ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԱՐՎՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 4 ամիս է, ինչ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է Ադրբեջանում՝ գերության մեջ: Մինչ օրս հայտնի չէ, թե ինչ պայմաններում է նա հայտարարել, որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք, եւ, առհասարակ, ինչ վիճակում է նա գտնվում իրականում: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց 2003թ. Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինվոր Եղիա Հունանյանի հետ, որը որոշ մանրամասներ պատմեց իր գերության 2 ամիսներից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ միջնորդավորված կերպով քայլեր են ձեռնարկվում ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին Հայաստան վերադարձնելու համար: Իսկ արդեն նոյեմբերի 21-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երեւանյան գրասենյակի ներկայացուցիչն ընդունել էր ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին՝ հայտնելով, որ Հակոբը երրորդ երկիր տեղափոխվելու դիմում է ներկայացրել, տեղափոխման իրականացումն էլ կտեւի շուրջ մեկ տարի:
Հայտարարություններից անցել է շուրջ 4 ամիս, սակայն զինվորը շարունակում է մնալ Ադրբեջանում:
Առհասարակ, ինչպե՞ս են վարվում Ադրբեջանում ռազմագերիների հետ, եւ ի՞նչ ճնշումների գնով են հայ զինվորները ստիպված լինում ընտրել երրորդ երկիր՝ հետագայում ապրելու համար: «Ժողովուրդ»-ն այս հարցերի պատասխանը փորձեց ստանալ 2003թ. Ադրբեջանում ռազմագերի եղած հայ զինծառայող Եղիա Հունանյանից:
Եղիայի խոսքով՝ ինքը ծառայել է Լեռնային Ղարաբաղի N զորամասում ու նորմալ իրականացրել իր ծառայությունը. «15 օրը մեկ զինվորներ էի տանում դիրքեր բերում ու իրենց հետ էլ մնում էի այնտեղ: Ստացվեց այնպես, որ մենք մի երեք ամիս մնացինք դիրքերում: Մի լենինականցի տղա կար՝ անունն Արիստակես, նա հեռվից շատ էր խոսում ադրբեջանցիների հետ: Նույնիսկ մի օր էլ կանգնեց թմբի վրա, իսկ մյուս կողմից էլ ադրբեջանցի զինվորը կանգնեց, ու սկսեցին խոսել իրար հետ, թե ինչքան ժամանակ է՝ ծառայում ես, անունդ ինչ է, ու շփվում էին ռուսերենով»:
Մեր զրուցակցից պարզեցինք, որ Արիստակեսը մի օր Եղիային եւ իրենց մյուս զինծառայող ընկերոջը, որը մարտունեցի է եղել, ասել է, թե ինքը գնում է ադրբեջանցի զինվորի հետ հանդիպելու. «Չթողեցի, բայց Արիստակեսը սկսեց առաջ գնալ, ու մենք` ես ու մարտունեցին, իր հետեւից գնացինք, որ մենակ չթողնեինք: Այնքան մութ էր, ոչինչ չէինք տեսնում: Մեր թմբից դուրս եկանք եւ մի 10 մետր էլ չէինք անցել, հարված ստացանք ոտքներիս: Երեքս ընկանք: Երբ գլուխներս բարձրացրինք, տեսանք մի 10 հատ ավտոմատ գլխներիս հետեւում: Պարզվում էր՝ ադրբեջանցիները լավ պատրաստված եկել էին մեր հետեւից, որպեսզի մեզ կենդանի գերեվարեին»:
Եղիայի խոսքով՝ ադրբեջանցի զինվորները, ինքնաձիգները պահելով իրենց վրա, հանել են նրանց գոտիները ու կապել ձեռքները, ինչպես նաեւ փակել աչքերը ու տարել. «Բավականին երկար ճանապարհ գնացինք ու երբ բացեցինք աչքներս, մի սենյակում էինք, որտեղ ադրբեջանցի գեներալներ էին նստած: Վերջիններս սկսեցին մեզ հարցաքննել, թե ձերը որ զորամասն է, ինչքան տանկ ունեք, քանի զինվոր եք, ինչքան զենք կա, ու լիքը նման բաներ: Ավելի ուշ սկսեցին երեքիս առանձին-առանձին հարցաքննել, որ տեսնեին՝ խաբում ենք, թե չէ»:
Նրա նկարագրմամբ՝ ավելի ուշ իրենց տանում են մի սենյակ եւ ստիպում հանվել. «Մեր շորերը տարան, ինչ կար-չկար, վրաներիցս հանեցին, ոչ կոճակ, ոչ մի բան չէին թողել: Այսինքն՝ ինչ վնաս տալու բան կար, հանել էին: Այնքան սառած, վախեցած վիճակում էինք, որ բան չէինք հասկանում: Ավելի ուշ իմ սենյակ եկավ մի տղամարդ ու սկսեց հետս հայերեն խոսել: Այնքան լավ էր խոսում: Ինձ մեր լեզվով հարցեր էր տալիս, թե քանի հոգի ծառայող ունեք: Այդ մարդն ինձ ասաց, թե Ղարաբաղյան կռվի ժամանակ եկել է, մնացել Ադրբեջանում: Ապրել է Արտաշատում ու ասում էր, թե հայ է: Ինչեւէ. մի 20 անգամ, բոլորիս աչքերը փակ, այս սենյակից այն սենյակ էին տանում հարցաքննության: Նրանց մի բան էր հետաքրքրում, թե մենք ինչ ունենք: Ինձ ասում էին, թե դուք մի բուռ եք, մենք մի րոպեում ձեր հարցերը կլուծենք: Հարցաքննության ժամանակ, երբ տեսնում էին, որ երեք զինվորներս տարբեր բաներ էինք ասել, ու հասկանում էին, որ խաբում ենք իրենց, այդ ժամանակ սկսում էին դաժան ծեծել մեզ: Ձեռքների տակ ինչ ընկներ, դրանով խփում էին, ռեմենով ու նման այլ բաներով: Բայց, միեւնույն է, ոչ մի ճիշտ բան չասացինք»:
Ըստ մեր զրուցակցի՝ ինքն Ադրբեջանում մնացել է 2 ամիս 20 օր: Իրեն պահել են մի սենյակում, որտեղ երկաթից մահճակալը գետնին մեխված է եղել, իսկ իրեն էլ ստիպել են պառկել այդ մահճակալին, ու ձեռքերը մահճակալի վերեւի հատվածում շղթայով կապել են. «Այդպես երկու ամիս մնացել եմ, ինչ չէի կերել երբեք, այնտեղ կերա: Այնտեղի զինվորներն առիթից օգտվում ու ծեծում էին. աչքերս փակ էր, ես էլ հարվածում էի, բայց չէր կպնում: Ասում էի՝ ինչի եք խփում, ասում էին՝ լավ ենք անում: Ինձ ամեն կերպ համոզում էին, թե մնա այստեղ, քո ծառայության կեսն այստեղ անցկացրու: Ադրբեջանում քեզ ամեն ինչով կապահովենք, կգնաք Հայաստան, այնտեղ ձեզ համար վատ կլինի»:
Եղիան համոզված է, որ Հակոբ Ինջիղուլյանի դեպքում նույնպես ամեն ինչ արել են, որ համոզեն՝ գնա երրորդ երկիր. «Նրանք Հակոբին չեն ուղարկի երրորդ երկիր: Մեզ ասում էին՝ Ռուսաստանից ու ձեր երկրից բացի՝ ուրիշ այլ երկիր ընտրի, գնա, ապրի: Ավելին՝ ինձ ասացին, թե ասա՝ որտեղ ես ապրում, մենք քո ծնողներին կգտնենք, իրենց էլ կբերենք այստեղ ու ամեն ինչով կապահովենք, միայն հրաժարվեք ձեր երկրի քաղաքացիությունից»:
Ըստ նրա՝ այդ ժամանակ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր, եւ իրենց ծնողները դիմել, բողոքել էին, որ իրենց վերադարձնեն հայրենիք. «Ու այդպես Սերժ Սարգսյանն իմ ծնողների խոսքը գետնին չթողեց: Իհարկե, պաշտոնապես ասացին, թե մեզ փոխանակել են այլ գերիների հետ, բայց ախր իմ աչքերը բաց էին, որ մեզ բերեցին, ու ես այդ պրոցեսը չեմ տեսել: Այդ օրերին տեղեկություններ ստացանք, որ Հայաստանը՝ ի դեմս ՊՆ-ի, ադրբեջանցիներին փող է տվել, որ մեզ վերադարձնի: Ու այդպես մենք վերադարձանք: Երկար ժամանակ մնացի Կանազի հոսպիտալում, բուժվեցի»:
Եղիայի խոսքով՝ իրենց հետ կատարված դեպքից հետո ինքը որեւէ լուր չունի իր հետ գերի ընկած մյուս ընկերներից:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս