Ախուրյանի շաքարի գործարանի կառուցման աշխատանքները Շիրակի մարզում սկսվեցին 2006թ.: Նախատեսված էր, որ լրիվ հզորությամբ աշխատելու դեպքում գործարանն արտադրելու էր 220 հազար տոննա սպիտակ շաքար, որից 90 հազարն ուղղվելու էր ներքին շուկայի պահանջարկի բավարարմանը, իսկ մնացածն արտահանվելու էր: Անգամ մշակվել էր գյուղացիների հետ համագործակցության ծրագիր, որը, սակայն, չաշխատեց: Ծրագրի համաձայն, որպեսզի հումքը չներկրվեր, գյուղացիներին շահագրգռելու էին ճակնդեղ մշակել. 1 կգ-ի համար վճարելու էին 35 դրամ` 16 տոկոս շաքարի պարունակության դեպքում: Ճակնդեղագործները, սակայն, հիմնականում որդեգրեցին պասիվ կեցվածք եւ հայտարարեցին, որ առաջարկը ձեռնտու չէ, գումարը շատ քիչ է, իսկ ճակնդեղագործությունը տաժանակիր աշխատանք է: Ինչեւէ, շաքարի նորակառույց գործարանը ստիպված էր աշխատանքը չդադարեցնելու համար հումք ներկրել: Սակայն շահագործման օրվանից լրագրողները պարբերաբար ահազանգ են ստանում այն մասին, որ շաքարի գործարանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Հիմա էլ արդեն երեք ամիս է` գործարանը չի աշխատում. «Ո՛չ գիտենք աշխատում ենք, ո՛չ գիտենք չենք աշխատում: Մենք էլ ընտանիք ենք պահում, չիմանա՞նք` երբ ենք գործի գնալու: Ոչ մի հստակ բան մեզ` աշխատողներիս, չեն ասում, թե գործարանն ինչի չի աշխատում»,-դժգոհում էր մեզ զանգահարած աշխատակիցը: «Եթե փակ է ու փակ է մնալու, ըդպես էլ ըսեն, մենք էլ կհասկնանք, ուրիշ գործ ման գանք, բայց ոչ թե էսպես անորոշ: Երբ ուզենան տուն ուղարկեն, կըսեն՝ գնացե՛ք, մենք կկանչենք»,- հավելեց Ախուրյան համայնքի բնակիչը, ով եւս աշխատում է տվյալ գործարանում: Միեւնույն ժամանակ աշխատակիցները պնդում են, որ ձմռանը գործարանն աշխատեցնելը շատ դժվար կլիներ, քանի որ այն չի ջեռուցվում: Բացի այդ, կան տեղեկություններ, որ կրճատվել են զգալի թվով աշխատակիցներ:
Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ գործարանի աշխատանքը հաճախակի կանգնում է, բայց ոչ երկար ժամանակով. «Այնտեղ, եթե չեմ սխալվում, որոշ ժամանակը մեկ իրականացվում են մաքրման աշխատանքներ, բայց թե այս անգամ ինչն է գործարանի աշխատանքի դադարեցման պատճառը, չեմ կարող ասել»: Գործարանի գլխավոր տնօրեն Էդիկ Սարգսյանն էլ փոխանցեց, որ պլանային ընթացիկ վերանորոգումներ են տեղի ունենում, իսկ թե երբ կավարտվեն աշխատանքները, չնշեց եւ չցանկացավ պատասխանել մեր մյուս հարցերին` պատճառաբանելով, թե ինքը շատ զբաղված է:
Լուրեր են պտտվում, որ ցանկություն կա գործարանը վաճառել, քանի որ այն սպասվածի չափ եկամուտ չի բերում Սամվել Ալեքսանյանին: Անգամ Բելառուսից հավակնորդներ են եղել, սակայն նրանց մասնագետներին գործարանի արտադրած շաքարի որակը չի գոհացրել, եւ գործարքը տեղի չի ունեցել:
Նշենք, որ շաքարի գործարանը կարելի է համարել փակ կառույց: Անհնար է մուտք գործել եւ տեղում ծանոթանալ, թե ինչ իրավիճակ է գործարանում: Ասում են` մինչեւ Սամվել Ալեքսանյանից չլինի համապատասխան թույլտվություն, ոչ մեկը չի կարող մտնել գործարան: Իսկ նա հիմնականում չի թույլատրում:
Գյումրի