«ԲԵՆՏՈՆԻՏ»-Ի ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ ութամսյա պարապուրդից հետո օրերս Իջեւանի բենտոնիտի կոմբինատը վերսկսել է աշխատանքը: Կոմբինատի կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ «Բենտոնիտ»-ն, ի վերջո, ձեռք է բերել հանքանյութի արդյունահանման լիցենզիա: Հարցին՝ ինչն էր պատճառը, որ լիցենզիայի տրամադրումն այդքան ուշանում էր, ինչի արդյունքում կոմբինատը 2013թ. նոյեմբերից պարապուրդի էր մատնված, Մ. Թոփալյանը կարճ եւ անորոշ պատասխանեց՝ «թյուրիմացություն էր եղել»:

Հիշեցնենք, որ նախկինում Թոփալյանը լիցենզիայի ձգձգման հետ կապված մեզ ասել էր. «Չգիտե՞ք՝ բյուրոկրատիա է, մինչ մեր նամակները նախարարություն են հասնում, նախարարությունից այստեղ, ժամանակ է անցնում: Բյուրոկրատական հատուկ օրենքներ են, բավականին երկար ժամանակ է տեւում լիցենզիա ստանալը՝ 6-8 ամիս»: Կոմբինատի մենեջերը տեղեկացրեց, որ ներկայում գործարանում աշխատում է շուրջ 100 մարդ:
Նշենք, որ «Բենտոնիտ» կոմբինատը մեծ նշանակություն է ունեցել Իջեւանի տարածաշրջանի սահմանագոտու զարգացման գործում: Այն հիմնադրվել է 1967 թվականին։ Ձեռնարկության հենքի վրա ստեղծվել է Ազատամուտ բանվորական ավանը, որն այժմ գյուղի կարգավիճակ ունի: Նախկինում բենտոնիտի կոմբինատում աշխատում էին Ազատամուտի, Աչաջրի, Դիտավանի, Սարիգյուղի, Սեւքարի հարյուրավոր բնակիչներ: Հայաստանի անկախացումից հետո, Ադրբեջանի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակման հետեւանքով գործարանն անգործության էր մատնվել, աշխատել կարճ ժամկետներով` բենտոնիտի փոշու հերթական խմբաքանակի պատվերի դեպքում: Գործարանի սեփականատերերի մի քանի փոփոխությունները նախկինում դրական արդյունք չեն տվել: Հերթական սեփականատերն այդ ընթացքում գործարանում առկա գույքի մի մասը վաճառել է:
Մեր տեղեկություններով` մի քանի տարի առաջ վրացիները կոմբինատից գնել են չգործող, սակայն արտադրանք թողարկելու ունակ հոսքագիծ: Ընդ որում, վրացիները հոսքագիծը ձեռք են բերել ոչ թե իրենց, այլ ադրբեջանցիների համար: Մեր ունեցած տվյալներով` այդ հոսքագիծը տեղադրվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ-Սալահլի գյուղում գործարկված բենտոնիտի գործարանում: Նշենք, որ Իջեւանի բենտոնիտի կոմբինատի համար արտադրական հումք հանդիսացող բենտոնիտային կավի հանքերը գտնվում են սահմանում, Իջեւանի Սարիգյուղ համայնքի տարածքում: Այդ հանքավայրի շարունակությունը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Եվ հիմա ադրբեջանցիները թողարկված արտադրանքը ավելի հեշտ են տեղափոխում Ռուսաստան: Իսկ Իջեւանի բենտոնիտի գործարանի արտադրանքը արտահանման դժվար ուղի է անցնում: Արտադրված բենտոնիտի փոշին տեղավորվում է մեծ պարկերում: Դրանք ավտոմեքենաներով տեղափոխվում են «Այրում» կայարան, ապա երկաթուղով Վրաստանի սեւծովյան նավահանգիստներ, որտեղից էլ` ծովով Ռուսաստան: Այդկերպ կրկնակի բարձրանում է բենտոնիտի փոշու ինքնարժեքը, ինչը ռուսական շուկայում ավելի մրցունակ է դարձնում համեմատաբար էժան ադրբեջանական արտադրանքը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս