ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե անչափահասի անվան կամ ազգանվան փոփոխումն ինչ կարգով է տեղի ունենում: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:
Հասմիկ Արոյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ դա տեղի է ունենում հետեւյալ կերպ.
1. մինչեւ երեխայի տասը տարին լրանալը նրա ծնողների համատեղ դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ինչպես նաեւ նրան տրված ազգանունը՝ մյուս ծնողի ազգանունով,
2. եթե ծնողներն ապրում են առանձին, եւ ծնողը, որի մոտ ապրում է երեխան, ցանկանում է նրան տալ իր ազգանունը, այդ հարցը լուծվում է՝ հաշվի առնելով մյուս ծնողի կարծիքը:
Մյուս ծնողի կարծիքը հաշվի առնելը պարտադիր չէ, եթե՝
1) հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը,
2) նա զրկված է ծնողական իրավունքներից,
3) նա դատարանի կողմից ճանաչված է անգործունակ,
4) նա, առանց հարգելի պատճառների, խուսափում է երեխային դաստիարակելուց ու պահելուց,
3) տասը տարին լրացած երեխայի անվան եւ (կամ) ազգանվան փոխումը կարող է կատարվել՝ հաշվի առնելով նրա կարծիքը:
«Լեգալ էքսպերտ» իրավաբանական
խորհրդատվության գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ներկայումս ավելի սակավ են պատահում անվանափոխության դեպքեր: Մինչդեռ, օրինակ, ավագ սերնդի ներկայացուցիչների գերակշիռ մասն ունի երկու անուն` մեկը՝ անձնագրով, մյուսը` ծննդականով: Ամեն դեպքում, կարծում ենք՝ այն անունը, որը տվել են ծնողները, եւ որով երեխան ստացել է սուրբ մկրտությունը, չարժե փոփոխել զուտ բարեհնչունության համար:
ՀԱՐՑ. Ես ունեմ 140 ձիաուժ ունեցող մարդատար ավտոմեքենա: Խնդրում եմ ասել, թե ինչ կարգով է հաշվարկվում այդ չափի ձիաուժ ունեցող մեքենաների համար գանձվող գույքահարկը:
Ստեփան Կիրակոսյան (48 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Կիրակոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի եւ նույն հոդվածի 4-րդ մասի դրույթներով: Ըստ այդմ՝ մինչեւ 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց՝ 300 դրամ, ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ 1000 դրամ: Մինչեւ երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով: Միաժամանակ, երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցանկալի է, որ յուրաքանչյուր քաղաքացի գործող կարգին ծանոթ լինի, բայց նկատենք, որ ներկայացված կարգը բավական խրթին է, եւ այս դեպքում անհրաժեշտ են որոշակի տնտեսագիտական ունակություններ՝ վերը նշվածը հասկանալու, վերլուծելու եւ կիրառելու համար: