ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՀԱՐԳՎՈՒՄ ՀՀԿ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԽՈՍՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության ներսում լուրջ սկանդալ է հասունանում: Մոտենում է տարեվերջը, բայց Տիգրան Սարգսյանի կառավարությունն այդպես էլ չի կարողանում իրագործել Սերժ Սարգսյանի` Հայաստանում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու հանձնարարականը:

Անգամ պաշտոնական տվյալներով՝ 2013թ. ընթացքում գրանցված տնտեսական աճը չի մոտենում նախանշված թվին. այսօր այն կազմում է հազիվ 4.3 տոկոս: Ընդ որում, տարվա ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը հետեւողականորեն նվազել է: Ու հիմա վարչապետի մերձավոր նախարարները սկսել են շրջանառության մեջ դնել մի թեզ, որով փորձում են ոչ միայն խուսափել պատասխանատվությունից, այլեւ անհարմար դրության մեջ դնել Սերժ Սարգսյանին:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը 2013թ. մարտի 18-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր. «Այս կառավարությունը ՀՀ-ում պետք է ապահովի տնտեսական աճ` նվազագույնը 7 տոկոս: …ՀՀ այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, այդ կառավարությունը պետք է հրաժարական տա»: Իսկ մայիսի 8-ին՝ կառավարության նիստում, նա վերահաստատել էր պահանջը. «Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով` խիստ որոշակի արդյունքներով: Անցած տարի կառավարության առջեւ խնդիր դրվեց ապահովել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ: Այս խնդիրը լուծվեց: Ընթացիկ տարում էլ նույն խնդիրն է դրված: …Հարցնելու ենք ոչ թե` ի՞նչ է արվել, այլ արվածն ի՞նչ արդյունքներ է տվել: Եվ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի»:
Նախօրեին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, մեկնաբանելով, թե ինչու կառավարությունը չի կատարել Ս. Սարգսյանի հանձնարարականն ու չի ապահովել 7 տոկոս տնտեսական աճը, նշել է. «Նախագահի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու ակնկալիքը քաղաքական հորդոր է եղել, եւ եթե ուշադիր նայենք ծրագիրը, ապա կտեսնենք, որ կառավարության կողմից դրված նվազագույն շեմը 5 տոկոս է»: Ավելի ուշ լրագրողների մոտ նրա միտքն է կրկնել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` ասելով. «Սերժ Սարգսյանը քաղաքական հայտարարություն է արել»:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ԱԺ հաստատմանը ներկայացված իր ծրագրում կառավարությունը սեփական հայեցողությամբ խմբագրել է Սերժ Սարգսյանի հանձնարարականն ու «նվազագույնը 7 տոկոս աճի» փոխարեն ամրագրել 5 տոկոս: Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. կառավարության անդամները, Ս. Սարգսյանի հանձնարարականը որակելով «քաղաքական հայտարարություն» կամ «քաղաքական հորդոր», ըստ էության, անլրջացնում են նրա խոսքերը:
Կառավարության անդամների այս հայտարարությունները, սակայն, ՀՀԿ-ում լուրջ դժգոհություններ են հարուցել: Ընդ որում, շատ ՀՀԿ-ականներ իրենք արդեն բավական թափանցիկ ակնարկներ են անում կառավարության հասցեին: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը երեկ պնդում էր, որ կառավարությունն ինքը պետք է պարզաբանի, թե ինչու չի ապահովել 7 տոկոս աճ: «Եթե Սերժ Սարգսյանի կողմից խնդիր է դրվել, ու այն չի իրականացվել, ապա կառավարության կողմից պետք է անպայման լինեն պարզաբանումներ»,-ասաց նա:
Իսկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը տեսակետ հայտնեց, թե քաղաքական պահանջները ենթադրում են նաեւ քաղաքական պատասխանատվություն: Ավելին, նա այս համատեքստում հիշեցրեց ՀՀ Սահմանադրության 84-րդ հոդվածը, որը սահմանում է կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգը. «ԱԺ-ն պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը: Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել հանրապետության նախագահի կամ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից»: Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի հանձնարարականին, պարոն Հարությունյանը նշեց. «Այո՛, դա իրավական պահանջ չէր, այլ քաղաքական: Սակայն քաղաքական պահանջները ենթադրում են նաեւ քաղաքական պատասխանատվություն: Այն կարող է լինել զուտ կուսակցական, բայց կարող է լինել նաեւ ավելի լուրջ. Սահմանադրության 84-րդ հոդվածը նախատեսում է քաղաքական պատասխանատվություն: Ուստի, նախագահի` կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծ ԱԺ ներկայացնելը եւ այդպես Սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունն իրացնելը եւս քաղաքական է»:
Տրամաբանությունը հուշում է, որ այսքանից հետո կա՛մ անձամբ Սերժ Սարգսյանը, կա՛մ նրա խորհրդարանական մեծամասնությունը պետք է կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգ նախաձեռնի, քանի որ ստեղծվել են դրա համար անհրաժեշտ բոլոր հիմքերը: Այլապես կստացվի, որ Սերժ Սարգսյանը, իր իսկ խոսքով ասած, «քամի էր տատանել»` կառավարությանը հանձնարարականներ տալով ու չկատարելու դեպքում պատժել խոստանալով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս