ՇՈՒՆ ԿՌՎԱՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՊԵՏՔ Է «ՀԱՐՑՆԵԼ ԿԵՆԴԱՆՈՒ ԿԱՐԾԻՔԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն արտահերթ կարգով խորհրդարանին մի նախագիծ էր ներկայացրել, ըստ որի՝ արգելվում է կենդանիներին վախեցնել, միմյանց նկատմամբ սադրել, տրամադրել: Նաեւ` արգելվում Է սեղմել կենդանիների դյուրազգաց մասերը՝ պոչերը, ականջները, առանց ցավազրկման կենդանուն ամորձատելը, եղունգները հեռացնելը, կենդանիների գլուխներից, եղջյուրներից, ականջներից, ոտքերից եւ մորթուց քարշ տալը: «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ ԲՀԿ անդամի հետ` պարզելու նրանց տեսակետն այդ նախագծի մասին:

ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր համար եւս առայժմ անհասկանալի է մնում օրենքի կիրառելիությունը: Մեր հարցին, թե ինչպես է գյուղացին վարվելու իրեն պատկանող անասունների հետ` պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, այդ կարգավիճակները մի քիչ տարօրինակ են, բայց կան եվրոպական նորմեր: Եթե մենք վերցնում ենք եզակի գյուղացուն, որն իր կենդանու հետ վարվում է այնպես, ինչպես ինքն է ուզում, ապա կան խոշոր ֆերմաներ, որտեղ նման նորմերի պահանջը նորմալ է: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե գյուղացին պոչ կքաշի, թե չէ, դա ես չեմ կարող ասել»:
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ եվրոպական երկրներում վերը նշված պահանջները նորմալ են համարվում. «Օրենքի կիրառումը նախատեսված է 2017 թվականին ու համապատասխան գերատեսչությունը, որը պետք է հսկի այդ ամենը…. բայց թե ինչպես է դա հսկելու` մեխանիզմները պարզ չեն: Չեմ ասում, որ այդ օրենքն այժմ պետք էր, բայց վաղ թե ուշ` այն մենք պետք է ընդունեինք»: Դիտարկմանը՝ լինելով գյուղապետի նախկին տեղակալ, ինչպես է պատգամավորը պատկերացնում կենդանիներին չսադրելու, միմյանց դեմ չտրամադրելու գործընթացը, Ա. Ավետիսյանն ասաց. «Մի անգամ գրել էիք շուն կռվացնելու մասին, հենց դա կարող է լինել, այո, շուն կռվացնել չի կարելի: Մենք մեզ իրավունք ենք վերապահում իշխել կենդանական աշխարհին ու ինչ ուզում ենք՝ իրենց գլխին անում ենք, իրականում մենք նման իրավունք չունենք: Ասենք, ով է այդ կենդանուն հարցրել՝ ինքն ուզում է այդ պահին կռվել, որ մենք տանում կռվացնում ենք շան հետ: Իսկ վերահսկումն ու կիրառումը, ճիշտն ասած, չեմ պատկերացնում»:
ԱԺ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին հայացքից օրինագիծը տարօրինակ է, բայց, ըստ կառավարության՝ այդ ոլորտում նշված չափորոշիչները պետք է համապատասխանեցվեն եվրոպական նորմերին: «Երեւի մինչեւ 2017 թվականը կմտածեն, թե ինչ են անելու: Մեր հանձնաժողովում այդ հարցը չի քննարկվել, դա արտահերթ ռեժիմով է բերվել, եթե հանձնաժողովում լիներ՝ մենք մեր հարցերը կբարձրաձայնեինք, մանրամասն կհասկանայինք, թե այդ ամենի նպատակը որն էր»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս