Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտինի համատեղ ասուլիսը տեղի ունեցավ ուշ երեկոյան, այդ պատճառով էլ պատշաճ կերպով չլուսաբանվեց: Այնինչ նրանց համատեղ ասուլիսում քիչ չէին ուշագրավ դրվագները:
ՀՀ նախագահի նստավայրում մոտ 20 րոպե տեւած ասուլիսն ամբողջությամբ ընթացել է ռուսերենով: Ընդ որում, հարցերին ռուսերեն է պատասխանել նաեւ Սերժ Սարգսյանը` մոռանալով, որ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է:
Կարեւոր էին նաեւ ասուլիսի ժամանակ ԼՂ խնդրի մասին Ս. Սարգսյանի եւ Վլ. Պուտինի հայտարարությունները: Ճիշտ է, արցախյան խնդրին անդրադարձն ասուլիսի ժամանակ բավական հպանցիկ էր, բայց հայտարարություններն ուշագրավ տարրեր էին պարունակում: Առավել եւս, երբ ԼՂ հիմնահարցը քննարկվել էր մինչեւ ասուլիսը՝ Սարգսյան-Պուտին առանձնազրույցի ժամանակ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկվա դրությամբ Սերժ Սարգսյանը դեռ իր թիմակիցների հետ չէր կիսվել առանձնազրույցի մանրամասներով: Սակայն Ս. Սարգսյանը Վիեննայում Ալիեւի հետ հանդիպումից հետո` ՀՀԿ ԳՄ նիստում, հանգամանալից անդրադարձել էր ԼՂ խնդրում ստեղծված վիճակին ու նշել, որ այն լուրջ է ու անորոշ:
Նախօրեին՝ ասուլիսի ժամանակ, Ս. Սարգսյանը, հերթական անգամ Պուտինին շնորհակալություն հայտնելով, ասել է, թե իրենք մեկ անգամ եւս հաստատել են խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը «մեկ ամբողջություն կազմող` ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»: Իսկ Պուտինն էլ հայտարարել է, թե ինքը ողջունում է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ուղիղ շփումների վերականգնումն ու նշել, որ նոյեմբերի 19-ին Վիեննայում ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կրել է դրական բնույթ. «Մենք հույս ենք դնում կողմերի առողջ բանականության եւ կարգավորման ձգտման վրա, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ամեն կերպ աջակցելու ենք դրան»: Իսկ արդեն ասուլիսի ժամանակ, երբ հայ լրագրողը ՌԴ նախագահին հարցրել է, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններն իրականություն դառնան, Պուտինը պարզապես խուսափել է կոնկրետ պատասխան տալուց: Նա հայտարարել է, որ որքան այդ մասին շատ խոսեն, այնքան կնվազեն խաղաղ կարգավորման հնարավորությունները. «Մենք կցանկանայինք, որ Ռուսաստանի սահմաններին այդքան մոտ գտնվող եւ Ռուսաստանի հետ այդչափ սերտ հարաբերություններ ունեցող այս տարածաշրջանում երբեք այլեւս արյուն չթափվի` ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի քաղաքացիների: Մենք հենց դրա վրա էլ աշխատում ենք: Ենթադրաբար ասել, թե ինչ կանենք մենք, եթե պատերազմ սկսվի, իմ կարծիքով՝ լավ արդյունքների չի բերի: Կստացվի, որ մենք պատրաստվում ենք պատերազմի, իսկ մենք պետք է հասնենք նրան, որ, ինչպես Հայաստանի նախագահը նշեց, բոլոր վիճելի հարցերը լուծվեն բացառապես դիվանագիտության միջոցներով: Մենք դրան էլ ձգտելու ենք»: Այլ կերպ ասած՝ Պուտինը չի հստակեցրել` ՌԴ-ն կպաշտպանի իր ռազմավարական գործընկեր ՀՀ-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեպքում, թե ոչ:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն ռազմական ներկայություն ունի ՀՀ-ում, ընդ որում, 2010թ. օգոստոսին ստորագրված պայմանագրով ընդլայնվեցին այդ ռազմաբազաների գործառույթները: Բացի այդ՝ ՀՀ-ն ու ՌԴ-ն ՀԱՊԿ անդամ են, իսկ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ այդ երկրներից որեւէ մեկի անվտանգության սպառնալիքի դեպքում մյուսները պարտավոր են միջամտել եւ օգնություն ցուցաբերել: Մյուս կողմից, հասկանալի է նաեւ ՌԴ նախագահի մոտեցումը. ՌԴ-ի շահերից չի բխում հանուն Հայաստանի Ադրբեջանի հետ հարաբերությունները վատթարացնելն ու որեւէ ռազմատենչ հայտարարություն անելը, եւ Պուտինը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, առաջնորդվում է սեփական երկրի շահերով: Պատահական չէ, որ ԼՂ խնդրի մասին խոսելիս Պուտինն ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում՝ ՌԴ սահմանների մոտ ռազմական գործողություններ ծավալվեն, եւ արյուն թափվի:
Իսկ արդեն երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասուլիսի ժամանակ նշել է, որ Վիեննայի հանդիպումը հնարավորություն է բացում ղարաբաղյան հարցի կարգավորման համար, ու ՀՀ-ն փորձելու է հնարավորինս առաջ տանել բանակցային գործընթացը: Նա ասել է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման իրատես մոտեցումը կարող է հիմնված լինել եռանախագահների կողմից արված առաջարկների վրա, որոնք հրապարակված են եռանախագահող երկրների ղեկավարների հայտնի 5 հայտարարություններում: Ըստ Նալբանդյանի` ՀՀ-ն կողմ է դրանցում արված առաջարկների եւ սկզբունքների հիման վրա խնդրի կարգավորմանը:
Նշենք, որ այսօր Կիեւում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հավաքի ժամանակ Նալբանդյանը հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, եւ քննարկելու են առաջիկա ամիսներին Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպման կազմակերպման հարցը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ