2011 թվականի հոկտեմբերի 13-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Իջեւանի N զորամասերից մեկում մահացել էր ժամկետային զինծառայող 21-ամյա Արամ Աշոտի Մելքոնյանը: Պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ Արամը ինքնասպանություն է գործել: Ըստ շրջանառվող լուրերի` երիտասարդն իր ընկերուհու պատճառով էր նման քայլի դիմել: Սակայն Արամի մայրը բացառում է այդ տարբերակը եւ շուրջ 4 ամիս է` անհամբեր սպասում է, թե երբ է նախաքննությունն ավարտվելու, որպեսզի տեղեկանա` իրականում ինչ է տեղի ունեցել:
21-ամյա Արամ Մելքոնյանը Երեւանի բնակիչ էր, զորակոչվել էր 2011 թվականի առաջին զորակոչի ժամանակ` Նոր Նորքի զինկոմիսարիատից: Արամը բնակվում էր Ավան վարչական շրջանի Դուրյան 36 փողոցի 28 բնակարանում: Համաձայն լուրերի` զինվորն ինքնասպան է եղել անձնական եւ ընտանեկան խնդիրների պատճառով: Նախնական տեղեկություններով` երիտասարդը զենքը մաքրելուց հետո առանձնացել էր եւ կրակել իր կրծքավանդակի շրջանում:
Արամը բուհն ավարտելուց հետո էր զորակոչվել հայոց բանակ եւ դեռեւս 4 ամիսն էլ չէր լրացել, ինչ նա ծառայում էր բանակում: Ժամկետային զինծառայողը մահացել էր հիվանդանոց տանելու ճանապարհին: Նա դեպքից առաջ հեռախոսազրույց էր ունեցել սիրած աղջկա հետ: Հիշեցնենք, որ Արամի մայրը` Հռիփսիմե Սուքիասյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ Արամը սպայական անձնակազմի հետ որեւէ խնդիր չի ունեցել: Նա տեղեկացրել էր, որ որդին հիմնականում բողոքել է, թե չի հարմարվում բանակում տիրող վիճակին, որտեղ անընդհատ «ռազբորկա» է. «Ասում էր` մա՛մ, էս ո՞ւր եմ ընկել: Չեմ ասում, որ ուտելիքից գոհ էր, չէ՛, ասում էր հարմարվում ենք, բայց ինչի՞ պիտի զինվորն ուտելիքից դժգոհի, ես միշտ ասել եմ` ամենալավ թիքեն պիտի զինվորն ուտի, որ ինքը մտածելու բան չունենա»:
Մեր զրուցակիցը պատմել էր նաեւ, որ Արամն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, նրան անգամ չի թույլատրվել վազելը, սակայն նրան ստիպել են վազել: Երեկ, երբ զրուցեցինք տիկին Հռիփսիմեի հետ` պարզելու, թե ի վերջո, ինչ է բացահայտվել` Արամի մահվան հետ կապված, տեղեկացանք, որ որեւէ փոփոխություն չկա, ու դեռեւս սպասում են, թե երբ է ավարտվելու նախաքննությունը. «Ոչ մի բան չի բացահայտվել, մենք էլ ենք անհամբեր սպասում բացահայտմանը: Մարդիկ աշխատում են, բայց դեռեւս ոչ մի առաջընթաց չկա: Դե ինքնասպանության հոդվածով է գործը քննվում, ոչ մի վերսիա չկա, բայց ասում են` փնտրում են, չեն կարողանում գտնեն, թե պատճառն ինչն ա, ինչի համար ա տենց բան արել: Արամը լավ զինվոր ա եղել, իրա մասին, բացի լավից, ուրիշ բան չեն ասում` յուրահատուկ մարդ, յուրահատուկ անձնավորություն»:
Արամի մայրը նշեց, որ որդու զինակից ընկերների հետ չեն հանդիպել, քանի որ չեն ցանկանում որեւէ մեկին տեսնել եւ նրա վերաբերյալ որեւէ բան խոսել. «Չեմ ուզում նորից փորփրեմ, նորից էդ դաժանությունները հիշեմ, ուղղակի գիտեմ, որ արդարությունը ջրի երես անպայման դուրս է գալու, չեմ կարա դուրս գամ փողոց ու գոռամ, որ սենց բանա եղել, տենց բան չեմ անի, դա իմս չի: Մեկ ա, էդ ամեն ինչը սուտ ա, դրանով ոչ մի բանի չես հասնի»: Մեր զրուցակիցը հերքեց այն տեղեկությունը, որ Արամն ինքնասպան է եղել իր ընկերուհու պատճառով. «Ինքը տենց տղա չէր, որ ընկերուհու հետ վիճեր ու տենց բան աներ, ինքը շատ խելացի էր ու կայուն, ես էլի եմ ասում, որ պետք չէ նրա անունը շահարկել, չի կարելի չեղած տեղից բան սարքել ու վարկաբեկել: Չէ՛, Արամի ընկերուհուն չեմ հանդիպել նրա մահվանից հետո եւ չեմ էլ ուզում հանդիպեմ, թող իր համար հանգիստ ապրի, չեմ ուզում ոչ մի բան լինի, մինչեւ չտեսնեմ` ինչ է բացահայտվելու»:
Տիկին Հռիփսիմեն նշեց, որ մահացած ժամկետային զինծառայողների ծնողների հետ չի մասնակցում բողոքի ակցիաներին, քանի որ հստակ գիտի, որ դրանով որեւէ բան չի փոխվելու: «Ես չեմ կարա ասեմ, թե իրականում չի ա եղել` ինքնասպան է եղել, թե չէ, ես ոչ մի վարկած չեմ կարա հերքեմ, ասեմ էս ա եղել, թե էն, իրոք եմ ասում, ես չգիտեմ… ես իրան անգամ չեմ կարողացել գնամ տեսնեմ, մենակ իրա պապան ա տեսել իրան»,-լացակումած ասաց Արամի մայրը: Վերջում հավելեց, որ դեռեւս համբերությամբ սպասում է, թե երբ են իրեն տեղեկացնելու` ինչու է իր մինուճար որդին մահացել:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանից տեղեկացանք, որ գործը գտնվում է նախաքննության փուլում, եւ որեւէ ձերբակալված չկա: Նշենք, որ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ 110 հոդվածի հատկանիշներով` ինքնասպանության հասցնելը, սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
ՄԱՅՐԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՈՐԴՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ