ՀԱՐՑ. Ես ապրում եմ Շենգավիթ համայնքում` իմ սեփականաշնորհված բնակարանում: Ամեն ամիս տարածքի սպասարկման վարձ եմ վճարում: Խնդրում եմ բացատրել` ինչի համար է նախատեսված այդ վճարը: Ես տեղյակ եմ, որ Աջափնյակ վարչական շրջանում (Երզնկյան 1 շենք) այդ սպասարկման վարձը վճարում են` բնակարանի քմ-ից ելնելով, իսկ Նորքի Մասիվում` բնակվող մարդկանց քանակով: 1քմ-ի դիմաց տարբեր շրջաններում տարբեր գումարներ են վճարում` 13-ից 20 դրամ: Ինչո՞ւ բոլոր տեղերում տարածքի սպասարկման վարձի վճարումը նույն կանոնակարգով չէ, եւ ո՞րն է ճիշտ ձեւը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը տեղեկացնում է, որ բազմաբնակարան շենքի կառավարման մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով ասվում է, որ ընդհանուր բաժնային սեփականության յուրաքանչյուր սեփականատեր պարտավոր է իր բաժնին համաչափորեն մասնակցել պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերին, հարկերին, տուրքերին եւ մյուս վճարներին, ինչպես նաեւ գույքի պահպանման եւ շահագործման այլ ծախսերին: Նույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված է, որ նախատեսված աշխատանքների իրականացման համար վճարի չափը շինության սեփականատիրոջ համար սահմանվում է` ելնելով շենքի բաժնային սեփականության մեջ նրա բաժնի չափից: Իսկ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ պարբերությամբ սահմանված է, որ բազմաբնակարան շենքի յուրաքանչյուր բնակարանի սեփականատիրոջ բաժինը որոշվում է տվյալ սեփականատիրոջը պատկանող բնակարանի մակերեսի հարաբերությամբ այդ շենքի բոլոր բնակարանների մակերեսներին` արտահայտված կոտորակով:
Յուրաքանչյուր շենքի համար սակագինը կարող է լինել տարբեր, որը կախված է տվյալ տարվա համար կազմված բյուջեի չափից եւ շենքի ընդհանուր ժողովի կողմից կայացված որոշումից:
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնդիրն էլ հենց այն է, որ նույն ծառայության դիմաց մարդիկ չեն ցանկանում հայեցողաբար սահմանված վճարման տարբեր չափեր մուծել: Թերեւս նպատակահարմար կլինի, որպեսզի սահմանվի մեկ միասնական սակագին: