Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը կարծում է, որ ներկայացումը, իրենց աշխատանքը պետք է գնահատվի չորս մակարդակով` հանդիսատես, թատերագետ, պետական հոգածություն եւ ինքնագնահատանք:
-Այսօր մեր թատրոն հաճախողների 99 տոկոսը շատ գոհ է հեռանում: Իհարկե, գործը պիտի իմաստ ունենա, բայց ցավով խոստովանում եմ, որ փաթեթավորումը բավական մեծ նշանակություն է ստացել, եւ վերնագրերը պետք է կանչող լինեն: Օրինակ՝ մեր վերջին բեմադրություններից մեկն ամերիկացի դրամատուրգ Բերնարդ Սլեյդի «Մեծարում» ստեղծագործությունն է, որի անվանումը դարձրել ենք «Վերջին ծաղրածուն»: Որակյալ, բարձր մակարդակի ներկայացում է, արդեն 6-7 անգամ խաղացել ենք լեփ-լեցուն դահլիճում: Բեմադրիչը Ժան Նշանյանն է, բայց ես` որպես գեղարվեստական ղեկավար, մեզ մոտ ներկայացվող, այսպես ասած, արտադրանքի պատասխանատուն եմ ու սկզբից մինչեւ վերջ բեմադրիչի կողքին եմ լինում: Գլխավոր դերակատարը Հրաչյա Հարությունյանն է: Իսկ ընդհանրապես, եթե հանդիսատեսը չգնահատեց գործը, ներկայացման ստեղծողները կհուսահատվեն, կհիասթափվեն, չեն ցանկանա խաղալ:
-Իսկ թատերագետների խոսքից չե՞ն հիասթափվի: Այսօր հնչո՞ւմ է այդ խոսքը:
-Անչափ կարեւոր է թատերական մասնագիտական մտքի առկայությունը: Բայց այսօր կարելի է ընդամենը 3-4 անուն նշել, ովքեր էլ, ցավոք, ստիպված են ոչ միայն թատրոնով զբաղվել. նաեւ գիրք են գրում, այլ աշխատանք կատարում: Նախկինում բարձրակարգ թատերագետներ կային (չեմ ուզում ասել քննադատներ)` Ռուբեն Զարյան, Լեւոն Հախվերդյան, Լուիզա Սամվելյան, ում հետ բախտ եմ ունեցել շփվելու, լսելու նրանց գնահատականը, կարդալու վերլուծականը նաեւ իմ բեմադրությունների վերաբերյալ: Ժամանակին իմ բեմադրած «Համլետ»-ի, «Մոռանալ Հերոստրատին»-ի վերաբերյալ մեծ քննարկումներ են եղել (այսօր նման քննարկումներ էլ չկան)։ Օրինակ՝ 99 տոկոսն ուղղակի ջարդուփշուր արեց «Համլետ»-ը, որից, սակայն, այն ավելի ամրացավ: Ռուբեն Զարյանը, չընդունելով ներկայացումը, բայց նաեւ բավականին արժանիքներ գնահատելով, ասում էր` սա իմ Շեքսպիրը չէ, սա իմ թատրոնը չէ: Իսկ երբ բեմադրեցի «Անվերջ վերադարձ»-ը Պարույր Սեւակի մոտիվներով, նորից մեծ հոդված էր գրել, վերլուծել ամեն ինչ, եւ, ընդունելով ներկայացումը, փայլուն համարելով դերակատարումները, ձեւավորումը, սարքված պիեսը, ռեժիսուրան եւ այլն, այնուամենայնիվ ասել էր. «Ուղղակի շատ ցնցող է, բարձրորակ, բայց ամեն դեպքում սա իմ թատրոնը չէ»:
-Կա՞ պետական հոգածություն թատրոնի նկատմամբ:
-Մենք, կարծես թե, դրանից պետք է դժգոհ չլինենք. մեր վերջին ներկայացումներից մեկը` «Հուլիոս Կեսար»-ը, արժանացավ պետական մրցանակի, բայց… Էլ ինչպե՞ս աշխատենք, որ մեզ ֆինանսավորեն: 5-6 տարի պետական պատվեր չենք վերցրել, միայն մեկ անգամ մշակույթի նախարարությունը 700 հազար դրամով «Ձուկն առանց ջրի» ներկայացումը ֆինանսավորեց, որի արժեքը, բեմադրական ծախսերը մոտ 5 միլիոն դրամ էին: Եկող տարի պիտի բեմադրեմ Պերճ Զեյթունցյանի` հատուկ մեր թատրոնի համար գրած «Փարիզյան դատավճիռ»-ը: Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված գործ է, որն առանց պետական պատվերի, առանց հովանավորության չի կարող բեմադրվել, եւ ես սպասելիքներ ունեմ քաղաքապետարանից ու մշակույթի նախարարությունից: Իսկ մեր վաստակած գումարով տարեկան երեք (որոնցից մեկը` մանկական) ներկայացում ենք բեմադրում: Անչափ կարեւորում եմ նաեւ ստեղծագործական խմբի, թատրոնի կազմի ինքնագնահատականը: Գուցե հանդիսատեսը շատ լավ կընդունի ներկայացումը, բայց մենք լավ գիտենք մեր ստեղծած ներկայացման ե՛ւ արժանիքները, ե՛ւ բացերը:
-Ասում են` ժողովուրդը սա է ուզում, եւ ներկայացնում են ցածրորակ գործ:
-Ինքը՝ հանդիսատեսը, չի կարող ասել` ինչ է ուզում, ճաշակը պետք է ստեղծագործողը թելադրի:
-Իսկ խաղացանկում ի՞նչ ներկայացումներ կան:
-Սովորաբար խաղացանկում լինում է 18-20 ներկայացում, որոնց մեջ Շեքսպիրն իր յուրահատուկ տեղն ունի. 4 ներկայացում ունենք, 5-րդի՝ «Տասներկուերորդ գիշեր»-ի փորձերն են ընթանում, առաջին անգամ մոտենում ենք շեքսպիրյան կոմեդիաներից մեկին, որը բեմադրում է Գրիգոր Խաչատրյանը…
-Բոլորս էլ, բացի մասնագիտական աշխատանքից, առնչվում ենք առօրյա խնդիրների։ Մշակույթի, թատրոնի ներկայացուցիչը բեմահարթակի՞ց, թե՞ նաեւ հարթակից, լրատվամիջոցներով պետք է ասի իր խոսքը։
-Եթե ինձ հարցնեն, իմ խոսքը կասեմ։ Բայց եթե չեն հարցնում, անձամբ նախաձեռնող չեմ լինի։ Իսկ ընդհանրապես, իմ խոսքը միշտ ասել եմ ու կասեմ բեմից՝ իմ ներկայացումներով։ Հասկացողը հասկացել է, չհասկացողը չի հասկանա։ «Հուլիոս Կեսար»-ի առաջին տարբերակը 1991-ին ենք խաղացել, եւ 1993-ին կամ 1994-ին թատրոն սիրող իշխանավորները եկել էին՝ դիտելու այն։ Մի տեսարանում դերակատարներից Արթուր Ութմազյանը մի կամրջակի միջոցով գալիս է համարյա դահլիճի մեջտեղը եւ մենախոսություն արտասանում։ Եվ մեր թատրոնի լավ բարեկամ, լուսահոգի Վազգեն Սարգսյանը, որը նստած էր հենց այդ կամրջակի կողքին, կամաց ասել էր Արթուրին. «Արթո՛ւր ջան, անուններս էլ տվե՛ք, պրծե՛ք էլի»։ Մենք բեմից միտինգ չենք անի, բայց, օրինակ, մեր վերջին ներկայացումներից մեկում՝ «Ձուկն առանց ջրի» կամ «Ինքնասպանը», բավական հստակ այսօրվա համար մեր խոսքն ասել ենք։ Ես քաղաքականությունից շատ լավ հասկանում եմ, բայց հրապարակախոս չեմ, քաղաքական գործիչ չեմ եւ կարծում եմ, որ դրանով պիտի զբաղվեն մասնագետներն ու քաղաքական ուժերը։ Երբեմն արվեստագետին կանգնեցնում են կողքներին, նա էլ կմկմալով կամ շատ հստակ ասում է իր խոսքը ու հետո, ցավոք, վարկաբեկվում։
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ