ԵՐԲ ՄՐԻՑ ՉԵԼԱԾ` ՄՐԱՋՈՒՐՆ ԵՍ ԸՆԿՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում փորձել է արդարանալ Աստանայում տեղի ունեցած սկանդալի առնչությամբ ու հայտարարել, թե Ալիեւի՝ ԵՏՄ անդամ երկրների նախագահներին հղած նամակն իր համար անակնկալ չի եղել: «Երբ ասում են՝ անակընկալ է, չեմ կիսում այդ տեսակետը: Մեր պատվիրակության կազմում 10-ից ավելի մարդ էր, եւ նախորդ երեկոյան մենք խորհրդակցություն էինք անցկացրել: Այդ 10 մարդն էլ գիտեր, որ Ադրբեջանի նախագահը նամակ է հղել երեք նախագահներին: Բացի դրանից, մենք ունենք անցյալի փորձը»,- ասել է նա:

Ամենամեծ ցանկության դեպքում անգամ շատ դժվար է հավատալ Ս.Սարգսյանի այս խոսքերին: Ընդհակառակը, Աստանայում կայացած նիստի կադրերից հստակ երեւում է, թե ինչպես է փոխվում Ս.Սարգսյանի դեմքի արտահայտությունը եւ ինչպես է նա շուրթերը կծոտում, երբ Ղազախստանի նախագահն ընթերցում է Ալիեւի նամակը: Այդ ռեակցիան անուղղակի կերպով վկայում է, որ նա նախօրեին փորձում էր արդարանալ՝ պարզապես խաբելով: Իսկ եթե մի պահ հավատանք Ս.Սարգսյանին, որ հայկական պատվիրակությունն իսկապես տեղյակ է եղել Ալիեւի նամակից, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ նա հենց Աստանայում չարձագանքեց դրան, ինչո՞ւ ծպտուն անգամ չհանեց: Ընդհակառակը, Ս.Սարգսյանն այս նամակին անդրադարձավ միայն Հայաստան վերադառնալուց հետո՝ Ծաղկաձորում երիտհանրապետական «բազեներ»-ով շրջապատված: Կարելի է ենթադրել՝ նա պարզապես վախեցել է Աստանայում ձայն հանելուց ու համարձակվել է խոսել, երբ արդեն հեռու էր Նազարբաեւից: Համաձայնվեք՝ նման գործելաոճը սազական չէ երկրի ղեկավարին, եթե չասենք՝ ամոթալի է: Այնպես որ, Ս.Սարգսյանն այդ հայտարարություններով իրեն է՛լ ավելի անհարմար վիճակի մեջ դրեց:
Եվս մեկ ուշագրավ փաստ. Ս.Սարգսյանը, խոսելով Քառյակի 12 կետանոց պահանջների մասին, հայտարարել է, թե նրանք «լեզվաշարադրական բացթողումներ են ունեցել», որ համարձակվել են օգտագործել «պահանջում ենք», «պարտադրում ենք» բառերը: «Ես համոզված եմ, որ ընդդիմությունը ցանկանում է համագործակցել, որ միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները»,-ասել է նա եւ այդպես էլ չի հստակեցրել՝ իրենք կատարելու են 12 քայլերը, թե ոչ: Նկատենք, որ ընդդիմությունն այդպես էլ որեւէ բառ չի ասել իշխանությունների հետ համագործակցության մասին, մինչեռ, չգիտես ինչու, նա ենթադրել է, թե 12 կետերը համագործակցության առաջարկ են: Տարօրինակ է նաեւ այն, որ Ս.Սարգսյանին դուր չի եկել Քառյակի պահանջողական տոնը: Հետաքրքիր է՝ իսկ ընդդիմությունը պետք է խնդրե՞ր իշխանություններին լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները, թե՞ աղաչեր, որ նրանք աշխատեն: Իրոք որ Ս.Սարգսյանը գնալով կորցնում է իրականության զգացումը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս