ՕԵԿ քաղխորհրդի վերջին նիստում որոշում է կայացվել հուլիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում համազգային հանրահավաք հրավիրել` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: ՕԵԿ-ը հրավիրում է մասնակցելու բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ անհատներին:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի հետ՝ պարզելու, թե ինչպես են ՀՀԿ-ականները վերաբերվում իրենց նախկին կոալիցիոն գործընկերոջ այս նախաձեռնությանը:
-Պարոն Ավետիսյան, Ձեր նախկին կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը համազգային հանրահավաք է հրավիրել` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ինչպե՞ս է ՀՀԿ-ն վերաբերվում ՕԵԿ-ի այս քայլին:
-Բերեք չասենք՝ նախկին կոալիցիոն գործընկեր, ընդամենը խոսենք ՕԵԿ-ի գործունեության վերաբերյալ: Այսօր բնական է` ՕԵԿ-ը օպոզիցիոն դաշտում կայանալու խնդիր ունի ու այժմ փորձում է տարբեր մեթոդներ կիրառելով դաշտում իր դերակատարումը ձեւավորել: Հիմնականում սա է խնդիրը:
-Բայց արդյո՞ք նման հանրահավաքների շնորհիվ ՕԵԿ-ը կկարողանա իր դերակատարումը ձեւավորել ընդդիմադիր դաշտում:
-Այսօր ամեն մի օպոզիցիոն ուժ փորձում է յուրովի իր կայացման հարցը լուծել, եթե ուշադրություն եք դարձնում` մյուս ուժերն էլ են նման կերպ փորձում իրենց դերակատարումն ունենալ ու դա անում են հանրահավաքների հաշվին: Որովհետեւ հստակ է, որ ԱԺ-ում չեն կարողանում դերակատարում ունենալ: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացմանը, ապա բազմաթիվ քննարկումներ են եղել, որոնց բոլորն էլ մասնակցել են ու օրերս էլ Քառյակը փորձեց դրա շուրջ նաեւ իր պարզաբանումները ներկայացնել: Այնպես որ, զուտ կայանալու խնդիր ունի ընդդիմությունը, ու քանի որ այսօր ժողովրդի թիվ մեկ դժգոհությունը վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացմանը` նրանք փորձում են ընդամենը առիթն օգտագործել:
-Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՕԵԿ-ը բողոքի մեծ ալիք բարձրացնի: Ըստ Ձեզ, այսօր որքանո՞վ է ժողովուրդը վստահում ՕԵԿ-ին:
-Գիտեք ինչ կա, այսօր ժողովուրդը բոլորին էլ շատ լավ գիտի, ու այնպես չէ, որ իշխող կուսակցությունը, երկրի նախագահը, վարչապետը չեն մտածում ժողովրդի մասին, չեն մտահոգված էլեկտրաէներգիայի թանկացման հարցով: Ու պատահական չէ, որ հանձնարարվել է մոտ 105 հազար ընտանիքի հաշվարկներ անել` մեղմելու թանկացման հետեւանքները: Իսկ իրենք էլ փորձելու են մի բան անել, բայց կարծում եմ, որ իրենց չի հաջողվելու, որովհետեւ մարդիկ շատ լավ տեսնում ու հասկանում են: Այնպես չէ, որ իշխանություններն անտարբեր են նման խնդիրներին: Գնահատական տալ` արդյոք թանկացումը արդարացի էր, թե ոչ` սխալ կլինի, որովհետեւ համապատասխան հանձնաժողովը հաշվարկները ներկայացրել է ու դա արդարացի է համարել: Այսօր կառավարությունը փորձում է այն մեղմելու ճանապարհ գտնել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ