ԳՅՈՒՄՐԻՆ ԱՌԱՆՑ ԻՐԱՎԱԲԱՆ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Գյումրու փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը հայտարարեց փոխքաղաքապետի պաշտոնը թողնելու եւ իր անձնական իրավաբանական գրասենյակը հիմնելու մասին: Ուշագրավն այն է, որ ըստ Մալխասյանի՝ ինքն է կանոնակարգել քաղաքապետարանի իրավական դաշտը, որը մինչ այդ եղել է բարձիթողի վիճակում: Իսկ հիմա, նախկին փոխքաղաքապետը որոշել է զբաղվել իրավաբանական գրասենյակով, որը գործունեություն է ծավալելու նաեւ Գյումրիի սահմաններից դուրս: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գուրգեն Մալխասյանի հետ:

-Քանի՞ տարի եք փոխքաղաքապետ աշխատել:
-Մոտ երկու տարի: Քաղաքացիական ծառայության խորհրդի հիմնադիր իրավաբանական վարչության պետն եմ եղել, այնուհետեւ աշխատանքի պետական տեսչության իրավաբանական բազայի ստեղծողներից մեկն եմ: Հետո տեսչությունում աշխատել եմ իրավաբանական վերահսկողության պետ, որից հետո տեսչության պետի տեղակալ: Հետո՝ Ազգային ժողովի փոխնախագահի իրավաբանական բլոկի ղեկավարն եմ եղել: Ու նաեւ փաստաբաննների պալատի անդամ եմ:
-Հիմա ինչո՞վ եք զբաղվելու:
-Իրավաբանական գրասենյակ եմ հիմնել եւ դրանով պետք է զբաղվեմ: Արդեն հինգ օր է, ինչ աշխատում է այս գրասենյակը:
-Պարոն Մալխասյան, ինչպե՞ս ստացվեց, որ նշանակվեցիք փոխքաղաքապետ:
-Դե, պարոն Բալասանյանին ես ճանաչում էի, միասին աշխատել ենք: Երբ ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ինձ առաջարկեց դառնալ փոխքաղաքապետ: Ես էլ համաձայնվեցի: Եվ գտնում եմ, որ ճիշտ եմ արել ու լուրջ աշխատանք եմ կատարել:
-Կնշե՞ք, թե ինչ եք արել քաղաքի համար:
-Իրավական դաշտի կանոնակարգումը, հատկապես որ այսօր մենք ունենք տեղայնացված վարչարարություն եւ վարչական վարույթի մասին օրենքը լիարժեք գործում է քաղաքապետարանի բոլոր գործառույթներում: Նախապատրաստել ենք կանոնադրություն եւ պետական իրավական փորձաքննություն է անցել, հրապարակվել է ավագանու կանոնակարգը:
-Փաստորեն, մինչ Ձեր նշանակվելը քաղաքապետարանում իրավաբանական առումով բարձիթողի վիճակ է եղել:
-Չի եղել նման բան: Ինչ ասեմ, կոնկրետ իրավաբանական առումով օրինական գործող նման իրավական ակտեր չեն եղել: Միգուցե աշխատանքային տարբերակներ են եղել, որն իրավաբանական նշանակություն չունի:
-Իսկ փոխքաղաքապետի պաշտոնը եկամտաբե՞ր էր:
-250 հազար դրամի սահմաններում:
-Դա ընտանիք պահելու համար բավարա՞ր է:
-Նայած ընտանիք. եթե երկու հոգանոց է, ապա բավարար է, իսկ ավելի՝ բազմանդամի դեպքում, բնականաբար ոչ:
-Կոնկրետ Ձեզ բավարարո՞ւմ էր:
-Ես միայն այդ աշխատավարձով չէի ապրում, որովհետեւ իմ տղաները իրավաբան են աշխատում: Եվ մեր տան եկամուտը միայն իմ աշխատավարձը չէ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս