Եղանակի կտրուկ փոփոխություն, գեոմագնիսական դաշտի կտրուկ փոփոխություններ, մթնոլորտային ճնշման կտրուկ տատանումներ` սրանք այն հիմնական կոմպոնենտներն են, որոնք ազդում են սիրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց վրա գարնան առաջին ամսվա ընթացքում: Այս մասին ասուլիսում ասաց Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանական ինստիտուտի փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանը: Նա նաև ասաց, որ գարունը զարթոնք է, ձմռան թմբիրից հետո օրգանիզմն արթանում է ու որոշակի պայմաններում, դեռևս չհասցնելով ադապտացվել, կարող է ունենալ որոշակի բարդություններ ախտաբանական հիվանդություններ ունեցող մարդկանց վրա: Բժիշկի խոսքով, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ չափահաս երևանցիների 30 տոկոսը` 250-300 հազար, հիպերտոնիկ հիվանդ է: Նրանցից ընդամենը 7 տոկոսն է արդյունավետ բուժում ստանում: Սրտաբանն ուրախալի համարեց այն փաստը, որ վերջին տարիներին նկատվում է արդյունավետ բուժման դիմող հիվանդների քանակի աճ, բայց հիվանդության տարածման աճ չի նկատում, թեև հիվանդությունը երիտասարդացել է: “Առաջ երիտասարդները չէին դիմում բժշկի, իսկ այժմ ավելի հաճախ են դիմում: Քանի որ դիմելիությունը աճել է, հայտնաբերելիությունը ևս բարձրացել է”, – ասաց մասնագետը` ընդգծելով, որ չի կարելի ակնկալել առողջ հասարակություն, որտեղ գերիշխող մասը օգտագործում է ծխախոտ, նաև` նստակյաց կյանք է հիմնականում վարում` չծախսելով սննդից ստացած էներգիան. “Ցանկացած ախտաբանական վիճակ բնությունից հեռանալու արդյունք է”: Բժիշկը նաև ասաց, որ ախտաբանական վիճակներից խուսափելու համար հարկավոր է նվազեցնել աղի, քաղցրի օգտագործումը, ճարպոտ սնունդը: Պարունակ Զելվեյանը խորհուրդ տվեց յուրաքանչյուր գանգատին ուշադրություն դարձնել ու դիմել բժշկի: Ընդհանրապես, ըստ սրտաբանի, հիվանդություններից զերծ մնալու համար պետք է առողջ ապրելակերպ վարել:
Չափահաս երեվանցիների 30 տոկոսը հիպերտոնիկ հիվանդ է. սրտաբան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ