ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հայ ազգային կոնգրես»-ը գազային սկանդալի մասով հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.

«Վերջին շրջանում կառավարության հայտարարություններից ու պարտադրված խոստովանություններից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները 2011թ. ի վեր, երեք տարի շարունակ թաքցրել են այն հանգամանքը, որ դե ֆակտո բարձրացել է Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը։ Այդ բանը այժմ փորձում են արդարացնել նրանով, որ, իբր, այդ ամբողջ ընթացքում Ռուսաստանի հետ նաեւ բանակցություններ են ընթացել գազի գնի շուրջ։
Արդարացումներն անհեթեթ են, քանի որ հենց այդ ընթացքում երկու անգամ փոխվել, ավելացել է գազի մատակարարման մեծածախ գինը՝ դառնալով նախ 240, ապա 280 դոլար` 1000 խ/մ-ի դիմաց։ Գազի գնի բարձրացումը գաղտնի է պահվել ոչ միայն հասարակությունից, այլեւ Ազգային ժողովից։ Կառավարությունը չի խորշել անգամ պետական բյուջեի մասին 2011, 2012, 2013թթ. օրենքների բացահայտ խախտումից եւ առանց ԱԺ որոշման, գաղտնաբար կուտակել է պետական պարտք, որն այս պահին հասնում է ավելի քան 300 միլիոն դոլարի։ Բոլոր այս թանկացումներից հետո այժմ սահմանի վրա ռուսական գազի մեծածախ գինն իջել, դարձել է 189 դոլար 1000 խ/մ-ի դիմաց, այսինքն՝ նախնական գնից ընդամենը 9 դոլարով ավելի, որից հաշվարկվում էր հանրապետությունում մանրածախ գինը մինչեւ վերջին թանկացումը։ Գնագոյացման մեխանիզմների մեջ այլ փոփոխություն չի եղել, սակայն սպառողի համար գազի գինը (1000 խ/մ համար) անհասկանալիորեն բարձրացվել է 60 դոլարով։ Հայաստանի իշխանությունները կոպտորեն խախտել են նաեւ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքը։ Առանց «Բյուջեի մասին» օրենքի եկամուտների մասում փոփոխություն կատարելու, որպես ապօրինաբար կուտակված արտաքին պարտքի մարման միջոց ընտրվել է «Հայռուսգազարդ»-ի 20% պետական բաժնեմասի վաճառքը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը։ Դա օրենքի կոպիտ խախտում է, քանի որ պետության 20% այդ բաժնեմասն ընդգրկված չէ սեփականաշնորհման ծրագրում։ Հայ Ազգային Կոնգրեսը դեռ 2012թ. հոկտեմբերին ԱԺ-ում հայտարարել էր, որ կառավարությունը գաղտնի եւ ապօրինի որոշում է ընդունել այդ բաժնեմասի վաճառքի մասին, ինչն այն ժամանակ հերքեց նույն կառավարությունը, իսկ այժմ, ահա, հաստատվում է փաստերով ու փաստաթղթերով։ …ՀԱԿ-ը, դատապարտելով ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրության եւ օրենքների ցցուն ոտնահարումը, սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունը, նախապատրաստվում է այս, ինչպես նաեւ այլ իրավախախտումների հիմքով, Սահմանադրության 84 հոդվածի համաձայն, կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում։ Կոնգրեսը խորհրդարանական ոչ իշխանական ուժերին կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը, իսկ արտախորհրդարանական ուժերին՝ աջակցել եւ հրապարակավ պաշտպանել այն»։

 

 
«ՏԱՇԻՐ»-Ը ՄՏՆՈՒՄ Է ԻՋԵՎԱ՞Ն

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանին, միջպետական ճանապարհին կից տարածքների օտարման հարցը: Որոշման նախագծով թույլատրվում է պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության տակ գտնվող Իջեւան քաղաքի Երեւանյան փողոց 51/4 հասցեում գտնվող 795.31, 384.54 եւ 297.74 քմ (ընդամենը 1477.59 քմ) մակերեսներով կիսակառույց շինությունները եւ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.2365 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձեւով օտարել Երեւանի բնակիչ Սամվել Իսկանդարյանին: Գույքի վաճառքի գինը սահմանվել է 13 միլիոն 488 հազար 39 դրամ, գնորդը պարտավոր է նաեւ վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.2365 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 526 հազար 61 դրամ: Ըստ այդ նախագծի՝ հանձնարարվում է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի վաճառքի գինը, ինչպես նաեւ հողամասի կադաստրային արժեքը եւ գույքի արժեքի որոշման համար նախատեսված 273 հազար 311 դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առքուվաճառքի պայմանագիր: Ըստ պետական գույքն օտարելու կառավարության որոշման նախագծի՝ գնորդ Ս. Իսկանդարյանը պարտավորվում է պայմանագիրը կնքելուց հետո՝ 20 ամսվա ընթացքում, կատարել 90 մլն դրամի ներդրում: Որոշման նախագծում նշված է, որ գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղվելու է պետական բյուջե, 30 տոկոսը՝ Իջեւան համայնքի ֆոնդային բյուջե:
Ո՞վ է Ս. Իսկանդարյանը, որ շուրջ 18 միլիոն դրամով գնելու է կիսակառույց «Իջեւանատուն» համալիրը եւ պարտավորվում է 20 ամսվա ընթացքում այնտեղ 90 մլն դրամի ներդրում կատարել: Իջեւանում նա հայտնի է որպես քաղաքապետարանի շենքի հարեւանությամբ գտնվող «Շանթ» սրճարանի սեփականատեր: Սակայն Իջեւանի մեր աղբյուրները նշում են, որ Ս. Իսկանդարյանի անունից իրականում գույքը ձեռք է բերում «Տաշիր» ընկերությունը: Հարց է ծագում. անցած տարիներին ինչո՞ւ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկել «Իջեւանատուն» համալիրի տարածքը՝ կիսակառույցներով հանդերձ, վաճառելու համար, ինչո՞ւ աճուրդով չի իրացրել այն: Նշենք, որ Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանին կից գտնվող, խորհրդային տարիներից կիսակառույց «Իջեւանատուն» համալիրի շինություններն անմխիթար վիճակում են: 1980-ականների վերջին կառուցված համալիրը պետք է դառնար ժողովրդական արհեստների կենտրոն:
2010թ. սեպտեմբերի 30-ին Իջեւանում՝ Տավուշի մարզպետարանում, կայացավ ՀՀ կառավարության արտագնա նիստ, ուր հայտարարվեց՝ «Իջեւանատուն» համալիրը կհանձնվի «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ այնտեղ քանդակի սիմպոզիումների ավանդույթը վերականգնելու համար: Ավանդույթը չվերականգնվեց, «Իջեւանատուն»-ն էլ ուղղակի ձեւով վաճառվում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս