Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հանրային հեռուստաընկերություն եւ միաժամանակ հենց տեղում հյուրընկալվել «Հարցազրույց» հաղորդաշարին: Նա հարցազրույցի ընթացքում անդրադարձել է արտաքին ու ներքին քաղաքական մի շարք խնդիրների:
Հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար հնչող կրակոցների՝ մասնավորապես վերջերս նախիջեւանյան դեպքերի վերաբերյալ Ս. Սարգսյանը նշել է, որ չի կարծում, թե ականատեսն ենք Ադրբեջանի կողմից նոր մարտավարության: Ըստ նրա՝ զարգանում են այն պրոցեսները, որոնք արդեն գոյություն ունեն երկար տարիներ. «Հակառակորդը լարվածությունը պահում է մեր սահմանների երկայնքով, եւ դրա նպատակները մի քանիսն են: Բայց ամենակարեւոր նպատակն այն է, որ աշխարհին ցույց տրվի, թե պատերազմը չի ավարտվել, եւ եթե բանակցային գործընթացում հաջողություններ չունեցան, ապա անխուսափելի է ռազմական գործողությունների վերսկսումը: 1994-ի մայիսից հետո մենք երբեք նպատակ չենք ունեցել վերսկսել պատերազմական գործողությունները, եւ մեր ողջ աշխատանքն ուղղված է մեր պաշտպանունակության բարձրացմանը: Այս առումով վերջին տարիները բացառություն չեն, եւ մենք ջանասիրությամբ ավելացնում ենք մեր սպառազինությունները, ձեռք ենք բերում նոր տեսակներ, կատարելագործում նոր տեսակները»,-շեշտել է Սերժ Սարգսյանը:
Ներքաղաքական խնդիրներից խոսելով, Քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջագրի եւ այլ հարցերի մասին, Ս.Սարգսյանը հայտարարեց, թե փաստաթուղթը կազմողները շտապողականություն են ցուցաբերել եւ լեզվաշարադրական բացթողումներ ունեցել: Սարգսյանի խոսքով` եթե նպատակը համագործակցությունն է, պետք է բացառվի «պահանջում ենք» բառը: «Այո, ընդդիմությունը ցանկանում է համագործակցել, որպեսզի միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները: Համոզված եմ, որ կարծիքների այս բախման արդյունքում մենք կունենանք շատ լավ արդյունքներ»,-հայտարարել է նա: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բանակցությունների դանդաղումը պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ Հայաստանը նույնկերպ են մեկնաբանում համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, իսկ Ադրբեջանն՝ այլ: Իսկ Աստանայում Նազարբաեւի հայտարարությունն անակնկալ չէր: Ինչպես նշեց Սերժ Սարգսյանը, հայկական պատվիրակության բոլոր անդամներն էլ իմացել են Ալիեւի նամակի մասին: Ս. Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանն անդամակցելու է ՄՄ-ին՝ իր իսկ կողմից ճանաչված սահմաններով, ինչպես այս 23 տարվա ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին: «Խնդրում եմ, մի՛ պաշտպանեք Արցախն ինձնից: Սա ոչ միայն վիրավորական է, այլեւ՝ անհեթեթ»,-դիմելով իրեն քննադատողներին՝ եզրափակել է Սարգսյանը: