ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հաշմանդամություն ունեցող անձն ունի՞ աշխատանքային երաշխիքներ, թե՞ ոչ: Եթե այո, ապա որո՞նք են դրանք:

Մարինա Մխոյան (61 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքի ընդունելիս հաշմանդամի համար փորձաշրջան չի սահմանվում:
Անթույլատրելի են հաշմանդամության պատճառով հաշմանդամի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, ադմինիստրացիայի նախաձեռնությամբ աշխատանքից հեռացումը կամ այլ աշխատանքի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկասոցիալական փորձաքննության մարմինների եզրակացությամբ նրա առողջական վիճակը խոչընդոտում է մասնագիտական պարտականությունների կատարմանը կամ սպառնում այլ անձանց առողջությանը եւ աշխատանքի անվտանգությանը:
Ադմինիստրացիային չի թույլատրվում աշխատանքից հեռացնել համապատասխան հիմնարկներում բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնում ստացող անձանց: Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավասար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն օգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:

Հաշմանդամ երեխաներին եւ երիտասարդներին աջակցող կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսօր Հայաստանում բնակվող շուրջ երկու հարյուր հազար հաշմանդամների առաջնային խնդիրը գործազրկությունն է: 2013թ. պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում պաշտոնապես գրանցված 180 500 հաշմանդամներից աշխատում է ընդամենը 8 տոկոսը:

 
ՀԱՐՑ. Բնակվում եմ բազմաբնակարան շենքում եւ մեկ ամիս է՝ դուրս եմ եկել համատիրության անդամությունից: Յուրաքանչյուր ամիս համատիրությանը վճարում էի սպասարկման վճար` 2760 դրամ: Տեղյակ եմ, որ ըստ օրենքի՝ համատիրության անդամներն իրավունք ունեն դուրս գալ համատիրությունից ցանկացած ժամանակ: Խմդրում եմ ասեք, հիմա ես կարո՞ղ եմ սպասարկման վարձը չվճարել:

Ժենյա Մկրտչյան (51տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցը կարգավորվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` շինության բոլոր սեփականատերերը պարտավոր են, շինության սեփականատերերի ժողովի կողմից սույն օրենքով սահմանված կարգով հաստատված նորմերից ելնելով, կատարել համապատասխան վճարումներ կամ իրենց ուժերով ու միջոցներով իրականացնել պարտադիր նորմերի պահանջները:
Մենք գտնում ենք, որ վերոնշյալ դրույթն ամբողջովին պատասխանում է Ձեր հարցին, այսինքն` դուք կարող եք չվճարել: Նշված օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` շինությունների սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի իրականացման համար նախատեսված վճարման ենթակա գումարի վճարումը երկու անգամ ուշացնելու դեպքում շենքի կառավարման մարմինն իրավունք ունի դրա բռնագանձման համար դիմել դատարան` մինչ այդ գրավոր նախազգուշացնելով պարտատիրոջը, բացի այդ շենքի կառավարման մարմինն իրավունք ունի պարտադիր նորմերն իրականացնել այլ միջոցներից` չվճարողներից պահանջելով հատուցել դրա հետեւանքով իրեն եւ շինության այլ սեփականատերերին պատճառված վնասները:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, համատիրությունների հետ կապված դժգոհությունները հաճախ են հնչում քաղաքացիների կողմից: Ստիպված ենք արձանագրել, որ անցած երկու տասնամյակի ընթացում այդ ինստիտուտն այդպես էլ չկայացավ: Սակայն քանի դեռ ավելի գործունակ մեխանիզմ չկա, պատկան մարմինները պետք է ջանքեր գործադրեն առկա համակարգն աշխատեցնլու ուղղությամբ:

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, եթե Կենտրոնական բանկը շուկայից արտարժույթ է գնում, ապա այդ դեպքում արդյո՞ք ԿԲ-ն չի ազդում փոխարժեքի ձեւավորման վրա:

Հրանուշ Խանումյան (39 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գնաճի ծրագրավորված մակարդակն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իրականացնում է փողի քանակի ծավալային կարգավորում` կիրառելով դրամավարկային քաղաքականության ընդունված գործիքակազմը, որի մեջ ներառված են նաեւ արտարժույթի թե՛ առքը, թե՛ վաճառքը: Բնական է, որ շուկայի ցանկացած մասնակցի նման, Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի առքը մեծացնում է արտարժույթի պահանջարկը, ինչպես որ Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի վաճառքն ավելացնում է դրա առաջարկը` ազդելով այդպիսով շուկայում ձեւավորվող փոխարժեքի վրա:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործելակերպի առանցքներից մեկը շուկայից օգտվողի կարգավիճակի պահպանումն է: Դա նշանակում է, որ՝
Կենտրոնական բանկը չի միջամտում ազատ շուկայական մեխանիզմներին եւ իր գործունեությունն իրականացնում է շուկայի կողմից թելադրվող կանոններով,
ծավալային առումով Կենտրոնական բանկի մասնակցությունը շուկային մեծ չէ եւ միտում չունի էականորեն շեղելու կամ ամրագրելուփոխարժեքը:
Ելնելով այս բնութագրիչներից, կարող ենք պնդել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն:

ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ ԿԲ-ն հայտարարում է, թե չի միջամտում արտարժույթի փոխարժեքի փոփոխություններին, հատկապես 2008-2009թթ. ԿԲ վարած քաղաքականությունը եկավ ապացուցելու, որ իրականությունն ու ԿԲ պնդումները որոշակիորեն տարբերվում են:




Լրահոս