ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, կա՞ն դեպքեր, երբ տնօրինությունն իրավունք ունի երեխային դպրոց չընդունել: Եթե այո, ապա նշեք նման մի քանի դեպք:
Անուշ Մակեյան (35 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մակեյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ պետական հանրակրթական դպրոցի տնօրինությունը պարտավոր է տվյալ տարածքում բնակվող դպրոցահասակ բոլոր երեխաներին ընդունել դպրոց՝ ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ: Սպասարկման տարածքից դուրս բնակվող եւ տվյալ հանրակրթական դպրոցում սովորող եղբայր կամ քույր ունեցող երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց կատարվում է ծնողի ցանկությամբ: Մնացած դեպքերում, հանրակրթական դպրոցի սպասարկման տարածքից դուրս բնակվող երեխայի ընդունելությունը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմանների առկայության դեպքում:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2012-2013 ուսումնական տարում աճել է ուսումն անավարտ թողած եւ դպրոցից հեռացած սովորողների թվաքանակը` նախորդ տարվա 758 սովորողից դառնալով 1070: Ի դեպ, աճը կազմել է շուրջ 40.8%:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե անձն ինչպիսի՞ փաստաթուղթ պետք է ներկայացնի, որով կհավաստվի նրա` ազգությամբ հայ լինելը:
Ալբերտ Հունանյան (34 տարեկան, առաքիչ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթղթերն են`
ա. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող անձնագիրը
բ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող ծննդյան վկայականը
գ. ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում պարունակող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, ճամփորդական փաստաթուղթը, ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը,
դ. ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման N 4 հավելվածում նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը` հաստատված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի՝ ազգությամբ հայ լինելու մասին նշումով,
ե. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված եւ ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթը,
զ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթը` հաստատված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,
է. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ 2011թ. մարդահամարի արդյունքներով Հայաստանում գրանցվել է 2,871,509 մարդ: Մինչդեռ 2001թ. նույն ժամանակահատվածի համեմատ առկա բնակչության ցուցանիշը կազմել էր 3, 002, 598 մարդ:
ՀԱՐՑ. Իմ հարեւանի ջրի խողովակն անցնում է իմ տան միջով, որը շենքի հիմնական ներքին ցանցի ջրատարի խողովակը չէ: Ջուրը լցվել է իմ տուն: Խնդրում եմ ասեք, իրավունք ունե՞մ ջրի խողովակը հանել, որն անցնում է իմ տան միջով:
Դավիթ Ամրոյան (58 տարեկան, նկարիչ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցը կարգավորվում է ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշմամբ, որով կարգավորվում են բնակելի տարածքներում փոփոխություններ կատարելու նպատակով թույլտվություն տալու եւ չտալու հարցերը:
Այսպես, օրինակ, վերոնշյալ կարգի երկրորդ հավելվածի 13-րդ կետի համաձայն` առանց շինարարության թույլտվության կարող եք կատարել միայն հետեւյալ շինարարական աշխատանքները`
ա) ջրատար եւ կոյուղու խողովակների ու uարքերի հոuքերի եւ կաթոցների վերացում,
բ) ջրատար եւ կոյուղու խողովակաշարերի ամրացում եւ մաuամբ նորոգում,
գ) ցրտահարվող մաuերում խողովակաշարերի ջերմամեկուuացում,
դ) կոյուղու խողովակների եւ uարքերի մաքրում,
ե) խողովակաշարերի հատվածների նորոգում,
զ) առանձին uարքերի փոխում (զուգարանակոնքեր, կողիկներ, լվացարաններ, կոնքեր, ցայտաղբյուրներ, ծորակներ եւ այլն):
Ինչպես տեսնում եք, այն աշխատանքն, ինչը որ դուք ցանկանում եք իրականացնել վերոնշյալ ցանկում, չկա, ինչը նշանակում է, որ պետք է ստանաք շինարարության թույլտվություն:
«Իրավունքի իրազեկում» հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ եթե հարեւանի բնակարանի ջրի խողովակը վնասվել է` անհանգստություն պատճառելով մեզ դիմած քաղաքացուն, ապա նա ստիպված պետք է դիմի համապատասխան բաժին, ստանա շինարարական թույլտվություն, որից հետո նոր միայն կկարողանա լուծել իր բնակարանում առաջացած խնդիրը: Մեղմ ասած` աբսուրդ կարգ է: