ԱՊՊԱ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ ԵՆ ՀԱՍՆՈՒՄ ԴԵՊՔԻ ՎԱՅՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում շատ հաճախ ենք ականատես լինում, երբ վթարներից հետո ԱՊՊԱ-ին սպասելու հետեւանքով ողջ փողոցի երթեւեկությունը կաթվածահար է լինում եւ հսկայկական խցանումներ են առաջանում: Ընդ որում, որպես կանոն՝ ՃՈ-ն ավելի շուտ է հասնում, քան ԱՊՊԱ-ն: «Ժողովուրդ»-ին դժգոհած վարորդները պնդում են, որ ԱՊՊԱ գործակալությունները չեն կարողանում այնպես կազմակերպել աշխատանքը, որ իրենց ստիպված չլինեն ժամերով սպասել: Ապահովագրական ընկերությունները, սակայն, վստահեցնում են, որ իրենք մշտապես օպերատիվ կերպով արձագանքում են բոլոր կանչերին:

«Ժողովուրդ»-ին դիմած վարորդները դժգոհեցին` նշելով, որ իրենք ուղիղ 40 րոպե փորձում են կապ հաստատել ապահովագրական գործակալությունների հետ, որպեսզի օպերատորին տեղեկացնեն, որ իրենք վթարի են ենթարկվել:
Արդյունքում երթեւեկութունը կաթվածահար է լինում, խցանումներ են առաջանում, որոնք վերացնելու համար ժամեր ու ջանքեր են պահանջվում: Քաղաքացիներից մեկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ ինքն օրեր առաջ ընկել է նման անելանելի դրության մեջ: «Ընկերոջս հետ երեւանյան փողոցներից մեկում վթարի ենթարկվեցինք, բարեբախտաբար մեզանից ոչ մեկին ոչինչ չպատահեց: Բայց այնպես ստացվեց, որ մենք երկար սպասեցինք ԱՊՊԱ փորձագետներին: Ուղիղ 45 րոպե մենք փորձում էինք կապ հաստատել ընկերության օպերատորի հետ, սակայն մեզ այդպես էլ դա չհաջողվեց: Ստիպված զանգ տվեցի ընկերոջս, որն աշխատում է ապահովագրական գործակալութունում: Տասը րոպե անց, նա արդեն դեպքի վայրում էր»:
Այս դեպքում քաղաքացու բախտը բերել է, քանի որ փորձագետ ծանոթ կամ ընկեր է ունեցել: Իսկ ահա մյուս վարորդները ստիպված են լինում նույնիսկ ժամերով սպասել: Թեեւ ԱՊՊԱ գործակալությունների աշխատակիցները շարունակում են պնդել հակառակը, այնուամենայնիվ նկատենք, որ խնդիրն ակնառու է:
Դա հասկանալու համար բավական է քաղաքացիներին հարցնել, թե նրանց կարծիքով որն է երեւանյան փողոցներում մշտապես առկա խցանումների պատճառը: Շատերի պնդմամբ` խցանումները մեծապես պայմանավորված են ԱՊՊԱ փորձագետների ուշացումներով: Նշենք, որ ԱՊՊԱ փորձագետները Երեւանում պետք է վթարի վայրում լինեն մինչեւ 40 րոպեում, իսկ մարզերում՝ 80 րոպեում: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ռոսգոստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության մամլո խոսնակ Էմմա Մոժարովայի ետ. «Մենք չունենք նման խնդիր եւ ընդհանրապես ուշացումներ չենք ունենում: Մերոնք մինչեւ 20 րոպեն հասնում են վթարի վայր»,- վստահեցրեց ընկերության խոսնակը:
Իսկ ինչու են ԱՊՊԱ գործակալները մինչեւ 40 րոպեի փոխարեն վթարի վայր հասնում շատ ավելի ուշ: Ապահովագրական գործակալութունների ներկայացուցիչների համոզմամբ, փորձագետների կամ վթարային կոմիսարների` վթարի վայր ուշ ժամանելն ուղիղ կապ ունի վթարների քանակի հետ: Նրանց խոսքով՝ լինում են դեպքեր, երբ վթարների թիվը մեկ օրվա ընթացքում սովորականից շատ է լինում, ինչի պատճառով էլ փորձագետներն անընդհատ ուշանում են:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերութան աշխատակից Մարինեի հետ, ով եւս հավաստիացրեց, որ իրենց երբեք չեն ուշանում. «Մեր մասնագետները նման խնդիր չեն ունեցել: Հակառակը՝ նրանք ժամանակին դեպքի վայր են հասնում: Հնարավոր է, որ այդ ուշացումներն օրվա հետ են կապված, այսինքն՝ որտեղ վթարներ շատ են լինում: Դրա պատճառով, դա ուշացում է դիտարկվում, բայց մեր ընկերության ներկայացուցիչները միշտ ժամանակին են տեղ հասնում: Մի քանի գործոններ կան, որոնք առաջացնում են վթարային իրավիճակներ: Շատ հնարավոր է, որ եղել են այդպիսի դեպքեր, ես չեմ բացառում»:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու է վարորդը վթարի վայրից դժվարությամբ հեռախոսով կապվում օպերատորի հետ, ապահովագրական ընկերության աշխատակիցը պատասխանեց. «Եթե հաճախորդն, այնուամենայնիվ, չի կարողանում կապվել ընկերության օպերատորի հետ, ապա մենք, որպես բացթողնված զանգ, պարտադիր կապվում ենք: Դա հնարավոր է, րոպեների ընթացքում է լինում կամ ընդմիջումից հետո, բայց ոչ հաջորդ օրը, այլ՝ նույն օրը. րոպեներ կամ մաքսիմում մեկ ժամ հետո: Իսկ եթե կան այլ հարցեր, ապա կարող եք գրավոր հարցման միջոցով տեղեկանալ»:
Ասպիսով, մինչ ԱՊՊԱ գործակալությունների հեռախոսավար-օպերատորները ընդմիջում են անում կամ ինչ-ինչ պատճառներով հեռախոսները զբաղված են, այդ ընթացքում երթեւեկելի հատվածներում տեղի ունեցած վթարի հետեւանքով առաջացած խցանման մեջ գտնվող վարորդները, այն էլ՝ այս շոգ եղանակին, շարունակում են իրենց մտքում «հիշել» ԱՊՊԱ գործակալներին, ովքեր անհասկանալի պատճառներով անընդհատ ուշանում են: Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում այս հարցն արագ լուծում է ստանում։ Օրինակ՝ Ֆրանսիայում, երբ երկու մեքենա հայտնվում է նման իրավիճակում, վթարի երկու կողմերն անմիջապես իրենց մեքենաները լուսանկարում են, ստորագրում ու արագ հեռանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս