Եղվարդում ու նրա շրջակայքում հայ գրականության ու արվեստի մի շարք ճանաչված ներկայացուցիչներ ամառանոցներ ու տներ ունեն, ոմանք մշտապես գտնվում են այնտեղ, ապրում ու ստեղծագործում, սակայն նրանցից ոչ մեկին այնքան չեն կարեւորում Եղվարդի մասին խոսելիս, որքան քաղաքապետ Նորայր Սարգսյանին, ով հասցրել է արդեն իր անունը գրանցել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի արքայազորում ու դառնալ նրան ամենից շատ նվիրված մարդկանցից մեկը:
1999 թվականից Նորայր Սարգսյանը ղեկավարում է Եղվարդ համայնքը, ինչպես ասում են` մեկ անգամ մտել է համայնքապետի առանձնասենյակ եւ այլեւս չի կամենում դուրս գալ: Այս «դուրս գալը» նաեւ ուղղակի իմաստ ունի, որովհետեւ Նորայր Սարգսյանն այն համայնքապետերից է, ով գրեթե չի առնչվում բնակավայրի խնդիրներին ու մտահոգություններին, իսկ եթե մտահոգվում էլ է, ապա միայն այն ժամանակ, երբ հարկավոր է լինում ապօրինի ծառահատումներ անել… Եւ ոչ միայն ծառահատումներ: Երբ, ասենք, անհրաժեշտ է լինում ուսումնասիրել, թե ինչ շինարարական աշխատանքներ են արժանի մրցույթների, որպեսզի հերթական «մրցույթն» անցկացվի, ու հաղթող ճանաչվի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով Եղվարդում մեծաթիվ սեփական կառույցներ ունի, եւ իրականում ինքն է Եղվարդի «կառավարիչը»` Նորայր Սարգսյանին պահելով որպես տեղապահ: Բայց մի անգամ Նորայր Սարգսյանը հերոսացավ ու կանգնեց համաքաղաքացիների թիկունքին: Դա 2009 թվականին էր, երբ «Հայռուսգազարդ»-ը քաղաքը զրկել էր գազից` եռակցման միջոցով անջատելով խողովակները սնուցող կետից: Այդ ժամանակ Նորայր Սարգսյանը սկսեց բանակցություններ վարել շարքային մի տեսուչի հետ, որպեսզի վերջինս միացներ բնակիչների գազը: Սակայն այդ բանակցություններում քաղաքապետը պարտություն կրեց ու հեռացավ….
Եղվարդի քաղաքապետն անտարբերության մատնեց Շիրակի 1 հասցեում գտնվող հանրակացարանի վարձակալների խնդիրը, իսկ արդեն դատարանի վճռով անօթեւան դարձած մի քանի կանայք գիշերեցին Երեւանի Հանրապետության հրապարակում: Դե, քաղաքապետն անզոր էր սեփականատերերի եւ դատարանների հարաբերություններում, Եղվարդում էլ այնքան ազատ բնակարաններ չկան, որ նա կարողանար հանգուցալուծում գտնել, բայց մարդկայնորեն կարող էր, չէ՞, գոնե կարեկցել, պաշտպանել իրեն ընտրողների շահերը: Սակայն Եղվարդում ընտրողների մասին հիշում են միայն ընտրությունների ժամանակ, մյուս դեպքերում նրանք անտերության մատնված մարդիկ են: Ուշագրավն այն է, որ արդեն հիշատակված Շիրակի 1 հասցեում հենց քաղաքապետի ցուցումով մի տնանկ ընտանիք էր բնակվել, համայնքի ղեկավարն ասել էր` գնացե՛ք ու բնակվե՛ք: Բայց երբ գործը հասել էր դատարան, քաղաքապետը հրաժարվել էր իր խոսքից ու անօգնական վիճակում հայտնված, աղքատության մատնված ընտանիքին թողել աղբանոցներից սնվելու հույսին:
Նորայր Սարգսյանը բավական հարթ կենսագրություն ունի. ամբողջ ութ տարի` 1978-1986 թվականներին, սովորել է Երեւանի Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ դպրոցն ավարտելու տարում ընդունվել է Եղվարդի ՆԱՏ-ի գիտաարտադրական միավորման հարավային մասնաճյուղ որպես տեխնիկ: Այստեղ աշխատել է ուղիղ տասներկու տարի` լինելով փականագործ, ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող: 1989 թվականին, երբ հիմնովին հեղինակազրկվել էր Կոմունիստական կուսակցությունը, տեղավորվել է ՀԿԿ շրջկոմում որպես հրահանգիչ, իսկ կոմկուսից էլ «անցում է կատարել» դեպի մասնավոր սեփականություն ու դարձել «Ռադա» կոոպերատիվի նախագահ: Այս կոոպերատիվից չհրաժարվելով` 1992-ին նշանակվել է գյուղխորհրդի նախագահի տեղակալ: Տեղակալությունը նրան այնքան է դուր եկել, որ 1997-1998 թվականներին եղել է Եղվարդի քաղաքապետի տեղակալ: Մոտ մեկ տարի` 1998-ին, զբաղվել է գյուղամթերքների արտադրությամբ ու վաճառքով, բայց երեւի առեւտրականի գործը կայուն եկամուտներ չի ապահովել, այդ պատճառով էլ 1999-ին ընտրվել է քաղաքապետ: Չմոռանանք` 1978-80 թվականներին բանակում է ծառայել: Սա շեշտենք, քանի որ այսօրվա շատ քիչ պետական պաշտոնյաներ ու համայնքապետեր են ծառայել բանակում: Իր կուսակցականության մասին էլ սկզբնական շրջանում չի նշել, որովհետեւ իսկապես եղել է անկուսակցական, բայց հետագայում դարձել է Հանրապետականի անդամ, քանի որ դա պաշտոնում մնալու գլխավոր երաշխիքն է: Հենց Հանրապետականի դրոշի տակ գործելու հանգամանքն էլ Նորայր Սարգսյանին դարձրել է չափազանց ազատ ու ինքնիշխան` նպաստելով այն բանին, որ այսօր Նորայր Սարգսյանը Եղվարդի ոչ միայն ամենահայտնի մարդն է, այլեւ ամենաունեւորներից մեկը: Լինելով քաղաքապետ` նա շարունակում է զբաղվել բիզնեսով` իր իսկ ղեկավարած քաղաքում տեր դառնալով նորանոր օբյեկտների:
ԵՂՎԱՐԴՈՒՄ Ո՞Վ Է ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ