ԸՆԴԴԵՄ ՆԵՐԳԱՂԹԻ
Սիրիահայերը հայտնվել են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի թիրախում: Մինչ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարում է, թե Հայաստանում բոլոր նպաստավոր պայմանները ստեղծված են սիրիահայերի համար, ՊԵԿ-ի գործունեությունը միանգամայն այլ բան է ցույց տալիս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերին Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչ Նարինե Ներսիսյանն Իրանից Հայաստան է ներմուծել «Համմեր» մակնիշի ավտոմեքենա, որը չի հայտարարագրել: Այս արարքի համար Մեղրիի մաքսակետի պետ Ս. Հայրապետյանը նրան տուգանել է 1,792,608 դրամով: Հալեպ քաղաքի մեկ այլ բնակիչ Դաֆիդ Սրաֆիան Օնիկն էլ Իրանից Հայաստան է ներմուծել «Շեւրոլե կրուզ» մակնիշի ավտոմեքենա եւ ժամանակին չհայտարարագրելու համար տուգանվել 978,130 դրամի չափով: Մինչդեռ «Քեթրին գրուպ»-ի կողմից ներկրված մի քանի «ֆուռ» չհայտարարագրված բանանների համար նույն ՊԵԿ-ը տուգանել է ընդամենը 50 հազար դրամով: Ահա թե ինչ սկզբունքով է մեր կառավարությունը փորձում երկրում խթանել ներգաղթը:
ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին կառավարությանը Սերժ Սարգսյանի տված հանձնարարականը պետք է կառավարությունը կատարի: Իսկ եթե չի կատարում, նշանակում է, որ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները նույն իշխանության ներսում արժեք չունեն: Անդրադառնալով ՀՀԿ-ական նախարարների հայտարարություններին, թե 7 տոկոս աճ ապահովելու հանձնարարականը քաղաքական հորդոր էր, նա նշեց. «Քաղաքական հայտարարությունը չի նշանակում` կարելի է կատարել կամ չկատարել: Քաղաքական հայտարարությունը նշանակում է` հետեւել եւ ապահովել հայտարարությամբ նախանշված արդյունքներին հասնելը: Իսկ եթե չեն հասնում, քաղաքական պատասխանատվություն է առաջ գալիս. այս դեպքում պետք է առնվազն խոսք լիներ նոր կառավարության մասին: Եվ քանի որ չկա, ստացվում է անպատասխանատու վերաբերմունք»:
ԹԻԹԻԶԱՆՈՒՄ ԵՆ
Երբ Ամանորի սեղանը զարդարում է կոկորդիլոսը, դա արդեն խոսում է հայ մարդու թիթիզության մասին: Նման կարծիք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը: «Կան մարդիկ, որոնց համար 380 հազար դրամը ոչինչ չարժե: Դա, իհարկե, անսովոր է մեզ համար: Բայց որոշ երկրներում կոկորդիլոսի միսը դելիկատես է համարվում: Իսկ մեր հայրենակիցների մոտ արդեն ձեւական է, ինքնահաստատվելու, ինքնագնահատականը բարձրացնելու միջոց, թե տեսե՛ք՝ մեր սեղանին ինչ կա: Փորձում են զարմացնել: Թիթիզություն»,-լրացրեց հոգեբանը: Հիշեցնենք, որ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում վաճառվում է ապխտած կոկորդիլոս, որի արժեքը 380 հազար դրամ է: