ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ինչը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի օտարերկրացին կացության կարգավիճակ ստանալու իրավունք չունենա: Այսինքն` ի՞նչ հիմքով կարող է մերժվել օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը:
Ալվինա Մանուկյան (32 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես ընդհանուր կանոն, օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե`
– նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ նախկինում զրկվել է կացության կարգավիճակից (եւ եթե արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումից անցել է 3 տարուց պակաս ժամկետ),
– նա դատապարտվել է ՀՀ-ում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար,
– գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա ցանկանում է վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, սահմանադրական կարգին, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն, մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ այլն,
– նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը,
– կացության կարգավիճակ ստանալու համար նա ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր:
ՀՀ սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ միգրացիոն պետական ծառայության տվյալների համաձայն՝ 2013 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ-ում հաշվառման է վերցվել 2555 օտարերկրացի, որոնցից կացության կարգավիճակ է ստացել 2082-ը:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ պարբերականությամբ են իրականացվում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումները: Եվ խնդրում եմ ասեք, թե գյուղատնտեսական կենդանիների հատկապես ո՞ր հիվանդությունների նկատմամբ է իրականացվում պետական աջակցություն:
Գուրգեն Մնացականյան (61 տարեկան, գյուղատնտես)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գյուղատնտեսական կենդանիների դաբաղ, խշխշան պալար, մանր եղջերավոր կենդանիների բրդազոտ հիվանդությունների նկատմամբ տարեկան 2 անգամ: Գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ հիվանդության նկատմամբ ախտորոշիչ միջոցառումները իրականացվում են տարեկան 2 անգամ, մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ միջոցառումը՝ տարեկան 2 անգամ: Գյուղատնտեսական կենդանիների տուբերկուլյոզ, սիբիրախտ, պաստերելյոզ, խոզերի դասական ժանտախտ, թռչունների կեղծ ժանտախտ հիվանդությունների նկատմամբ տարեկան մեկ անգամ:
«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են անասնահակահամաճարակային միջոցառումներ: Ախտորոշիչ միջոցառումներ՝ գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզ: Կանխարգելիչ միջոցառումներ՝ գյուղատնտեսական կենդանիների սիբիրախտ, գյուղատնտեսական կենդանիների դաբաղ, խոշոր եղջերավոր կենդանիների պաստերելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների խշխշան պալար, մանր եղջերավոր կենդանիների, խոզերի դասական ժանտախտ, թռչունների կեղծ ժանտախտ, մեղուների վարրոատոզ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2013թ. գրեթե կրկնակի՝ շուրջ 62 հազարով, աճել է տավարի գլխաքանակը, որտեղ կովերի մասնաբաժինը շուրջ 303 հազար է: Այս ցուցանիշը 20 հազարով ավելի է նախորդ տարվանից: 114,3 % աճ է արձանագրվել ոչխարի գլխաքանակի ցուցանիշում եւ ոչխարի մսի առումով Հայաստանը լիակատար ինքնաբավության է հասել:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, հնարավոր չէ՞, որ քահանան մկրտություն կատարի առանց քավորի, թե՞ պարտադիր է քավորի ներկայությունը: Եվ կցանկանայի իմանալ, թե, ընդհանրապես, ի՞նչ պարտականություններ ունեն մկրտության կնքահայրը եւ կնքամայրը։
Աննա Պետրոսյան (28 տարեկան, թարգմանչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մկրտության համար անպայման քավոր պետք է: Քավորը մկրտության վկան է եւ հոգեւոր դաստիարակը: Շատերն ասում են, որ եթե մկրտվողը չափահաս է ինքն արդեն պատասխանատու է իր համար եւ քավորի կարիք չկա: Սխալ է, քանի որ անկախ մկրտվողի տարիքից, անձը, եթե մկրտված չէ հոգեւոր առումով կոչվում է «երեխա»: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մեր եկեղեցին ընդունում է միայն կնքահոր դերը: Կնքամայրն այս դեպքում ձեւական մի պաշտոն է, քանի որ իրականում մկրտվողի «կնքամայրը» հանդիսանում է եկեղեցին, որտեղ ծնվում է քրիստոնյան: Եկեղեցին է հոգեւոր առումով մայրը յուրաքանչյուր մկրտվողի: Այդ պատճառով պետք է խոսել միայն կնքահոր պարտականությունների մասին, կնքամայրը հոգեւոր առումով ոչ մի պարտականություն չունի: Կնքահոր հիմնական պարտականությունն իր սանիկի հոգեւոր դաստիարակությունն է` նախ իր օրինակով, ապա` իր փորձառությամբ եւ հոգեւոր գիտելիքներով: Այսինքն` կնքահայրը պետք է լինի իր սանիկի դաստիարակը, պատասխանատու է մկրտվողի առաքինի եւ բարոյական ընթացքի համար, պետք է օգնի եւ հորդորի, որ սանիկը եկեղեցի հաճախի, պատարագին մասնակցի, հաղորդություն ստանա:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե միանգամայն հասկանալի է, որ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների համար առաջնային նշանակություն ունի կնքահոր դերը, սակայն այս դեպքում, կարծում ենք, որեւէ վատ բան չկա, եթե կնքամայրերն էլ ավելի ակտիվ լինեն իրենց սանիկներին հոգեւոր, պարկեշտ ու քրիստոնյային հարիր դաստիարակություն տալու առումով: