ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես մենեջեր եմ եւ երկու ամիս, բացի իմ աշխատավարձից, ստացել եմ պարգեւատրում: Խնդրում եմ ասել` աշխատողին տրված պարգեւատրումից պարտադիր սոցիալական ապահովության վճար հաշվարկվում է, թե ոչ:
Լիա Թեւանյան (30 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են՝
ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները եւ դրան հավասարեցված եկամուտները,
բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձն ու դրան հավասարեցված եկամուտները…
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ըստ ՀՀ կառավարության 1998թ. հունիսի 8-ի N 325-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի՝ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներ եւ դրանց հավասարեցված եկամուտներ են համարվում նաեւ լրավճարները, հավելավճարները (այդ թվում՝ դասային եւ հատուկ կոչումների, գիտական աստիճանների համար) եւ պարգեւատրումները (անկախ վճարման պարբերականությունից եւ ֆինանսավորման աղբյուրներից):
Այսպիսով` վերը նշվածից հետեւում է, որ աշխատողին վճարած պարգեւատրումից եւս հաշվարկվում է պարտադիր սոցիալական ապահովության վճար:
«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, որ մեր երկրում ընդունվող օրենքները երբեմն պարզապես հակասում են մարդկային տրամաբանությանը: Այս դեպքում, օրինակ, ստացվում է, որ եթե անձն աշխատել է բարեխղճորեն եւ պատասխանատվությամբ վերաբերել իր աշխատանքին, ապա դրա դիմաց ստացած պարգեւատրումը նույնպես պետք է «կիսի» պետության հետ:

 

 

ՀԱՐՑ. Ընկերս վերջերս խախտում է կատարել, որը ֆիքսել է լուսանկարահանող սարքը: Դրանից հետո ՃՈ աշխատակիցը կանգնեցրել է նրան եւ ցանկացել արձանագրություն կազմել, որի արդյունքում վիճաբանություն է առաջացել: Հիմա ստացվում է, որ մի խախտումի համար կրկնակի՞ պետք է վճարի: Ի՞նչ պետք է անել նման դեպքերում:
Արա Կիրակոսյան (47 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ օրենքի գործողությունը չի տարածվում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի կողմից, եւ տրանսպորտային միջոցն օրենքով սահմանված կարգով կանգնեցվել է՝ անկախ խախտումը տեխնիկական միջոցով ամրագրված լինելու հանգամանքից:
ՀՀ ոստիկանության ՀԿԼՎ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խմբագրություն ստացված ահազանգերն ու դժգոհություններն այս խնդրի շուրջ բավականին շատ են: Եվ, չնայած գործող կարգին, պատահում են դեպքեր, երբ վարորդը նույն խախտման համար վճարում է 2 անգամ: Թերեւս դա էլ խոսում է մեր քաղաքացիների անտեղյակության մասին:




Լրահոս