ՄԱՔՍԻՄԱԼ ՀՍՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին պարզվեց, որ «Արտակարգ դրության իրավական  ռեժիմի մասին» օրենքը, Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ անցնելուց հետո, կառավարության կողմից հետ է կանչվել, որպեսզի ենթարկվի զգալի փոփոխությունների: Այսինքն՝ կառավարությունը  նախ մշակել է այդ օրենքի նախագիծը, այն անցկացրել ԱԺ համապատասխան հանձնաժողովում, ապա  հասել նրան, որ օրենքն ընդունվի առաջին ընթերցմամբ, եւ միայն այդ ժամանակ հանկարծ «գլխի է ընկել»,  որ օրենքը թերի է եւ լուրջ փոփոխությունների կարիք ունի, քանի որ ինչպես երեկ նշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը. «Փաթեթը բացակայում էր, եւ սահմանվում էր հատուկ ռեժիմ, որոնք խախտելու համար որեւէ պատասխանատվություն սահմանված չէր»: Հարց է ծագում` իսկ ո՞վ պետք է  այդ ամենը  մշակեր, ո՞վ պետք է ի սկզբանե նկատեր առկա թերությունները` եթե ոչ  արդարադատության նախարարը, որը երեկ չէր իջնում հեռուստաէկրաններից` պարզաբանելով, որ կատարվող փոփոխությունների արդյունքում «մի քանի սահմանափակում եւ զսպաշապիկ է կիրառվելու զինված ուժերն արտակարգ  ռեժիմներում  օգտագործելու համար»:  Հ. Թովմասյանը, սակայն, ամենեւին էլ չէր նեղվում այն փաստից, որ մինչ այդ ԱԺ բոլոր քննարկումներում ակտիվորեն պաշտպանում էր օրենքի այն նախագիծը, որը հիմա թերի է համարում. «Որոշակի պահանջներ են ավելացվել, որ առաջին ընթերցման  ներկայացված օրինագծում բացակայում էին: Սա լավ առիթ է մեկ անգամ եւս հստակ անդրադառնալու բոլոր վիճահարույց դրույթներին եւ հանրությանը  ներկայացնելու»: Փաստորեն,  ամիսներ շարունակ մշակված, քննարկված ու ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքը հետ կանչելը Թովմասյանի համար ընդամենը «լավ առիթ» է: Պարզվում է, մեր արդարադատության նախարարը շատ լավ  իրավաբան է, օրենքների փայլուն մասնագետ, պարզապես  այդ ամենը  լիարժեք դրսեւորելու համար «լավ առիթներ» չեն լինում: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ակնհայտ է, որ կառավարության կողմից օրենքում փոփոխություններ կատարելու այս հանկարծահաս մտադրությունը պայմանավորված է ո՛չ արդարադատության, ո՛չ էլ որեւէ այլ նախարարի կամ վարչապետի «ազնիվ մտահոգություններով»: Որքան էլ Հրայր Թովմասյանը հերքի դա, արտակարգ  դրության ընթացքում  բանակի եւ բնակչության անմիջական շփումը բացառող  օրենսդրական դրույթն, ըստ ամենայնի, ամրագրվում է  միջազգային կառույցների ճնշման արդյունքում: Հակառակ դեպքում, ՀՀ վարչապետը պետք է ընդունի, որ իր ղեկավարած կառավարության անդամները շատ վատ են աշխատում` Ազգային Ժողովին թերի օրենքներ ներկայացնելով: Ամեն դեպքում, դատելով Հ. Թովմասյանի պարզաբանումներից, անգամ կատարված փոփոխությունների արդյունքում մինչեւ վերջ չի բացառվում բանակը բնակչության դեմ օգտագործելու հնարավորությունը: «Բնակչության հետ շփումը ծայրահեղ վերջին բանն է, որ կարող է լինել»,-վստահեցնում է նախարարը: Սակայն նկատենք, որ  արտակարգ դրությունն ինքնին արդեն «ծայրահեղ վերջին բանն է, որ կարող է լինել», ուստի այդ հարցում ամեն ինչ պետք է մաքսիմալ հստակ լինի:




Լրահոս