ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՂԹԵՑ ՀԵՆԱՑԱՏԿՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունում 90 տարի առաջ հիմնադրված «Դինամո» մարզական ընկերության տարեդարձին նվիրված օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի բացարձակ ու Եվրոպայի վեցակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակին նվիրված մոսկովյան ավանդական` 20-րդ միջազգային խոշոր մրցաշարին այս անգամ մասնակցում էին 23 երկրների հայտնի մարմնամարզիկներ։
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, նրանց թվում էր նաեւ Եվրոպայի այս տարվա բրոնզե մեդալակիր (հենացատկեր) երեւանցի Արթուր Դավթյանը, որը հանդես եկավ բազմամարտում։ Վեց գործիքների վրա էլ Արթուրը գրեթե անթերի ելույթներ ունեցավ ու, իրենից առաջ թողնելով միայն տանտերերից Դմիտրի Գոգոտովին, բազմամարտում գրավեց պատվավոր երկրորդ տեղը։ Ընդ որում, շրջանցեց նաեւ ճապոնացի անվանի մարմնամարզիկ Նաոտո Հայասակոյին: Արթուրը բոլոր վեց գործիքներում մտավ եզրափակիչ, սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը չցանկացավ, որ Արթուրը շատ ծանրաբեռնվի եւ նրան թույլատրեց մասնակցել միայն հենացատկ, նժույգթափեր եւ օղակների վրա մրցումներին: Հենացատկերում հայ մարմնամարզիկը վստահորեն գրավեց առաջին տեղը, երկրորդն էր նժույգթափերում, եւ երրորդը` օղակների վրա:

 

 

ՀԱՇՎՈՒՄ ԵՆՔ

Գաղտնիք չէ, որ մեծ սպորտը նաեւ մեծ բիզնես է, մեծ փողեր։ Եվ այդ առումով առաջնային տեղում է ֆուտբոլը։
2014թ. Բրազիլիայում կայանալու է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի մրցանակային հիմնադրամը նախորդ՝ 2010թ. աշխարհի առաջնության համեմատ աճել է 37 տոկոսով: 2014թ. այն կազմելու է 576 միլիոն եվրո, մինչդեռ վերջին առաջնության ժամանակ մրցանակային ֆոնդը շուրջ 420 մլն եվրո էր:
Իսկ այժմ ներկայացնենք, թե որքան գումար կվաստակեն հաղթողը եւ մրցանակակիրները (ու ոչ միայն)։ Եվ այսպես, աշխարհի առաջիկա առաջնության հաղթողը կստանա 35 միլիոն եվրո, իսկ փոխչեմպիոնները կվաստակեն 25-ական միլիոն: Բրազիլիայում նախանշված առաջնության բրոնզե մեդալակիրներին բաժին կհասնի 22 միլիոն, իսկ չորրորդ տեղով մրցաշարն ավարտած հավաքականը կստանա 20 միլիոն եվրո:
Բացի այդ՝ առաջնության քառորդ եզրափակչի մասնակիցները կվաստակեն 14-ական միլիոն եվրո: 1/8 եզրափակիչ հասածներն էլ կպարգեւատրվեն 9-ական միլիոն եվրոյով: Իսկ այն հավաքականները, որոնք իրենց մրցելույթները կավարտեն խմբային փուլերում, կվաստակեն 8-ական միլիոն եվրո:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

 
Ո՞ՒՄ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ

Շուրջ 150 աշխատող ունեցող Իջեւանի բենտոնիտ կոմբինատն արդեն 10 օր չի աշխատում: «Ժողովուրդ»-ը կոմբինատի կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանից հետաքրքրվեց, թե որն է գործարանի չաշխատելու պատճառը: Նա ասաց, որ պատճառը Սարիգյուղի տարածքում գտնվող բենտոնիտային կավերի հանքավայրի հետ կապված խնդիրն է: Այն առնչվում է հանքավայրի կադաստրային տվյալներին, հանքավայրի շահագործման լիցենզիային: Գործարանի հարկադիր պարապուրդի պատճառի հետ կապված՝ Մ. Թոփալյանն ասաց, որ «թյուրիմացություն է տեղի ունեցել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, կոմբինատի աշխատողները ստորագրություններ են հավաքել: Նրանք պատրաստվում են նամակով դիմել երկրի նախագահին եւ վարչապետին՝ պահանջելով, որ Ադրբեջանի հետ սահմանին գտնվող գործարանի աշխատանքի համար խոչընդոտներ չստեղծվեն: Մ. Թոփալյանն այս կապակցությամբ նշեց, որ խնդիրը կլուծվի առանց այդ նամակների, եւ 2014թ. սկզբից Իջեւանի բենտոնիտ կոմբինատը կաշխատի: Մեր աղբյուրների տեղեկացմամբ, սակայն, իրականում գործարանի չաշխատելու պատճառն այն է, որ պետական բարձրաստիճան մի պաշտոնյա ցանկանում է գործարանի բաժնետեր դառնալ:
Նշենք, որ Սարիգյուղի տարածքում գտնվող բենտոնիտային կավերի հանքավայրի շարունակությունը գտնվում է Ադրբեջանի Ղազախի շրջանում: Վերջին տարիներին ադրբեջանցիներն այդտեղ բենտոնիտի գործարան են կառուցել եւ իրենց արտադրանքը մեծ չափերով արտահանում են Ռուսաստան եւ այլ երկրներ: Իջեւանի շրջանի Ազատամուտ բնակավայրը 1970թ. ստեղծվել է Իջեւանի բենտոնիտ կոմբինատի հենքի վրա որպես կոմբինատի բանվորական ավան: Խորհրդային տարիներին կոմբինատում աշխատում էին ոչ միայն Ազատամուտի, այլեւ հարակից գյուղերի` Աչաջրի, Սարիգյուղի, Դիտավանի, Սեւքարի բնակիչները: Բենտոնիտի կոմբինատը շատ շահութաբեր ձեռնարկություն էր: Հայաստանի անկախացումից հետո դրա սեփականատերերի կողմից սկսվեց գործարանի ունեցվածքի օտարումը, շատ սարքավորումներ՝ որպես մետաղի ջարդոն, վաճառվեցին: 2004թ. գործարանը գնեցին ջավախքցի բանաստեղծ Օքրո Օքրոյանի որդիները: Վերջիններս սկսեցին գործարանի վերակառուցումը, ստեղծվեց արտասահմանյան արդիական սարքավորումներով հագեցած նոր արտադրամաս: Գործարանը սկսեց կանոնավոր աշխատել, արտադրանք թողարկել: Ադրբեջանի կողմից Հայաստանի տրանսպորտային շրջափակման պայմաններում կոմբինատը կարողանում էր ավտոմեքենաներով բենտոնիտի փոշին հասցնել Այրում կայարան, այնտեղից էլ` արտերկիր: Բենտոնիտ կոմբինատն իր աշխատանքով Իջեւանի սահմանագոտու գյուղերում մեղմում է սոցիալական լարվածությունը, գործազրկությունը: Ուստի պատկան մարմինները պարտավոր են պարզել, թե ով եւ ինչ նպատակով է խոչընդոտում այդ գործարանի անխափան աշխատանքը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս