Ինչպես հայտնի է` վիճահարույց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը նախատեսված է ներդնել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի հետ` պարզելու, թե կոնկրետ ե՞րբ է նախատեսված Արցախում գործարկել կուտակային համակարգը:
-Պարոն Գրիգորյան, որպես սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խնդրում եմ նշեք, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը ո՞ր փուլում է գտնվում: Օրենքի նախագիծը ե՞րբ կլինի Արցախի ԱԺ օրակարգում:
-Հարցը ներկայում դեռեւս քննարկման փուլում է, մենք մեր ուսումնասիրությունները կսկսենք միայն այն պարագայում, երբ կառավարության կողմից փաթեթը կներկայացվի ԱԺ: Ներկայում դեռ որեւէ բան չկա:
-Իսկ ինչո՞ւ են ԼՂՀ իշխանությունները ցանկանում այդ համակարգը ներդնել նաեւ Արցախում` աչքի առջեւ ունենալով Հայաստանի՝ առայժմ չհաջողված փորձը:
-Դեռեւս այդ հարցը չի որոշվել, ուղղակի այժմ քննարկման փուլում է գտնվում: Բայց ես նշեմ, որ բաշխողական կենսաթոշակային համակարգը՝ սերունդների համերաշխության սկզբունքով, իրեն չի արդարացնում, որովհետեւ այդ հավաքագրվող գումարների շնորհիվ պետական բյուջեի ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով, հնարավորություն չի ընձեռվում ապահովել թոշակառուների բարեկեցիկ կյանքը: Այժմ պետության առջեւ ծառացել է մի խնդիր, երբ անհրաժեշտ է կենսաթոշակային համակարգի նոր մոդել կառուցել: Բայց թե այն ինչպես կկառուցվի՝ այդ հարցը դեռեւս ուսումնասիրության փուլում է գտնվում:
-Կա՞ կոնկրետ ժամանակահատված, որ նախատեսված է օրենքի ընդունման կամ նախագիծը խորհրդարան բերելու համար:
-Հստակ չեմ կարող ասել, հնարավոր է՝ տարվա երկրորդ կեսին սկսենք նոր մոդելի շուրջ քննարկումներ անել, բայց թե ինչ մոդել է լինելու` կիմանաք հետո: Ներկայում մենք ուսումնասիրում ենք ՀՀ-ի փորձը եւս, պատասխանատու լիազոր մարմնի կողմից վերլուծություններ իրականացնելուց հետո, իմ կարծիքով՝ կլինեն լսումներ:
-ՀՀ-ում այդ համակարգը հասարակության կողմից չի ընդունվում, արդեն տեւական ժամանակ է՝ ժողովուրդը պայքարում է, որպեսզի օրենքը չգործի: Արցախում հասարակությունը ցանկանո՞ւմ է, որպեսզի նման համակարգ ներդրվի:
-Եթե չեմ սխալվում, համապատասխան լիազոր մարմինն այժմ մեկնում է շրջաններ, հանդիպումներ է կազմակերպում՝ գյուղերում, կենտրոններում, ու այդ հանդիպումների ընթացքում բացատրական աշխատանքներ են իրականացվում: Միաժամանակ նաեւ ժողովրդի բանավոր արձագանքներին են տեղեկանում:
-Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե չնայած այն բանին, որ ՀՀ-ում հասարակության 80 տոկոսը դեմ է այդ համակարգին, այն, միեւնույն է, գործելու է: Բացառո՞ւմ եք, որ ԼՂՀ իշխանությունները եւս նման դիրքորոշում ունեն, եւ այդ հարցումներն ընդամենը ձեւական բնույթ են կրում:
-Դուք համեմատության մեջ եք այդ հարցը հնչեցրել, որի համար ես չեմ ցանկանում այդ հարթության մեջ հարցին պատասխանել: ՀՀ-ն ունի իր օրենսդրական դաշտը ու այդ դաշտը ներկայացված է ժողովրդի ընտրյալներով, որոնք ընդունել են այդ օրենքը, դրա համար ես չեմ ցանկանում ընդհանրապես քննարկել դա: Ինչ վերաբերում է նրան, թե ԼՂՀ-ում ինչ է կատարվելու, ապա ասեմ, որ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ համապատասխան լիազոր մարմինը՝ ԼՂՀ կառավարությունը կամ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կներկայացնի այդ փաթեթը ԱԺ:
-Հայաստանում հիմնականում դժգոհում են օրենքով սահմանված «պարտադիր» բաղադրիչից: Տեղյա՞կ եք` ԼՂՀ կառավարության նախագծում նախատեսվա՞ծ է «պարտադիր» բաղադրիչի առկայությունը:
-Նախագիծը դեռեւս չկա, ես որեւէ բան այդ առումով չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով՝ այդ համակարգը վատ համակարգ չէ: Այն լուծում է տալու բազմաթիվ խնդիրների, որոնք այսօր առկա են:
-Հուլիսի 1-ից Արցախում եւս նախատեսված է բարձրացնել աշխատավարձերը: Ըստ Ձեզ, ինչքանո՞վ է այդ բարձրացումը նպաստելու արցախցիների սոցիալական վիճակի բարելավմանը:
-Արդեն 2014 թվականի պետական բյուջեն ընդունվել է, ստորագրվել է մեր հանրապետության նախագահի կողմից եւ հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրանալու են, բայց տարբեր ոլորտներում տարբեր չափերի են լինելու այդ բարձրացումները: Մեր քաղաքականությունն ունի սոցիալական ուղղվածություն, որի վառ օրինակը բյուջեում արտացոլված թվերն են՝ 2007 թվականի բյուջեով սոցիալական հարցերին տրամադրվող գումարները կազմում էին 6 միլիարդ 72 միլիոն դրամ, իսկ արդեն 2014 թվականի բյուջեով նախատեսված է 19 միլիարդ 700 միլիոն դրամ, երեք անգամ ավելի: Մենք մեր հանրապետությունում բազմաթիվ սոցիալական ծրագրեր ենք իրականացնելու՝ անապահով խավերի ու խմբերի համար:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ