Դիվանագետը քննում է Սերժ Սարգսյանի չստացված հարցազրույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի փաստ է, որ Սերժ Սարգսյանը բավականին ժլատ է հարցազրույցներ տալու հարցում: Միաժամանակ հարկ է նկատել, որ նրա՝ հանպատրաստից ունեցած տարաբնույթ ելույթները մանրամասնորեն վերլուծվում են ոչ միայն տեղական, այլեւ միջազգային շրջանակների կողմից:

Նման մի վերլուծություն է իրենից ներկայացնում ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակվոր հավատարմատար Ջ. Փենինգտոնի կազմած զեկուցագիրը: Վերջինս, որ եւս տեղ է գտել «Վիկիլիքս»-ի հրապարակած դիվանագիտական փաստաթղթերի արխիվում, պատմում է Սերժ Սարգսյանի հազվադեպ հարցազրույցներից մեկի մասին, որը նա տվել էր 2008թ. մարտի 1-ից անմիջապես հետո: Դիվանագիտական այս փաստաթղթում Փենինգտոնը ներկայացնում է Սերժ Սարգսյանի առավել ուշագրավ հայտարարությունները, ապա վերլուծում բանախոսի կեցվածքն ու վերջում հանդես գալիս մեկնաբանությամբ:

Այսպես. դիվանագետը նախ արձանագրում է, որ Սերժ Սարգսյանը հարցերը հավաքագրել էր համացանցում բացված բլոգի միջոցով ու մարտի 13-ին երկուժամանոց տեսաձայնագրությամբ մի քանի լրագրողների առաջ պատասխանել դրանցից մոտ 80-ին: Ամերիկացու համոզմամբ`  «այս բլոգի գաղափարը այն հատուկենտ դրական քայլերից էր, որ արել էր Սարգսյանը Մարտի 1-ի մահացու բախումներից հետո»: Ներկայացնելով Սերժ Սարգսյանի հետընտրական պահվածքը՝ դիվանագետը տեղեկացնում է, որ նա նախընտրական քարոզչության համար վարձել էր մի բրիտանական ընկերության, որը պիտի իրեն աջակցեր հանրային իմիջ ձեւավորելու հարցում:

Փենինգտոնն այստեղ ակնարկում է, որ արյունալի իրադարձություններից հետո Սարգսյանի գործողությունները, հավանաբար, իրականացվում են կրկին այդ ընկերության խորհրդատվությամբ: Ամերիկացիների համար խիստ ուշագրավ ու հաճելի է եղել այն տպավորությունը, ըստ որի՝ հարցերը ընդգրկել են լայն շրջանակ ու, հեղինակի կարծիքով, Սարգսյանն ու իր աշխատակիցները զտում չեն իրականացրել՝ պատասխանելով անգամ խիստ անցանկալի որոշ հարցերի:

Փենինգտոնը հատուկ անդրադարձել է ընդդիմության հետ երկխոսության հարցում Սարգսյանի մոտեցումներին՝ մեջբերելով նրա խոսքը. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակի պնդել, թե 65 տոկոս ձայնով ինքն է ընտրվել նախագահ, մերժի ՍԴ որոշումը եւ շարունակի ինձ անվանել բանդիտ եւ մոնղոլ-թաթար, ինչիպիսի երկխոսություն մենք կարող ենք ունենալ»: Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը փաստորեն վիրավորվել էր իր իշխանավարության ու մոնղոլ-թաթարական լծի միջեւ համեմատության անցկացման փաստից ու իրեն ինքնստինքյան ասոցացրել մոնղոլ-թաթարների հետ:

Ինչեւէ, Փենինգտոնը չի թաքցնում իր ուրախությունն առ այն, որ Սերժ Սարգսյանը փորձել է իրեն ու Քոչարյանին առաձնացնել, ապա հրապարակայնորեն հերքել իրենց՝ պաշտոններով փոխանակվելու սցենարը. «Ես ու Քոչարյանն այնքան ազնիվ ենք, որ նման սցենարի դեպքում բացահայտ դրա մասին կհայտարարեինք նախապես»: Հետաքրքիր է, որ պալատական հեղաշրջում իրականացրած, ընտրություններ կեղծած, անզեն ցուցարարների վրա դիմահար կրակոց արձակելու հրաման տված մարդիկ կարող են իրենց համարել ազնիվ: Հարկ է նկատել, որ այսպիսի սցենարն իրականում միանգամայն հնարավոր էր, ինչը, սակայն, կարելի է ասել, կանխվեց Մարտի 1-ի պատճառով:

Ջ.Փենինգտոնը մանրամասնորեն ներկայացնում է, թե ինչպիսին է եղել հայ հանրության արձագանքը Սերժ Սարգսյանի հարցազրույցին: Նրա մատուցմամբ՝ շատերն ուղղակի սկզբունքորեն հրաժարվել են դիտել այն: Ոմանք, ողջունելով հանդերձ նախաձեռնությունը, այն համարել են մոլորեցնող ու կեղծ: Սարգսյանի հարցազրույցի տեսաձայնագրությունը ամբողջովին եղել է դիվանագետի ուշադրության կենտրոնում ու նա մանրամասնորեն հայտնում է ոչ միայն դրա խոսվածքային բովանդակությունը, այլեւ վերլուծում դրա ընթացքն ու առանձին էտապները:

Այսպես. Փենինգտոնը, հիշատակելով իր աղբյուրները, հայտնում է, որ Սարգսյանն ակնհայտորեն շփոթմունքի էր մատնվում անկեղծ պատասխաններ պահանջող հարցերից: Ավելին՝ նրա մարմնի լեզուն եւ ակնառու տհաճությունը որոշ հարցերի առնչությամբ փակուղային վիճակ էին ստեղծում: Ամերիկացիների հետ կապեր ունեցող տարբեր դիտորդներ խայտառակ ու անգամ ծիծաղելի են համարել Սարգսյանի որոշ պատասխանները:

Դիվանագետի` փաստաթղթի վերջում զետեղած մեկնաբանությունը մեջբերում ենք ամբողջությամբ. «Մինչ մենք գովաբանում ենք բլոգի հետեւում թաքնված դրական ոգին, խաղաղասիրական խոսքերի ժամանակը վաղուց է սպառված: Սերժ Սարգսյանի, նրա աշխատակազմի ու ոչ պաշտոնական ներկայացուցիչների հետ մեր զրույցներում մենք պահանջել ենք հաստատուն քայլեր կատարել ընտրության արդյունքում առաջացած ու խորացրած երկփեղկվածությունը հաղթահարելու ուղղությամբ: Մեր զրուցակիցները, թվում է, խլացել են: Ինչեւէ, Սարգսյանի խոսքերի եւ հետընտրական աղետի անհամապատասխանությունը շարունակում է ավելի ցայտուն երեւալ»:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս