Հայաստանում ապրող եզդիներն արդեն մի քանի տարի է, ինչ գործող իշխանություններից պահանջում են իրենց ընդգրկել ընտրովի մարմիններում, այդ թվում եւ՝ ՀՀ Ազգային ժողովում: Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի խոսքով՝ մինչ օրս դեռ ոչ մի պատգամավոր եզդիների խնդիրներով չի մտահոգվել, ԱԺ ամբիոնից ելույթ չի ունեցել: Մինչդեռ խնդիրները բազմաթիվ են: Իսկ «Սինջար» եզդիների ազգային միավորման անդամների խոսքով՝ պատգամավորներից շատերը խոստանում են բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, սակայն այդպես էլ խոստումները չեն կատարում:
Տեղեկացնենք, որ նախօրեին ԱԺ պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի մասնակցությամբ տեղի ունեցած ՀՀ ընտրական օրենսգրքի (ԸՕ) վերաբերյալ հանրային քննարկմանը ներկա են եղել նաեւ «Սինջար» եզդիների ազգային միավորման անդամները: Քննարկվել են ընտրացուցակների կազմման վերաբերյալ հարցեր: Եվ առիթից օգտվելով` «Սինջար»-ի անդամները փորձել են ազգային փոքրամասնություններին հուզող հարցեր բարձրացնել: Նրանք Դավիթ Հարությունյանին առաջարկել են փոփոխվելիք օրենսգրքով իրենց` ազգային փոքրամասնություններին, հնարավորություն տալ օրենքով ապահովված կարգով ներգրավվել ընտրովի մարմիններում:
«Սինջար»-ի եզդի երիտասարդներն առաջարկում են ՀՀ ԸՕ 108-րդ հոդվածի 2-րդ կետում փոփոխություն կատարել: Նրանց խոսքով՝ դա կապահովի ազգային փոքրամասնությունների իրավունքները: «Այսինքն՝ փոքրամասնությունների իրավունքները եւս պետք է ամրագրել օրենքով նախատեսված կարգով, ինչպես կանանց իրավունքն է: Դավիթ Հարությունյանն ի պատասխան ասաց, որ իմ առաջարկը թեմային չի վերաբերում, եւ այս հարցով արդեն իսկ փոքրամասնությունները դիմել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին: Զարմանալին այն է, որ իրականում, ինչպես եւ հաստատեց պարոն Հարությունյանը, ԸՕ-ն ամբողջությամբ բարեփոխումների է ենթարկվելու: Այդ դեպքում գուցե մեր առաջարկն էլ հաշվի առնեն»,-հույս հայտնեց «Սինջար»-ի անդամ Բորիս Մուրազին:
Ի դեպ, մի քանի ամիս առաջ այս հարցի հետ կապված քննարկումներ են անցկացվել նաեւ ազգային փոքրամասնությունների այլ համայնքների ներկայացուցիչների հետ, եւ շատերը կողմ են արտահայտվել առաջարկին:
Առաջիկայում «Սինջար»-ի անդամները պատրաստվում են այս խնդրի առնչությամբ ստորագրահավաք կազմակերպել: «Ի վերջո, պետք է հարգե՞ն մեր իրավունքները, թե՞ ոչ: Պատգամավորների մեծ մասը շարունակ խոստանում է մեր խնդիրների մասին ԱԺ-ում բարձրաձայնել: Բայց հիմա ասում եմ՝ որտե՞ղ էին մեր խնդիրներով մտահոգվող այդ պատգամավորները, երբ կրոնական կազմակերպության ներկայացուցիչները եզդիաբնակ գյուղում անօրինական մանկապարտեզ էին բացել, երբ մեր եզդիաբնակ համայնքներում դպրոցները կիսափուլ վիճակում են կամ փակվում են աշակերտ չունենալու պատճառով, իսկ մանկապարտեզներ չկան, ճանապարհներն էլ անսարք են: Որտե՞ղ էին նրանք, երբ Իրաքում հազարից ավելի եզդիներ սպանվեցին»,-վրդովվեց մեր զրուցակիցը:
Իսկ Ազիզ Թամոյանը, որն արդեն 23 տարի է՝ Հայաստանի եզդիների միության նախագահն է, հոգնել է այս հարցի մասին բարձրաձայնելուց: Թամոյանը մոտ քսան օր առաջ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, եւ վերջինս խոստացել է այս հարցով զբաղվել: Բայց… «Մինչեւ հիմա քար լռություն: Պարբերաբար բողոքել ենք, բայց ոչ մի արդյունք չենք ստացել: Ինչո՞ւ: Մեծ համայնք ենք, բա ընտրովի մարմիններում չունենա՞նք մեր ներկայացուցիչը: Այսօրվա դրությամբ 34 համայնքներում եզդերեն են անցնում, բա կրթության եւ գիտության նախարարությունում մեթոդիստ չունենա՞նք: Նախագահի ապարատում, ԱԺ-ում, կառավարությունում, մարզպետարաններում ներկայացուցիչ չունենա՞նք: Չէ՞ որ բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին դեռ ոչ մի պատգամավոր մինչ այս չի բարձրաձայնել կամ մտահոգվել: 90-ականներից այս հարցով գրում ենք ու գրում: Ի՞նչ պատկեր ունենք հիմա, արդյունքում` եզդիներն այսօր հայերից ավելի շատ են արտագաղթում»,-հուսահատված նկատեց Թամոյանը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ չորրորդ գումարման ԱԺ-ում ԲՀԿ ցուցակով պատգամավոր էր ընտրվել ազգությամբ եզդի Տիտալ Ջնդոյանը: Սակայն նա հրաժարվել էր մանդատից, որի դիմաց պաշտոն էր ստացել: Այժմ նա ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է: Ու եթե այսօր եզդիները բողոքում են, որ ԱԺ ամբիոնից իրենց խնդիրները երբեւէ չեն բարձրաձայնվել, ճիշտ կլիներ նաեւ հիշատակել սեփական ազգակցի անունը, որն ուներ այդ հնարավորությունը, սակայն հրաժարվեց հանուն պաշտոնի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ