ՄՇԱԿՈՒԹԱՔԱՆԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մեծ աղմուկ առաջացավ՝ կապված Մաշտոցի փակ շուկայի տանիքի քանդման հետ:  Բազմաթիվ ահազանգերից հետո քաղաքապետարանից հպարտորեն հայտարարեցին, որ կազմվել է  արձանագրություն` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով` առանց թույլտվության  տանիքի ծածկի քանդման  աշխատանքներ իրականացնելու համար: Իսկ ահա պատմամշակութային կառույցին վնաս  հասցնելու մասին  որեւէ արձանագրություն չի  կազմվել, եւ  պետական հուշարձան համարվող շենքը քանդողները կտուգանվեն ընդամենը 200 հազար դրամով: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանել է ՀՀ ՄՆ պատմության  եւ մշակույթի հուշարձանների պահպանության  գործակալության  Երեւանի տարածքային  բաժնի պետ Կարո Այվազյանը, խնդիրն այն է, որ պատմական  հուշարձաններին վնաս հասցնելու չափի որոշման մասին օրենք չկա:
Փաստորեն, ստացվում է, որ  մի երկրում, որն ամեն տեղ հպարտանում է իր  հին մշակույթով, որտեղ զբոսաշրջությունը հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ, եւ որը  մշտապես մեղադրում է հարեւաններին  իր  ազգային մշակութային արժեքները ոչնչացնելու մեջ, չկա օրենք մշակութային  հուշարձաններին վնաս հասցնելու չափի որոշման մասին:  Ասել է թե` ինչ-որ մի գինովցած դեռահաս կարող է իր «մուռը հանել» Պուշկինից` խուզելով նրա արձանի բակերը, եւ դրա համար նրան կարող են խստագույնս պատժել, իսկ ահա եթե որեւէ օլիգարխ  որոշի  մարմարով պատել Օպերայի տանիքը (ինչպես տարիներ առաջ Բաբելոնը տեսնելուց հետո ասել էր ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը), ապա այդ դեպքում նրան  պարզապես կտուգանեն 200 հազար դրամով` քանի որ մենք չունենք  համապատասխան օրենք: Հետաքրքիր է, այս տարիների ընթացքում ինչով է զբաղված եղել  հուշարձանների պահպանության գործակալությունը, ինչու համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել մշակույթի նախարարությունը` ի դեմս իր աշխատանքից այնքա~ն գոհ Հասմիկ Պողոսյանի, ինչու այդ հարցը չի մտահոգել խորհրդարանական ուժերին: Պատասխանը թերեւս կարելի է կռահել. քանի որ վերը թվարկված բոլոր օղակներն էլ այս կամ այն չափով իրենք են վնաս հասցրել հուշարձաններին.  Վերահսկիչ պալատի սկանդալային բացահայտումները ցույց տվեցին, թե ինչ  ծավալների են հասնում մշակույթի նախարարության եւ նրա կցորդը համարվող գործակալության  մշակութապահպան գործունեության  դառը հետեւանքները, բավական է հիշել միայն  այլանդակված Քոբայրավանքը: Այս կառույցների  թողտվությամբ  հուշարձանազերծվեց նաեւ Երեւանի կենտրոնը, որտեղ   վեր խոյացած  էլիտար արկղերում, վստահաբար, բնակարաններ ունեն  հուշարձանների «պահապանները»:  Իսկ ինչ վերաբերվում է քաղաքական ուժերին, ապա նրանցից յուրաքանչյուրն էլ ժամանակ առ ժամանակ որեւէ բիզնես բացելու եւ որեւէ հուշարձան շենք իրենով անելու խնդիր է ունենում , ինչ կարիք կա  ամեն ինչ բարդացնել:




Լրահոս