Երկրագնդի բնակչության աճը յուրաքանչյուր 10-րդ բնակչին կզրկի խմելու ջրից. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միավորված ազգերի կազմակերպությունն ահազանգում է, որ Երկրի վրա խմելու ջրի շուրջ իրավիճակը խիստ մտահոգիչ է: ՄԱԿ-ի զեկույցը երեկ ներկայացվել է Ջրային ռեսուրսների համաշխարհային ֆորումին, որը մարտի 12-ին իր աշխատանքներն է սկսում Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Խմելու ջրի պակասի խնդիրն ավելի է խորանում կլիմայի գլոբալ փոփոխության, ինչպես նաև Երկրագնդի՝ գնալով աճող բնակչության պարենամթերքի և հիգիենայի միջոցների պահանջարկի աճի պայմաններում: Բացի այդ, փորձագետները նշում են, որ խմելու ջուրն անհավասարաչափ է բաշխված աշխարհամասերում. Ասիայում ապրում է երկրագնդի բնակչության 60%-ը, սակայն նրան հասանելի է միայն ջրային ռեսուրսների մեկ երրորդը: Զեկույցում նշվում է, որ մինչև 2050 թ. մոլորակի բնակչության պարենամթերքի պահանջները կավելանան 70%-ով: Գյուղատնտեսության կարիքների համար ջրի օգտագործումը կավելանա 19%-ով: Այդ ժամանակ այս կարիքների համար գործի կդրվեն քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարների 90%-ը: “Քաղցրահամ ջրի օգտագործումը ռացիոնալ չէ: Ապագան գնալով ավելի անորոշ է դառնում, և աճում են ռիսկերը”,- ասվում է զեկույցի հեղինկաներից մեկի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հայտարարության մեջ: UNICEF-ի և Առողջապահութան համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այս պահին խմելու ջրից կարողանում է օգտվել բնակչության 89%-ը: Ընդ որում՝ 783 մլն մարդ նախկինի պես ստիպված է օգտվել աղտոտված աղբյուրներից: Նրանց ճնշող մեծամասնությունը՝ մոտ 40%-ը, ապրում են Աֆրիկայում՝ Սահարայից հարավ: Սա մոլորակի հենց այն տարածաշրջանն է, որտեղ նկատվում է բնակչության աճի ամենաբարձր տեմպը: Սակայն ոչ բոլոր մասնագետներն են համաձայն ՄԱԿ-ի ներկայացրած այս զեկույցի հետ: Այսպես՝ ֆրանսիական Solidarities International բարեգործական կազմակերպության փորձագետները կարծում են, որ աշխարհում խմելու ջրից չեն կարողանում օգտվել 1.9 մլրդ մարդ, այսինքն՝ երկրագնդի յուրաքանչյուր չորրորդ բնակիչը: 




Լրահոս