Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Արցախում եւս առկա է ստվերային դաշտ, որից խուսափել հնարավոր չէ: ԼՂՀ վարչապետը, սակայն, վստահ է, որ հետզհետե խստացվող վարչարարության եւ ստվերի դեմ ակտիվ պայքարի արդյունքում առաջիկայում իրավիճակը զգալիորեն կբարելավվի:
-Պարոն Հարությունյան, 2014 թվականն արդեն կիսվել է, եւ, թերեւս, կարելի է խոսել առաջին կիսամյակում գրանցված արդյունքների մասին: Որո՞նք են այս ընթացքում ԼՂՀ կառավարության արձանագրած հիմնական ձեռքբերումները:
-Դժվար է տարվա կեսին ամփոփել իրագործվող ծրագրերը, քանի որ ծրագրային եւ բյուջետային տարին պլանավորվում է ամբողջության մեջ, ոչ թե հատվածական: Այնուամենայնիվ, որոշ ձեռքբերումներ կարող ենք նշել: Նախ՝ մեզ հաջողվել է ապահովել տնտեսական զարգացման նախատեսված ցուցանիշերը, ինչը կհամարեի գլխավոր ձեռքբերում, իսկ մնացածը հիմնականում դրանից կախյալ արդյունքներ են: Կոնկրետ ծրագրերից կառանձնացնեի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցման աշխատանքների մեկնարկը, որը զգալի թափով առաջ է ընթանում: Այն մեզ համար ե՛ւ սոցիալ-տնտեսական, ե՛ւ ռազմավարական նշանակություն ունի: Մասնավորապես, այլ արդյունքներից բացի, այդ մայրուղու շնորհիվ զարկ է տրվելու Շահումյանի շրջանի զարգացմանը: Կատարված խոշոր աշխատանքներից հատկանշական են նաեւ Կաշենի եւ Կովսականի հանքերի շահագործման աշխատանքների մեկնարկները, որոնք մոտակա տասնամյակներին նշանակալի ազդեցություն են ունենալու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Մեկ այլ կարեւոր ծրագիր էր Թալիշի հողատարածքների համար ոռոգման համակարգի կառուցումը, որի նպատակով Արցախում բացառիկ հզորության պոմպակայան ենք շահագործել, եւ արդյունքում շուրջ 1000 հեկտար հողատարածք դարձել է ոռոգովի: Այս տարի «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» միջոցներով եւ խորհրդատվությամբ հարյուրավոր հեկտար հող ենք մշակել, իսկ ամբողջ շահույթը բաշխելու ենք Թալիշի բնակիչների միջեւ: Թալիշը մեկ այլ յուրահատկություն ունի, որը կարող է կանխորոշել Արցախի գյուղերի զարգացման հետագա ուղին: Խոսքը գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ձեւաչափի մասին է: Աստիճանաբար փորձ է արվելու այնտեղ ներդնել կառավարման կոոպերատիվ մեթոդը, որը մեր համոզմամբ, լավագույն մեթոդն է տվյալ պայմաններում: Քանի որ նշյալ ծրագրերը երկարաժամկետ եւ շարունակական են, դրանց հաջորդ փուլերը կարող ենք նշել նախատեսվող աշխատանքների շարքում:
Տարվա ընթացքում սպասվող հիմնական խոշոր ծրագիրը աշխատավարձերի բարձրացումն է, որը նախատեսվում է հուլիսի 1-ին: Այն, համոզված եմ, շոշափելի չափով բարելավելու է բնակչության կենսամակարդակը, քանի որ բարձրացումը զգալի է լինելու:
-Իսկ կոնկրետ Ձեր վարչապետության շրջանում ԼՂՀ կառավարությունը որքանո՞վ է կարողացել տնտեսության զարգացման հարցում շոշափելի արդյունք գրանցել:
-Լայն պրիզմայով դիտարկելիս՝ գլխավոր արդյունքը տնտեսության բազմազանության ապահովումն է: Այժմ, ինչպես երբեւէ, Արցախը կախված չէ տնտեսության որեւէ գերակշռող ճյուղից, այլ հավասարապես ուշադրություն է դարձվում մի քանի ճյուղերի վրա՝ հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն, հիդրոէներգետիկա, շինարարություն, թեթեւ արդյունաբերություն: Այս բազմազանության շնորհիվ հնարավոր է դարձել պահպանել աճի կայուն եւ կանխատեսելի տեմպերը: Յուրաքանչյուր ոլորտում եւս շեշտ ենք դրել բազմազանության ապահովման վրա: Օրինակ՝ գյուղատնտեսությունում հաջողությամբ սկսել ենք խթանել թե՛ միամյա, թե՛ բազմամյա մի շարք նոր կուլտուրաների մշակումը: Բացի դրանից, նկատելի հաջողություններ ենք գրանցել ինտենսիվ գյուղատնտեսության կիրառման ուղղությամբ: Հանքարդյունաբերությունում եւս ունենք բազմազանություն՝ քարածուխից մինչեւ պղինձ ու ոսկի:
-Հայաստանում նոր կառավարության ղեկավարը տնտեսության աճը կապում է առավելապես գործարարների արդյունավետ աշխատանքի հետ: Արցախում ինչպիսի մոտեցում կա գործարարների հանդեպ, արդյոք նրանց համար ստեղծվա՞ծ են առավելագույնս բարենպաստ պայմաններ:
-Ցանկացած տնտեսություն զարգանում է հետեւյալ հիմնական հիմքերի վրա հենվելով՝ ռեսուրսներ, գործարարներ եւ ինստիտուտներ: Այստեղ ոմանք կարող են գործարարներին եւս դիտարկել որպես ռեսուրս, այնուամենայնիվ, մի բան միանշանակ է, որ առանց մարդու (տվյալ դեպքում՝ գործարարի) ոչինչ չի կարող զարգանալ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր տնտեսության մեջ գործարարները հիմնային տեղ են զբաղեցնում: Ինչ վերաբերում է պետության կողմից նրանց տրվող աջակցությանը՝ գլխավորապես ինստիտուտների տեսքով, ապա կարող եմ համոզված պնդել, որ Արցախում պետությունը հնարավորինս կանգնած է գործարարի թիկունքին, աջակցում է եղած միջոցներով: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ չկան խնդիրներ գործարար դաշտի բարելավման ուղղությամբ, ինչը պետք է ավելի ինստիտուցիոնալ եւ համակարգային դառնա:
-ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախորդ ամիս հանդիպելով ՀՀ խոշոր գործարարներին, նրանց առջեւ պայման էր դրել՝ այսուհետ աշխատել բացառապես հարկային դաշտում եւ լիարժեք դուրս գալ ստվերից: Արցախում տնտեսության ստվերային դաշտն ինչպիսի՞ն է, եւ ինչպե՞ս է ԼՂՀ կառավարությունը պայքարում ստվերի դեմ:
-Ցույց տվեք որեւէ երկիր, որտեղ ստվեր չկա, եւ ես կպնդեմ, որ Արցախում էլ չկա: Բնականաբար, ստվերից ամբողջովին խուսափել անհնար է, սակայն դրա նվազման ուղղությամբ տարիներ շարունակ ե՛ւ խրախուսող, ե՛ւ պատժիչ մեթոդներ ենք կիրառում: Ընդհանրապես, անհնար է գնահատել ստվերի ծավալը, այդ պատճառով կանխարգելիչ աշխատանքների արդյունավետության ողջ չափը եւս դժվար է նշել: Սակայն անզեն աչքի համար էլ ակնհայտ է, որ աստիճանաբար բարելավվում են ստվերի դեմ պայքարի արդյունքները:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
շարունակելի