Երբ հայտնի դարձավ, որ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ՝ ՕԵԿ-ի եւ Քույրիկ Լեւոնի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու «հիմքով», մեր ընթերցողները սկսեցին զանգերի տեղատարափ՝ տարաբնույթ տեղեկություններ հայտնելով ՕԵԿ-ի ու անձամբ Մարգարյանի մասին: Նախօրեին ընթերցողներից ստացանք ահա այս լուսանկարը: Իհարկե, առաջին հայացքից արտառոց ոչինչ չկա. բեռնատարն ընթանում է փողոցով, եւ որպեսզի թափքում եղած աղբը չթափվի, ինչ-որ բանով ծածկել են այն: Ահա այդ «ինչ-որ բանը» Հ. Մարգարյանի նախընտրական պաստառն է, որն ամենաշատը պիտանի է եղել աղբատարի վարորդին: Հետաքրքիր է՝ իր պատվի մասին այդքան մտահոգ ՕԵԿ-ական պատգամավորը պարզե՞լ է՝ բեռնատարը Հ. Մարգարյանին ուր է տանում՝ դեպի քաղաքական աղբանո՞ց, թե՞ քաղաքական պառնաս: Հ. Մարգարյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, որի աբսուրդային մանրամասները կներկայացնենք վաղվա համարում:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանի բնակչության վերաբերյալ բավական ուշագրավ փաստեր է հրապարակել: Ըստ պաշտոնական տեղեկության՝ ՀՀ-ում բնակչությունը 2010թ. կազմել է 3,2 մլն մարդ, իսկ 2012թ. այն դարձել է 3 մլն: Թե ինչքան է իրականում, դժվար է միանշանակ ասել: Բայց ուշագրավ է հարեւան Ադրբեջանում առկա բնակչության թվաքանակի դինամիկան: Նույն ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Ադրբեջանում բնակչությունը 2010թ. կազմել է 9 մլն, իսկ 2012-ին` 9.3 մլն: Այս տարիներին աճել է նաեւ Ղազախստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ ԱՊՀ այլ երկրների բնակչության թիվը: Իսկ ահա Հայաստանում ժողովրդագրական վիճակը գնալով անկում է ապրում: Ու պարզ չէ, թե ինչ կլինի Մաքսային միությանն անդամագրվելուց հետո:
Այն, որ Հայաստանում բազմաթիվ գործարարներ իրենց, մեղմ ասած, լավ չեն զգում, նորություն չէ: ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը հայտնվել է փակման եզրին: Գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանի խոսքով՝ պատճառը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից արված սխալ հաշվարկներն են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնօրենը զայրացած հայտարարեց, թե պատրաստվում է հեռանալ Հայաստանից, քանի որ չի կարողանում այս պայմաններում աշխատել. «Հոգնել եմ ես, սա վերջին պայքարս է: Ինչպես են բազմաթիվ գործարարներ հեռանում, իրենց նման ես էլ կգնամ: Գրե՛ք խնդրում եմ, որ ցավ եմ ապրում նման բաներից: Գոնե այս հարցին լուծում տրվի, որ մարդիկ տեսնեն՝ իշխանությունները կան, երկրի առաջին դեմքը հետաքրքրվում է մեզանով: Թող մարդկանց մեջ հավատը վերականգնվի: Ափսոս չէ՞ երկիրը մեր ձեռքից գնա: Հիմա տեսնում եմ, որ ոչ ոք ոչ ոքից չի վախենում, էնքան են հաբրգել, որ ոչ ոք ոչ ոքի բան չի անում»:
Հոկտեմբերի կեսերին Գյումրու «Գալա» հեռուստաընկերության եթերից ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը սուր քննադատության էր ենթարկել աշխարհիկ ու հոգեւոր իշխանություններին` աշխարհիկներին անվանելով գեղցիներ, իսկ կաթողիկոսին` սատանա: Դրանից երկու ամիս անց Ն. Ծատուրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես բացատրեց իր քայլը. «Հա՛, շատ խիստ եմ ասել, մեղա եմ գալիս։ Բայց տեսնելով, թե ինչեր են անում, ինչ է կատարվում… Ժողովուրդը Ստալինին ինչո՞ւ էր պաշտում։ Որովհետեւ միշտ մի կիտելով, իր «Պեժո» մեքենայով էր, ապրում էր հենց Կրեմլում. ասկետիզմ կար մոտը։ Բայց երբ տեսնում են, որ ոմանք բենթլիներ են քշում, պալատներ կառուցում, կղզիներ առնում, օֆշորների մեջ մտնում, իրենց բարեկամներին խցկում… Նայում եմ հին եկեղեցիներին, քեֆս գալիս է, իսկ այս նոր եկեղեցիներն այնպես են զարդարել, կարծես եկեղեցի չեն, այլ… տորթ։ Էս գեղական չտեսությունը մեզ մոտ շատ-շատ է»։