Աշտարակ քաղաքի ավագանու նիստերը կարող են լավագույն օրինակ հանդիսանալ այլ համայնքների համար, ի վերջո ցույց տալով ավագանու դերը տեղական ինքնակառավարման ոլորտում: Հատկապես Երեւանի ավագանուն, որտեղ որոշումները մեծամասամբ կայացվում են «շտամպային» մեծամասնությամբ, մասնավորապես Միկոյանի արձանի տեղադրման որոշումն ընդունելուց հետո, չէր խանգարի փորձի փոխանակման համար մասնակցել Աշտարակի ավագանու առաջիկա նիստերին` տեսնելու, թե ինչպես պետք է իրականում պաշտպանել համայնքային շահերը:
Խնդիրն այն է, որ Աշտարակի քաղաքապետն ու Արագածոտնի մարզպետն արդեն երկար ժամանակ է, ինչ չեն կարողանում ավագանու նիստում իրենց համար ցանկալի որոշումը կայացնել տալ, ավագանու անդամները դիմադրում են: Իսկ ի՞նչ է եղել: Սկսենք իրադարձությունները շարադրել մի փոքր ավելի խորքից: Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանն ընտրվելու օրվանից մինչ հիմա չի կարողանում ավագանու անդամների հետ համագործակցված աշխատել, վերջինիս ավագանու թիմը չի ընդունում: Հերթական պոռթկումը եղել է մայիսի 30-ին, երբ քաղաքապետ Անտոնյանն առաջարկել է կայացնել մի որոշում, համաձայն որի՝ Աշտարակի նոր կառուցվող սպորտդպրոցին հարակից շուրջ 1300 քմ հողատարածքը պետք է աճուրդի հանվի՝ գազալցակայան կառուցելու համար: Ավագանու անդամները 7 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ թույլ չեն տվել հողատարածքի աճուրդն իրականանա՝ պատճառաբանելով, որ այդ տեղը գազալցակայանի համար հարմար չէ, քանի որ կողքին կառուցվում է մարզադպրոց, «ԱԿԲԱ» բանկի մասնաճյուղն է գտնվում հարեւանությամբ, իսկ 30-40 մետր հեռավորության վրա կան բնակելի տներ: Այսինքն՝ գազալցակայանի շինարարության համար նախատեսված անվտանգության որեւէ կանոն պահպանված չէ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ նիստից հետո Աշտարակի ուժային կառույցների ղեկավարները, քաղաքապետ Անտոնյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը սկսել են մեկիկ-մեկիկ աշխատել ավագանու անդամների հետ, որպեսզի նրանք իրենց համաձայնությունը տան՝ այդ տարածքում գազալցակայան կառուցելու համար: Որոշ դեպքերում անգամ եղել են սպառնալիքներ՝ աշխատանքից հեռացնելու, «վատ լինելու» եւ այլ տխուր հեռանկարների տեսքով: Սակայն ավագանու անդամներն առայժմ չեն ընկրկում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աշտարակի ավագանու անդամ Արմենակ Սարգսյանն ասաց, որ անթույլատրելի է այդ հողատարածքում գազալցակայան կառուցելը, քանի որ այդ տարածքը գտնվում է քաղաքի մեջ` մարդաշատ վայրում: Աճուրդի հանված հողատարածքից քիչ այն կողմ կառուցվում է մարզադպրոց, որի շինաշխատանքները, ըստ Ա. Սարգսյանի, կդադարեն, եթե գազալցակայանը կառուցվի:
Ավագանու մեկ այլ ներկայացուցչից՝ Կարեն Շահազիզյանից էլ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մոտ մեկ ամսից է տեղի ունենալու Աշտարակի ավագանու արտահերթ նիստը: Այդ օրը քննարկման կդրվի 1300 քմ հողատարածքը աճուրդի հանելու հարցը, թե ոչ, ավագանու անդամը դժվարացավ ասել: Նա միայն հայտնեց, թե խոսակցությունների համաձայն, որոշ մարդիկ ավագանու անդամների հետ հանդիպումներ են ունենում, որպեսզի համոզեն` համաձայնել հողատարածքն աճուրդի հանելու որոշման հետ: Շահազիզյանի խոսքերով՝ այդ հողատարածքի մի մասը, ըստ նախագծի, պետք է ծառայեր մարզադպրոցի մուտք, ավելին` կառավարության որոշմամբ հողատարածքը տրվել է համայնքին որպես սեփականություն, հետեւաբար իր համար անհասկանալի է, թե ինչու պետք է հողատարածքը դրվի աճուրդի՝ գազալցակայան կառուցելու համար: Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել է կառուցել մարզադպրոցը: «Մենք ուզում ենք հիմա, որ մարզադպրոցի ֆինանսավորումն արագացվի եւ շինաշխատանքներն էլ ավարտին հասցվեն»,- ասաց Շահազիզյանը` վստահեցնելով, որ եթե գազալցակայանի հարցը նորից բարձրացվի, ապա ողջ Հայաստանը կիմանա խնդրի մասին, քանի որ անվտանգության որեւէ նորմ չի պահպանվում:
Այստեղ ուշագրավ է հետեւյալը, թե ինչն է քաղաքային ու մարզային իշխանություններին ստիպում անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի լուծվի գազալցակայանի կառուցման հարցը: Ի վերջո, մեր երկրում պատահական որեւէ մեկը չի կարող գազալցակայան կառուցել: Ըստ այդմ, «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն, գազալցակայան կառուցելու հարցում խիստ շահագրգռվածություն ունի Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանը:
Գազալցակայանի կառուցման, ավագանիների վրա ճնշումներ բանեցնելու եւ համանման այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նախ՝ Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի հետ, ով միանգամից ասաց. «Հեռախոսով ինտերվյու չեմ տալիս: Ձեր տեղեկությունները բացարձակ սխալ են: Համեցեք տեղում կարող եմ ձեր հարցերին պատասխանել»:
Իսկ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Աշտարակ քաղաքում 10-15 տարի դեռ այդպիսի ավագանու նիստ չի եղել, որտեղ հողերի օտարում չլինի: «Ով է ասել, որ գազալցակայան են կառուցելու: Առաջին անգամ եմ լսում նման բան: Ես չգիտեմ, թե ինչ են պատրաստվում սպորտդպրոցի մոտ կառուցել: Եթե պետք է կառուցեն, ապա պետք է ունենան համապատասխան մարմինների կողմից թույլտվություն»: Իսկ Վաչիկ Ղազարյանը գազալցակայանով հետաքրքրված լինելը համարեց ապատեղեկատվություն:
Մնում է հետեւել իրադարձությունների զարգացմանը՝ տեսնելու, թե որ պաշտոնյայի ասածն էր իրականությանը համապատախանում, որինը ոչ եւ, ի վերջո, թե ինչպես է Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչիկ Ղազարյանը հաղթելու մի ողջ համայնքի՝ հանուն իր կամ իր շրջապատի բարեկեցության:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ