Հայաստանը մի հսկայական հանքավայրի վերածելու ճամփին գտնվող հայրենի կառավարությունը հիմա էլ սկսել է հանքարդյունաբերողներին հողատարածքներ հատկացնել գերեզմանոցների հաշվին: Oրերս «Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ Լոռու մարզի Շամլուղ քաղաքային համայնքի բնակիչներից, ովքեր տեղեկացրեցին, որ «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն իրենց համայնքի գերեզմանոցի մոտ ամենօրյա պայթեցումներ է անում, ինչի հետեւանքով ճաքում են բաց հանքին մոտ գտնվող շենքերի պատերը: Բացի այդ, բաց հանքից ոչ այնքան հեռու` 80-100 մետր հեռավորության վրա է գտնվում Շամլուղի գերեզմանոցը: Այն նույնպես վտանգված է, քանի որ ընկերությունը մտադիր է գերեզմանոցի հաշվին ընդլայնել պայթեցումների համար նախատեսված իր տարածքը: Մինչդեռ նկատենք, որ ընդերքի մասին ՀՀ օրենքով՝ գերեզմանների մոտ ընդերքօգտագործումն արգելվում է:
«Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիները տեղեկացրեցին, որ պայթեցումները ոչ միայն վախեցնում են բազմաբնակարան շենքերի բնակիչներին, այլեւ պատճառ են դառնում, որ նրանք ընդմիշտ հեռանան սեփական տներից:
«Այնպիսի ուժգնությամբ են պայթեցնում, որ քեզ թվում է, թե բարձր բալանոց երկրաշարժ է ու հիմա տունը փուլ կգա: Ամեն օր պայթեցնում են: Նախկինում մինչ պայթեցնելը զգուշացնում էին, հիմա ով է մտածում դրա մասին», -«Ժողովուրդ»-ին դժգոհեցին Շամլուղի բնակիչները:
Հնչած ահազանգի հետքերով «Ժողովուրդ»-ը դիմեց Շամլուղի քաղաքապետ Լիպարիտ Բեժանյանին, ով, սակայն, լսելով հարցը վրդովվեց. «Ով որ ասել է՝ պատահական բաներ է ասել: Այն գերեզմաններից շատ հեռու է: Ամոթ է ե՛ւ ասողին, ե՛ւ անողին: Այն վայրը, որտեղ պայթեցումներ են իրականացնում մոտ 500 մետր հեռու է գերեզմանոցից: Այն էլ` մի փոսի, ձորի մեջ է»: Դժվար է հավատալ, որ քաղաքապետը տեղյակ չէ, որ իր ղեկավարած համայնքում գտնվող Շամլուղի բաց հանքի սահմանը գերեզմանոցից հեռու է ընդամենը 80-100 մետրով:
Իսկ ահա բնապահպան Հակոբ Սանասարյանը դեռ նախորդ տարի է եղել Շամլուղում: Նա «Ժողովուրդ»- ի հետ զրույցում հավաստիացրեց, որ պայթեցումներն իրականացվում են քաղաքի գերեզմանոցից մոտ 100 մետր հեռավորության վրա:«Գերեզմանոցը վերեւում է, իսկ հանքը` մոտ 100 մետր ներքեւում` փոսի մեջ: Ամբողջ պատասխանատվությունն այնպես չէ, որ ընկած է «Ապառաժ մայնինգ»-ի վրա: Նա ընդամենը կատարող է»,- նշեց Սանասարյանը:
Մեր զրուցակիցը նույնպես Շամլուղի բնակիչներից ահազանգեր է ստացել` կապված ամենօրյա պայթեցումների հետ. ²Շատ են դժգոհում, որ այն իրենց վնասում է: Դեռ ավելին` «Ապառաժ»-ը մտադիր է ընդլայնել տարածքը` գերեզմանոցի հաշվին: Իսկ մինչ այդ, անտառի հաշվին են ընդլայնվել, ծառահատել են այն»:
Մինչ «Ապառաժ մայնին»՚ ընկերությանն անդրադառնալը՝ նշենք, որ Ընդերքի մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածում նշված է հետեւյալը. »Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի եւ առողջության, պատմամշակութային արժեքների կամ բնության եւ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան` 1) գերեզմաններ. 2) բնության, պատմության եւ մշակույթի հուշարձաններ եւ այլն»:
Տեղեկացնենք, որ նախկինում Հայաստանի հանքատերերը համապատասխան պայթուցիկները ներմուծում էին Թուրքիայից: Իսկ ահա 2011-ին Հայաստանում ստեղծվեց պայթուցիկ նյութերի արտադրության գործարանը` «Ապառաժ մայնինգ»-ը: Այն գործում է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում եւ Կոտայքի մարզի Հանքավան համայնքում: Քաջարանի «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ն արտադրում է էմուլիսոն պայթուցիկներ, որի սպառողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Պայթուցիկն օգտագործվում է հանքարդյունաբերության մեջ, եւ արդեն մեծ պահանջարկ է վայելում:
«Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի անունը մենք հաճախ ենք լսել, քանի որ ՀՀ կառավարությունն այս ընկերությանը մշտապես ՙաչքի տակ է պահել»: Եվ իզուր չէ, որ ժամանակ առ ժամանակ կառավարության համապատասխան որոշումներով այս ընկերությանը կա՛մ հարկային արտոնություն է տրվում` ավելացված արժեքի հարկի վճարման տարկետման տեսքով, կա;մ պայթուցիկ նյութերի արտադրման նպատակով անժամկետ լիցենզիա է տրամադրվում, կա°մ էլ հետաձգվում է ներդրումային ծրագրերով ներմուծվող 300-ական միլիոն դրամը գերազանցող արժեքով հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը:
Մի ուշագրավ տեղեկություն ևս. «Ապառաժ մայնինգ»-ի արտադրանքի միակ սպառողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: «Ժողովուրդ»- ի տեղեկություններով՝ «Ապառաժ մայնինգ»-ն այս կոմբինատի դուստր ձեռնարկությունն է, հետեւաբար Շամլուղի գերեզմանոցի մոտ պայթեցման գործողությունները «Ապառաժ մայնինգ»-ը կատարում է կոմբինատի պատվերով եւ հրահանգներով:
Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ եւ ստացավ հետեւյալ պատասխանը. «Սխալ եք անում, դա ձեր ինչ գործն է: Նման բան չկա»,- կոպիտ տոնով պատասխանեց Հակոբյանը եւ անմիջապես անջատեց հեռախոսը: Իսկ «Ապառաժ մայնինգ» ընկերության տնօրինության հետ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ին այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել. ընկերության հեռախոսավարուհին անտարբեր տոնով փոխանցեց, որ տնօրենները տեղում չեն:
Հիշեցնենք, որ 2012թ. մայիսին ահազանգեր հնչեցին այն մասին, որ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պայթեցումների համար կիրառվող պայթուցիկներում օգտագործվում է ալյումինի փոշի: Իսկ ալյումինը կարող է քայքայել աղեստամոքսային տրակտը, ազդել կենտրոնական նյարդային համակարգի վրա՝առաջացնելով դիստրոֆիկ եւ նեկրոբիոտիկ փոփոխություններ, ազդել աուտոիմունային պրոցեսների զարգացման վրա: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք «Ապառաժ մայնինգ»-ը նույնպես ալյումին չի օգտագործում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ