարան կորցրած ընտանիքների հերթացուցակում գրանցված է եղել միայն Է. Թ.-ը: Սակայն Է. Թ.-ի ընտանիքին հատկացված այդ բնակարանը սեփականաշնորհվել է իբր նրա ընտանիքի անդամ հանդիսացող մեկ այլ անձի անունով ու վաճառվել նրա կողմից:  
 Գիտենալով, որ քաղաքապետի պաշտոնում կարելի է բավական լավ փողեր աշխատել, Սարգիս Ղարաքեշիշյանը ժլատություն չի արել եւ ըստ ստեփանավանցիների` ընտրությունների ժամանակ ծախսել  է մոտ 30 մլն դրամ: Դե, Ստեփանավանի նման քաղաքի համար սա փոքր գումար չէ: Սակայն ընտրություններից հետո քաղաքապետը սկսել է հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրեն չեն ընտրել: Հաշվեհարդարի ենթարկվածներից մեկն էլ եղել է թիվ 1 երաժշտական դպրոցի ուսուցիչներից մեկը, ով ընտրել է մյուս թեկնածուին: Դպրոցի տնօրենը կանչել է այս ուսուցչուհուն եւ ասել, որ ստիպված է ազատման հրաման արձակել, քանի որ դա քաղաքապետի պահանջն է… Բոլոր հեռացվածները չէ, որ ենթարկվել են, լռելյայն համակերպվել իրենց վիճակին: Սարգիս Ղարաքեշիշյանի քույրն էլ` Մշակույթի տան տնօրեն Անուշ Ղարաքեշիշյանը, աշխատանքից ազատել է իր քարտուղարուհուն, որովհետեւ նա էլ Քոթոյին չի ընտրել: Քարտուղարուհու եղբայր Արմեն Գրիգորյանն էլ ընկերների հետ գնացել է «Դրախտ» ռեստորան, որը քաղաքապետարանի մասնաճյուղն է դարձել, ու փորձել «հաշիվ մաքրել»: Այստեղ դանակ ու հրազեն է օգտագործվել, որից հետո Ա.Գրիգորյանի երկու ընկերները հայտնվել են հիվանդանոցում: Եղբոր կիսատ թողածը շարունակել է Միքայել Ղարաքեշիշյանը եւ հարձակում գործել հիվանդանոցի վրա` ավտոմատից կրակահերթեր բաց թողնելով: Ինչպես ասում են` ստեփանավանյան վենդետտա, որի կենտրոնում եղել է քաղաքապետը: Այդ ժամանակ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Ստեփանավանի քաղաքապետ Ս.Ղարաքեշիշյանին մեղադրանք է առաջադրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ մարմնական վնասվածք պատճառելու համար:  Սակայն…
Նրան նաեւ կատակով ռեստորանապետ են ասում, քանի որ  մեծ թուլություն ունի ռեստորանների հանդեպ: «Դրախտ»-ից զատ` նրան է պատկանում նաեւ «Լոռի» ռեստորանը: Ի դեպ, մեկ տարի առաջ «Դրախտ» ռեստորանի «կուպեներից» մեկում հայտնաբերվել էին 45-ամյա տղամարդու եւ 29-ամյա կնոջ դիակներ: Նրանց մահվան պատճառ էր դարձել կուպեում տեղադրված  վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքը: Թվում էր, թե այս դեպքից հետո Քոթոն պիտի պատասխանատվության ենթարկվեր, որովհետեւ նրա օբյեկտում խախտվել էին գազի օգտագործման անվտանգության կանոնները: Բայց ո~վ կհամարձակվեր ձեռք տալ Քոթոյին, ով այդ ժամանակ վայելում էր Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի մեծագույն համակրանքը:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս