Մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու համար եթե չլիներ սահմանված 1 մլն ընտրագրավը, ապա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը իր թեկնածությունը կառաջադրեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ ավելացնելով, որ այնուամենայնիվ իր թեկնածությունը չառաջադրելու մեկ այլ պատճառ էլ կա՝ կրթահամալիրի տնօրեն լինելը: “Ես անպայման կառաջադրվեի, նույնիսկ ինձ համար ոչ այնքան ծանոթ ընտրատեղամասում: Ես այսօր զբաղվում եմ կրթական քաղաքականությամբ և այդ գործի մեջ եմ օրը քսանչորս ժամ: Դրանից ավելի բարձր աշխատանք մեկ էլ ՀՀ նախագահինն է”,-ասաց նա և ավելացրեց, որ նախագահական ընտրություններում չի բացառվում, որ կդնի իր թեկնածությունը: Աշոտ Բլեյանը հիշեց 2003թ. խորհրդարանական ընտրությունները, որին նա մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ պայքարելով Հակոբ Հակոբյանի դեմ (Լեդի Հակոբ): “Ես նրան ասացի. ՀՀ-ն դու էլ ես ստեղծել, ես էլ։ Հիմա դու ունես ձեռնարկատիրություն, իսկ ես ունեմ քաղաքական գործունեություն ծավալելու կարծես ավելի լավ ունակություններ: Եվ ես այս պահին աշխատանք չունեմ: Ինչո՞ւ ես ուզում երկուսն էլ ունենաս: Ցավոք այս ասածիս իմաստը Հակոբ Հակոբյանը չհասկացավ”,-պատմեց Բլեյանը: Վերջինս նշեց, որ Ազգային ժողովը գործատու է և առաջարկում է գրավիչ, լավ աշխատանք: Սակայն նրան բարկացնում է, որ մեծամասնական ընտրակարգը հնարավորություն չի տալիս լավ կրթված մարդուն հավակնել պատգամավոր դառնալու համար: “Պատգամավոր լինել նշանակում է առավոտվա 9-ից մինչև երեկոյան 9-ը կարդալ, իսկ օլիգարխները դրա ժամանակը չունեն: Ես ուզում եմ, որ նոր խորհրդարանում լինել գրագետ մարդիկ: Ազգային ժողովը պետք է ավելի գրավիչ դառնա”,-ասաց նա և խորհուրդ տվեց բոլոր առաջադրվել հնարավորության դեպքում առաջադրվել և պայքարել օլիգարխների դեմ: Նա իր խոսքում նաև նշեց, որ առաջիկայում ընտրություններից հետո ցանկանում է տեսնել ավելի լայն կոալիցիա, քանի որ միայն այդ պարագայում կլինի ավելի արդյունավետ գործել
Աշոտ Բլեյանը պատգամավոր առաջադրվելու համար 1 մլն դրամ չունի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ