65-ամյա Ալլա Իսրայելյանը, բացի թոշակից (23,368 դրամ), օգտվում է նաեւ «Փարոս» համակարգից, որից ստացած նպաստը կազմում է 16,000 դրամ: Սակայն տիկին Ալլան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ամեն ամիս փոստի աշխատակիցը` Թագուհի Չաուշյանը, վերցրել է իր թոշակի 368 դրամը:
Ալլա Իսրայելյանը բնակվում է Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի 38-րդ շենքում: «Հայփոստ»-ի այն բաժանմունքը, որտեղից օգտվում է տիկին Ալլան, գտնվում է հենց այդ շենքի առաջին հարկում:
«Միայնակ թոշակառու կին եմ, թոշակս կազմում է 23,368 դրամ: Խիստ կարիքավոր եմ, այս պատճառով էլ օգտվում եմ նաեւ «Փարոս» համակարգից: Նախորդ ամիս` նոյեմբերի 25-ին, պետք է ստանայի իմ նպաստը: Դրա համար էլ զանգահարեցի փոստ, որի աշխատակիցն է Թագուհի Չաուշյանը: Զանգիս պատասխանեց նա եւ տեղեկացրեց, որ վաղը կարող եմ գնալ եւ նպաստ ստանալ: Ես էլ հաջորդ օրը` նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:45-ին, արդեն փոստում էի: Սակայն աշխատակիցներն ինձ փոխանցեցին, թե գումար չկա, գնա՛, վա՛ղն արի: Ախր ես հիվանդ էի, բարձր ջերմությունով գնացի փոստ, որ շուտ գումար ստանամ: Բայց արի՛ ու տես, որ ինձ խաբեցին: Իրենց լեզվով ասած` նույնիսկ 1 դրամ չունեին, որ տային: Բայց ես քսան օր էր, ինչ մի կտոր հաց չունեի, մի գդալ սուրճ, շաքարավազ չունեի»:
Սակայն տիկին Ալլային ավելի շատ զայրացրել է այն, որ իրեն ասել են, թե փող չկա, բայց միեւնույն ժամանակ մյուս քաղաքացիներին գումար են բաժանել. «Սիրտս ծակում էր, լացում էի, աղաչում էի, որ իմ գումարը տան: Չէ՞ որ բացի հացից՝ պետք է մուծեի նաեւ հեռախոսի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները: Բայց փող չկար: Ծրագրել էի` նպաստը ստանալուն պես անմիջապես դրանք մուծելու էի: Ընդամենը պահանջում էի ինձ հասանելիք ողորմությունը, որ յոլա գնամ»:
Մեր զրուցակցի պատմելով՝ Թագուհի Չաուշյանը, նկատելով, որ տիկին Ալլան չի հեռանում տարածքից եւ համառորեն պահանջում է իր գումարը, զանգում կանչում է ոմն Արամի: «Արամի գալուն պես մթնոլորտն էլ ավելի շիկացավ: Նա էլ իր հերթին հաստատեց մյուս աշխատակիցների խոսքը, թե գումարը հետ ենք ուղարկել, գնա՛: Գլխիս խաչը թռավ: Բայց ամենասարսափելին այն էր, որ փոստի աշխատակիցներից մեկը` մի երիտասարդ աղջիկ, որը սովորաբար գումարներ է բաժանում, իմ աչքի առաջ նպաստների ցուցակում երեք հոգու փոխարեն ստորագրեց, իսկ գումարները վերցրեց ու գնաց մեկ այլ սենյակ: Իսկ Թագուհին, իր պայուսակը ձեռքին, գնաց նույն սենյակը, որտեղ էր նաեւ այն երիտասարդ աղջիկը: Որոշ ժամանակ անց Թագուհին սենյակից դուրս եկավ եւ բարձրաձայն հայտարարեց, թե գնում է: Ու գնաց` պայուսակն էլ իր հետ տանելով: Ես էլ, տեսնելով դա, բղավեցի, թե փողերը լցրեցիր պայուսակդ, հիմա էլ տանո՞ւմ ես»,-վրդովված պատմեց տիկին Ալլան:
Այնուհետեւ փոստի աշխատակիցը տիկին Ալլային տվել է մի հեռախոսահամար ու հայտնել, թե բողոքների համար կարող է զանգահարել այդ համարով: «Խնդրեցի, որ օգտվեմ իրենց հեռախոսից, չթողեցին: Ես դրանից ավելի զայրացա ու դուրս եկա: Փոստի հարեւանությամբ է գտնվում նաեւ համատիրությունը, մտա այնտեղ, որ զանգեմ, եւ ի՞նչ տեսնեմ. փոստի աշխատակիցը` Թագուհին, այնտեղ էր: Երկիրը գլխիս փուլ եկավ, ու անմիջապես հարցրի՝ ինչու ես այստեղ թաքնվում, իսկ ես փոստում կռիվ եմ անում: Վիճեցինք, որից իմ առողջականը վատացավ»,-ներկայացրեց մեր զրուցակիցը` նշելով, որ այս ամոթալի պատմությունից հետո՝ հաջորդ օրը միայն, ի վերջո ստացել է իր նպաստը:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին տեղեկացրեց նաեւ, որ այս միջադեպից հետո նա իր թոշակը ստանում է բանկի միջոցով, քանի որ նախկինում, իր խոսքով, Թագուհի Չաուշյանն ամեն ամիս վերցրել է իր 368 դրամը. «Ես համոզված եմ, որ այս փոստի ցուցակներում մշտապես կեղծիքներ կան: Չէ՞ որ նման ճանապարհով էլ նույն Վազգեն Խաչիկյանը գնաց»:
Քաղաքացու բողոքի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայփոստ» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանի հետ, որը, սակայն, կատարվածն այլ կերպ ներկայացրեց. «Երբ նա այցելել է փոստային բաժանմունք, աշխատակիցները տվյալ քաղաքացուն պատասխանել են, որ փոստատարը հաջորդ օրը գումարը տուն կբերի: Սակայն քաղաքացին աղմուկ է բարձրացրել: Իհարկե, հաջորդ օրը փոստատարը քաղաքացու նպաստը տուն է տարել, սակայն վերջինս դուռը չի բացել: Դրանից մեկ օր հետո քաղաքացին մոտեցել է ու առանց խնդրի ստացել իր նպաստը»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ