ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՇԵՂՈՂ» ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ողջ օրվա ընթացքում տեղեկություններ էին տարածվում, թե առաջիկայում ՀՀ-ում ու հատկապես Գյումրիում երկրաշարժ է լինելու: Արդյունքում համատարած խուճապ էր հատկապես աղետի գոտու բնակավայրերում. Վանաձորում եւ Գյումրիում մարդիկ դուրս էին եկել իրենց տներից, իսկ երեխաներին տարհանել էին մանկապարտեզներից եւ դպրոցներից: Նկատենք, որ մեկ տարի առաջ նույն այս ժամանակահատվածում կրկին նման տեղեկություններ էին տարածվում ու դարձյալ`մարդիկ վախից փողոցներից տուն չէին գնում: Անցյալ տարի երկրաշարժի սպասելիքով ահաբեկված էին նաեւ մայրաքաղաք Երեւանում, որի որոշ վարչական շրջաններում, հատկապես Նորքի բարձրահարկ շենքերում, մարդիկ մի քանի օր շարունակ վախով էին լուսացնում: Երեկ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ դրանք կեղծ տագնապներ են ու անհասկանալի է, թե ովքեր են նման տեղեկություններ տարածողները:

Խուճապային իրավիճակը երեկ այնքան մեծ էր, որ ՀՀ ԱԻՆ-ը ստիպված եղավ հանդես գալ հաղորդագրությամբ` հերքելով երկրաշարժի մասին կանխատեսումները. «Մասնագետները գտնում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն եւ բնակչությանն անհանգստանալու առիթ չկա: Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո անցել է 25 տարուց ավելի, սակայն սեյսմաբանները գտնում են, որ դեռեւս այս երկրաշարժի օջախում ակտիվությունը չի մարել եւ այսպիսի թույլ երկրաշարժերի տեղի ունենալը բնորոշ է հետերկրաշարժյան գործընթացներին, այսինքն` հետցնցումները շարունակվում են եւ դեռեւս շարունակվելու են: Նորից շեշտում ենք, որ ուժեղ երկրաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ»-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստիեւ անհանգստանալու կամ խուճապի կարիք չկա»:
Նկատենք, սակայն, որ նման հաղորդագրություններին հասարակությունն արդեն ուշադրություն չի դարձնում, քանզի ցանկացած պետական կառույցի կամ պաշտոնյայի ասածների հանդեպ մարդկանց մոտ վստահությունը զրոյական մակարդակի է: Այդ պատճառով էլ, չնայած ԱԻՆ հավաստիացումներին, խուճապային իրավիճակն այդպես էլ ողջ օրվա ընթացքում պահպանվեց:
Ուրախությամբ արձանագրելով, որ ԱԻՆ-ի հավաստիացումները հիմնավոր էին, նկատենք, որ բավականին մտահոգիչ է նման անհիմն տեղեկությունների տարածումը: Անհասկանալի է, թե ՀՀ-ում որտեղի՞ց են «ծնվում» նման բնույթի լուրերը եւ ինչպես են կայծակնային արագությամբ տարածվում ժողովրդի մեջ: Կարելի է ենթադրել, որ նման տեղեկությունները ժամանակ առ ժամանակ օգտագործվում են հասարակության ուշադրությունն ինչ-որ բանից շեղելու համար:
Երեկ անգամ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Armlur.am-ի հետ զրույցում հորդորել էր խուճապային տեղեկություններ չտարածել. «Անհասկանալի է, թե ինչու են մարդիկ իրենց ֆեյսբուքյան էջերում նման տեղեկություններ հրապարակում, առանց իրականությանը տեղեկանալու: Երեւի մարդիկ իրար զանգահարում ու նման տեղեկություններ են հայտնում, որը վստահեցնում եմ՝ անհիմն է: 5 բալանոց երկրաշարժից հետո արդեն եղել են 12 հետցնցումներ` 3, 2 բալ, որն էլ արդեն նշանակում է, որ ամեն ինչ նորմալ է ու որեւէ վտանգ չկա»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս