ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՌԴ ԿԴՅՈՒՐԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ քաղաքացիների կեցության հարցը առաջիկայում կորոշակիանա, եւ, ըստ ամենայնի, կդյուրացվի: Համենայն դեպս` ըստ ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի` հայկական կողմն այս ուղղությամբ հնարավորինն անում է:

-Պարոն Եգանյան, ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների աշխատանքի եւ կեցության կարգը դյուրացնելու շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունների միջեւ շարունակվող աշխատանքները ո՞ր փուլում են:
-Դրանք միջկառավարական համաձայնագրեր են Հայաստանի եւ ՌԴ-ի կառավարությունների միջեւ, ոչ թե ծառայությունների: Այս ծառայությունները համաձայնագրերի տեքստերը երկու երկրների իրավասու մարմինների կողմից համաձայնեցրել են: Այնուհետեւ դրանք պետք է երկու երկրների ներպետական համաձայնեցման պրոցեսով անցնեն: Հայաստանում մենք այս գործընթացը գրեթե ավարտել ենք: Երեկ ստացա Արդարադատության նախարարության կարծիքը եւ առաջիկա մի քանի օրերի ընթացքում կամփոփենք եւ կտեղեկացնենք ՌԴ-ի մեր գործընկերներին: Ակնկալում ենք, որ ռուսական կողմը եւս նույն արագությամբ կիրականացնի այդ գործընթացը, ինչի մասին մենք նաեւ համատեղ կազմած եւ ստորագրած արձանագրության մեջ ենք նշել:
-Ե՞րբ ՀՀ քաղաքացին հնարավորություն կունենա առանց խոչընդոտների մեկնել ՌԴ եւ այնտեղ աշխատել: Հնարավո՞ր է, որ այս գործընթացը ձգվի մինչեւ 2015 թվականի հունվար:
-Գործընթացը կավարտվի, երբ համաձայնագրերը կնքվեն: Ցանկացած երկիր ունի իր ներքին ընթացակարգը, ըստ դրա էլ գործընթացը պետք է տեղի ունենա: Գործի կարեւորությունից ելնելով` մեր ռուս գործընկերներն ընդառաջ են գնացել: Նրանք նաեւ պարտավորություն են ունեցել իրենց երկրում այդ ընթացակարգը հնարավորինս արագ կատարել: Չեմ կարող ասել, թե դա երբ հնարավոր կլինի, բայց չեմ կարծում, որ այն մինչեւ հունվար կձգվի:
-Այսինքն՝ ավելի՞ շուտ սպասենք:
-Այո, որովհետեւ այնտեղ ռուսական բյուրոկրատական մեխանիզմներ են եւ մի քանի պետական մարմինների հետ պետք է համաձայնեցվի: Գուցե նրանք դիտողություններ կամ առաջարկություններ կունենան:
-Վերջին շրջանում խոսակցություններ եղան, որ ՌԴ-ից, շատ դեպքերում նաեւ անհեթեթ պատճառներով, արտաքսվածներին կներեն: Դա որքանո՞վ է հավանական:
-Նման գնահատականներ պետք չէ տալ: Դա արտաքսվածների կարծիքն է, բայց այդ օրենքն ով մշակել է, նա այլ կարծիք է ունեցել, որեւիցե մեկի պարզունակ գնահատականները հնչեցնելը ճիշտ չեմ համարում:
-Կարճ ասած՝ այդ մարդկանց հնարավո՞ր է ներեն:
-Խոսքը վերաբերում է ՌԴ օրենսդրության պահանջները խախտած անձանց մուտքի արգելանքին, վտարման խնդիր չկա: Մեզ մոտ ճիշտ չեն մեկնաբանում: Դեպորտի որեւիցե հարց չկա: Անձն օրենսդրության պահանջներ է խախտել, ինքնակամ դուրս է գալիս ՌԴ-ից: Իրենց մոտ համակարգն այնպես է մշակված, որ նրա հետագա մուտքն արգելվում է: Սա դեպորտ չեղավ: Հիմա երկիրն իր օրենսդրությունը մշակում է իր խնդիրները կարգավորելու նպատակով, եւ թե ինչու են առանձին թվացող վարչական խախտումների համար այսպիսի պատժամիջոցներ նախատեսվել` դա իրենց ամբողջական բացարձակ իրավասության հարցն է: Դեպքերը, որոնք առնչվում են հումանիտար վիճակների առաջացման հետ, այն է՝ ընտանիքի տարանջատում, կրթության շարունակության ապահովում, բուժման անհրաժեշտություն ՌԴ-ում կամ ընտանիքի զառամյալ անդամի խնամքի կազմակերպում, անկախ այն բանից, թե ինչ զանցանք են թույլ տվել եւ որ հոդվածով է խախտումը կատարվել, նման բոլոր դեպքերը նրանք կվերանայեն եւ արգելանքը կհանեն: Հումանիտար նկատառումներից ելնելով մենք կվերանայենք, դրա համար անձը պետք է դիմի դաշնային միգրացիոն ծառայություն եւ ներկայացնի նշված հանգամանքների առկայության վերաբերյալ փաստաթղթեր:
-Ունե՞ք տվյալներ, թե այս պահին մոտավորապես քանի ՀՀ քաղաքացի է նման կարգավիճակում:
-Այս պահին 34 հազար քաղաքացու մուտքը ՌԴ տարբեր հիմքերով արգելվել է: Թե նրանցից քանիսի մոտ են առկա այդ հանգամանքները, այդպիսի հաշվառում մեզ մոտ չկա:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն երեւույթին, որ շատերն այսօր սկսել են այս հարցի վրա բիզնես անել: Եթե Դուք ցանկանում եք տեղեկանալ, արդյոք Ձեր անունը «սեւ ցուցակ»-ում կա, թե ոչ, պետք է ուղարկեք 500 դրամ արժեցող հաղորդագրություն եւ կիմանաք «սեւ ցուցակ»-ո՞ւմ եք կամ կարո՞ղ եք մեկնել ՌԴ, թե ոչ :
-Չեմ հանդիպել նման հայտարարությունների, առաջին անգամ եմ լսում: Բայց եւ չեմ զարմանում մարդկանց հնարամատության աստիճանի վրա:
-Ձեր գնահատմամբ` ինչո՞վ է պայմանավորված ՀՀ իշխանությունների շահագրգռությունն ու աննախադեպ մտահոգությունը Ռուսաստանում բնակվող հայ միգրանտների կեցության խնդիրներով: Արդյոք Հայաստանում սոցիալական պայթյունի վտա՞նգն էր այդքան մեծ, թե՞…
-Ձեր մեկնաբանությունները բացարձակապես ճիշտ չեն, նման բան չկա: Սա աշխատանք է, որն այլ երկրի մարմինների հետ բանակցային գործընթացներ է նախատեսում: Այն սկսելուց վստահ էլ չէինք, թե ի՞նչ կետի եւ ի՞նչ ժամկետում կհասցնենք: Հիմա, բարեբախտաբար, բավականին առաջ ենք գնացել եւ Ձեր նշած մեկնաբանությունները տեղին չեն: Ավելին՝ ցավում եմ, որ նման կերպ է մեկնաբանվում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս