Այսօր՝ հունիսի 27-ի առավոտյան ժամը 06.40-ին «Երևան Ջուր» ՓԲԸ Կարգավարական ծառայությունում ահազանգ ստացվեց, որ Գառնի-Երևան մայրուղային ջրատարից դեպի Նոր Խարբերդ ձգվող հատվածում ընկել է ճնշումը՝ վտանգվում է այդ տարածքի ջրամատակարարման ժամանակացույցը: Անմիջապես կապ հաստատվեց «Արին-Բերդ» օրվա կարգավորիչ ջրամբարում տեղակայված փականային հանգույցի օպերատորի հետ, որը վայրկյանում 10 լիտրով ավելացրեց տվյալ թաղամասին հատկացվող ջրաքանակը: Ընդամենը 5 րոպե, և խնդիրը լուծվեց, մինչդեռ նախկինում, ըստ ընկերության Կարգավարական խմբի ղեկավար Սարգիս Գրիգորյանի, նման դեպքերում ջրի անբավարարության մասին տեղեկանում էին միայն մի քանի ժամ անց՝ սպառողներից ստացվող բողոքների հիման վրա:
Իրավիճակը հնարավոր դարձավ արմատապես բարելավել «Լոկատոր» կոչվող տվյալների հավաքագրման հեռատեղեկատվական ծրագրի միջոցով, որի ներդրմանը ընկերության Տեխնիկական տնօրինությունը ձեռնամուխ եղավ մոտ երեք տարի առաջ:
Ներկայումս գրեթե բոլոր ջրատարների վրա, ջրաղբյուրներում, ջրամբարներում, պոմպակայաններում, ներքաղաքային ջրամատակարարման բաշխիչ ցանցի հանգուցային կետերում, այլուր տեղադրված շուրջ 200 մոդեմների միջոցով 5 րոպեն մեկ հաճախականությամբ Կարգավարական ծառայությունում ինքնաշխատ եղանակով գրանցվում է համակարգի «ինքնազգացողության» մասին վկայող ողջ տեղեկատվությունը: Հերթապահ օպերատորը հնարավորություն ունի համակարգչի միջոցով առցանց հետևելու մայրուղային ջրատարներով դեպի Երևան մղվող ջրի շարժին, իրազեկ լինելու օրվա կարգավորիչ ջրամբարներ լցվող և այնտեղից դուրս հոսող ջրի քանակին, «տեսնելու» պոմպակայանների աշխատանքը, «չափելու» ջրի ճնշումը տարածքում և այլն:
Հաստատված չափանիշներից անգամ ամենափոքր շեղումների դեպքում համակարգիչն «ահազանգում» է. տվյալների մուտքի դադարեցման դեպքում՝ ձայնային ազդանշանի հետ միասին, մոնիթորի վրայի գծապատկերի համապատասխան սյունյակը «վառվում» է կարմիր գույնով, իսկ ջրի չափաքանակների փոփոխության պարագայում՝ դեղին գույնով: Դա էլ հնարավորություն է տալիս անմիջապես գրանցել վթարներն ու ջրանջատումները կամ կանխատեսել դրանց հնարավորությունը, իսկ երբեմն՝ նույնիսկ խուսափել դրանցից:
Ավելին, դեռ վերջերս «Լոկատորի» ցուցմունքները դիտում էին միայն համակարգչի մոնիտորի վրա: Իհարկե, ամեն ինչ երևում էր, բայց այնքան էլ հարմար չէր: Օպերատորը մշտապես պետք է «շրջեր էջերը»՝ երկու տարբեր ձևաչափերով տրվող ցուցմունքներին հետևելու համար, ինչը լրացուցիչ լարվածություն էր առաջացնում: Բայց ահա Կարգավարական ծառայության աշխատասենյակի պատին տեղադրեցին երկու մեծ էկրան, որոնց վրա «ողջ հասակով մեկ» արտացոլվում է ստացվող տեղեկատվությունը: Դրա շնորհիվ աշխատանքը դարձավ ավելի դյուրին ու արդյունավետ: Օպերատորը կարող է առանց համակարգչով կատարվող առօրյա գործից կտրվելու «աչքի պոչով» հետևել էկրանների ցուցմունքներին:
Ըստ Ռազմավարության և մոնիթորինգի վարչության պետ Վահրամ Մաճկալյանի՝ ներկայումս փորձ է արվում «Լոկատորն» օգտագործել ջրագողությունները և ջրակորուստները կանխելու նպատակով: Ծրագիրը նաև «հիշողություն» ունի, ինչը շատ կարևոր է՝ նախկին և ներկայիս տվյալների համեմատության միջոցով ճիշտ որոշում կայացնելու համար: Դրանից բացի, «Լոկատորի» միջոցով կարելի է շրջանառել համակարգի ողջ էլեկտրոնային փոստը, տեղեկանալ խնդիրների մասին, վերահսկել կարգադրությունները, հետևել աշխատանքներին և այդ կերպ բարձրացնել դրանց արդյունավետությունը:
Ընդ որում, տվյալ՝ հեռատեղեկատվական ծրագրի կիրառումը առաջին փուլն է ընկերությունում կառավարման ժամանակակից համակարգ կերտելու ճանապարհին: Երկրորդ փուլը վեջինիս տրամաբանական շարունակականությունն է, որը ենթադրում է ստացված տվյալների հիման վրա անցնել հեռակառավարման: Այս ուղղությամբ աշխատանքը նախատեսվում է սկսել արդեն տեսանելի ապագայում՝ SKADA ծրագրի միջոցով: Այն բավականին մեծածավալ է և ծախսատար: Սակայն դա է մեր ապագան. Երևանը պե՜տք է ունենա մայրաքաղաքին հարիր ջրամատակարարման համակարգ, ունա՜կ բավարարելու սպառողների կարիքները:
«Երևան Ջուր» ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն